Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ԲՐԵՆԴԸ «ԿՊԱՇՏՈՆԱԿԱՆԱՑՎԻ»

Հունվար 28,2009 00:00

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի դուդուկի երաժշտության միջազգային փառատոն

Տեղի-անտեղի հպարտանում ենք, որ մեր ազգային նվագարաններից դուդուկը, որը շարունակում է զարմացնել յուրահատուկ տեմբրով, դարձել է աշխարհի երաժշտական գանձերից մեկը, «պարտադրել» շատ կոմպոզիտորների, այդ թվում՝ Պիտեր Գաբրիելին, իր երկերում տեղ տալ դուդուկին, փորձել նվագարանի հնչողությունն օգտագործել տարբեր ստեղծագործական խնդիրներ լուծելիս: Սակայն առայժմ ոչ մեկի մտքով չէր անցել, որ ժամանակն է ի մի բերել ձեռքբերումները եւ Հայաստանում կազմակերպել միջազգային նշանակության փառատոն: Ոմանք կարող են ասել, որ 1998-ին խիստ տեղային նշանակության «Դուդուկն է նվագում Գյումրիում» փառատոն ենք անցկացրել, բայց սա փոքրամասշտաբ մի միջոցառում էր, որին չմասնակցեցին ոչ միայն աշխարհում այս գործիքի նկատմամբ վերաբերմունք ունեցող երաժիշտները, այլեւ՝ մեր անվանիներից շատերը: Ե՞րբ պիտի արժանվույն գնահատելով մեր ազգային նվագարանի համբավը՝ հիմնադրենք մի շքեղ փառատոն:

Այս հարցի մասին զրուցելու նպատակով «Առավոտը» հանդիպեց ՀՀ մշակույթի նախարարության տեղեկատվական-վերլուծական եւ հասարակության հետ կապերի կենտրոնի տնօրեն Եղիշե Խերանյանին: Նա տեղեկացրեց, որ միջնաժամկետ ծրագրով 2010թ. այլ միջոցառումների թվում ներկայացված է Հայաստանում դուդուկի միջազգային առաջին փառատոն անցկացնելու նախագիծը: «Տասնամյակներ շարունակ տարածաշրջանի մեր հարեւանները պնդում են, որ դուդուկն իրենց ազգային գործիքն է եւ այդ ուղղությամբ մեծ ծրագրեր են իրականացնում՝ կայքեր, գրքեր, գիտական հոդվածներ եւ այլն: Հայաստանում միջազգային փառատոնի անցկացումը նախ լուրջ քայլ կհանդիսանա բոլոր կեղծիքների դեմն առնելու, ճշմարտությունը հիմնավորված ներկայացնելու, ի վերջո, աշխարհին ցույց տալու դուդուկի՝ զուտ հայկական ժողովրդական նվագարան լինելու փաստը: Փառատոնը, համերգային ծրագրերով հագեցած լինելուց զատ, կունենա մի քանի բաղկացուցիչ մաս, օրինակ՝ կանցկացվեն գիտաժողով, քննարկումներ, երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, գրքի տեսքով կտպագրվեն գիտաժողովի զեկուցումները, ընդգրկելով վավերագիր փաստաթղթեր, լուսանկարներ եւ այլն: Կթողարկվի լազերային սկավառակ ինչպես հայ անվանի դուդուկահարների, այնպես էլ փառատոնի մասնակից երաժիշտների կատարումներով: Նախատեսված է նաեւ ֆիլմի նկարահանում: Միջոցառումները, Հայաստանից բացի, կընդգրկեն նաեւ Արցախն ու Ջավախքը»,- տեղեկացրեց Ե. Խերանյանը:

Ըստ մեր զրուցակցի՝ փառատոնի նպատակներից է նաեւ աշխարհում սփռված մեր դուդուկահարներին, ինչպես նաեւ՝ օտարազգի երաժիշտներին, Հայաստան հրավիրելը: Պարոն Խերանյանը ասաց. «Որոշ երկրներ նույնիսկ արհեստական բաներ են ստեղծում՝ իրենց անունն աշխարհով մեկ հնչեցնելու նպատակով: Մենք դրա կարիքը չունենք, դուդուկը կարող է դառնալ հայկական բրենդներից մեկը: Իհարկե, այն արդեն բրենդ է, իսկ փառատոնը վերջնականորեն կլուծի այդ հարցը՝ նվագարանը հայկական պաշտոնական բրենդ դարձնելով: Ի վերջո, մեր պետությունն այսօր կարեւորում է նաեւ տուրիզմի զարգացումը, ինչին փառատոնը անշուշտ կնպաստի: Հուսով եմ, որ ձեռնարկը կդառնա ավանդական՝ տարեցտարի ընդլայնելով շրջանակները: Նախաձեռնությունն ունի հեռահար նպատակներ. հետագայում անդրադառնալ ժողովրդական մյուս նվագարաններին նույնպես, որոնց հանդեպ էլ մեր հարեւանների կողմից կան ոտնձգություններ»: Դիտարկմանը, թե տրամաբանական է, որ պետությունը կհովանավորի այս փառատոնը, իսկ այն կունենա՞ աջակցություն առանձին մեծահարուստների կողմից, Ե. Խերանյանը պատասխանեց. «Ավելի քան համոզված եմ, որ գործարարների շրջանում նույնպես հետաքրքրություն կառաջանա եւ կլինեն ներդրումներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել