Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար 28,2009 00:00

Երեխաների մարդասպանը խոստովանել է

\"\"20-ամյա բելգիացի Կիմ դե Գելդերը խոստովանել է իր փաստաբանին, որ սպանել է երկու երեխայի եւ մի դայակի՝ Դերդեմոնդ քաղաքի մանկամսուրում։ Նա ձերբակալվել է ուրբաթ օրը, երբ պարզվել է, որ մսուր-մանկապարտեզում սպանվել է 3 հոգի՝ 9 ամսական աղջիկ, 6 ամսական տղա եւ 54-ամյա դայակը։ Մարդասպանը ներխուժել է մսուր-մանկապարտեզ՝ Բեթմենի մասին ֆիլմի հերոսներից մեկի դիմակով եւ դանակի հարվածներ հասցրել երեխաներին ու դաստիարակներին։ Այդպիսով, բացի սպանվածներից, կա նաեւ 13 վիրավոր։ Ըստ բելգիական դատախազության՝ դե Գելդերը կասկածվում է նաեւ հարեւան քաղաքում 73-ամյա կնոջ սպանության մեջ։ Մարդասպանը հրաժարվել է համագործակցել իրավապահների հետ եւ պատասխանել հարցերին, սակայն զրույց է ունեցել իր փաստաբանի հետ։ Վերջինս լրագրողներին հայտնել է, որ հանցագործի հետ ունեցել է կառուցողական զրույց՝ կյանքի եւ վերջին միջադեպի մասին։ «Դեռեւս գաղտնիք է մնում, թե ինչու է նա որպես զոհ ընտրել փոքր երեխաների,- ասում է փաստաբանը։- Ես զգում եմ, որ նա ցավում է կատարվածի համար։ Նա ինքն է այդպես ասում։ Նա ընդունում է նաեւ, որ իր արարքը անմարդկային է»։

Բելգիացիները ցնցված են կատարվածից եւ իշխանություններից պահանջում են բացատրել, թե ինչպես է մարդասպանը այդքան հեշտ մուտք գործել մսուր։ Անհանգստացած ծնողները կոչ են անում ուժեղացնել անվտանգության միջոցառումները մանկական հիմնարկներում։

«ՀԱՄԱՍ»-ը չի ուզում «բարիշել» 10 տարով

\"\"Անցած շաբաթ Իսրայելի «Ձուլածո արճիճ» ռազմական օպերացիայի ավարտից հետո Եգիպտոսը ակտիվացրել է իր միջնորդական ջանքերը Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ խաղաղություն կնքելու ուղղությամբ։ Սակայն հակամարտող կողմերը համաձայնության չեն գալիս նույնիսկ կրակի դադարեցման ժամկետի վերաբերյալ։ Իսրայելը սկզբում առաջարկել է խաղաղություն կնքել 10 տարով, այնուհետեւ՝ գոնե 1,5 տարով։ Բայց նույնիսկ այդ ժամկետը «ՀԱՄԱՍ»-ին երկար թվաց։ Այդ կազմակերպությունը համաձայն է միայն 1 տարվա խաղաղության եւ առաջ է քաշում մի շարք լրացուցիչ նախապայմաններ՝ շրջափակման վերացում, Գազայի սահմաններին անցակետերի բացում, պաղեստինցի կալանավորների ազատ արձակում։ «ՀԱՄԱՍ»-ի ղեկավարներից մեկն առաջարկել է նաեւ, որ անցակետերում ներկա լինեն օտարերկրյա դիտորդներ, օրինակ՝ թուրքեր։

Իսրայելում փետրվարի 10-ին անց են կացվելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որտեղ հաղթելու առավելագույն շանսեր ունի Բենիամին Նեթանյահուի ղեկավարած «Լիկուդ» կուսակցությունը։ Վերջինս խիստ քննադատության է ենթարկում ներկայիս իշխանություններին՝ ռազմական օպերացիան մինչեւ վերջ չհասցնելու համար։ Ըստ «Լիկուդ»-ի ներկայացուցիչների, նախորդ 1,5 տարվա զինադադարի ժամանակ «ՀԱՄԱՍ»-ը հնարավորություն ստացավ ստեղծել հզոր ռազմական ենթակառուցվածքներ՝ մաքսանենգ ճանապարհով ստանալով ժամանակակից զենք։ Այդպիսով, ըստ «Լիկուդ»-ի, վտանգ կա, որ այս անգամ էլ «ՀԱՄԱՍ»-ը հրադադարը կօգտագործի զինվելու նպատակով։

Մեսխեթցի թուրքերը գալիս են Ջավախք

\"\"Եթե Ջավախքը Վրաստանի ներկայիս վարած քաղաքականության պատճառով մնա առանց հայերի, ապա Հայաստանն ամբողջությամբ կհայտնվի թուրք-ադրբեջանական օղակի մեջ։ Այս մասին, ըստ «Ռեգնում» գործակալության, երեկ հայտարարել է Երեւանի պետհամալսարանի հայագիտական կենտրոնի ավագ գիտաշխատող Հայկազուն Ալվրցյանը։ Նրա խոսքերով՝ վրացական հատուկ ծառայությունների օրակարգում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցության խնդիրը, իսկ Հայաստանը դիտվում է զուտ որպես աշխարհագրական միավոր։ Ըստ Ալվրցյանի՝ վերջին շրջանում Ջավախքը բնակեցվում է մեսխեթցի թուրքերով. արդեն իսկ տեղափոխվել է 50 ընտանիք, իսկ ամեն մի ընտանիք թուրքերի մոտ կարող է բաղկացած լինել 50 հոգուց։ «Պետք չէ մոռանալ նաեւ, որ Իրանի տարածքում, Հայաստանի սահմանի մոտ, ապրում են մոտ 20 մլն թուրք ղզլբաշներ։ Արդյունքում՝ Հայաստանը կարող է վերջնականապես հայտնվել թուրք-ադրբեջանական շրջափակման մեջ»,- նշեց բանախոսը։

Ալվրցյանը ընդգծեց, որ Վրաստանի իշխանությունների կողմից վերջին շրջանում շատացել են սադրանքները, որոնք հիմնված են «հայկական սեպարատիզմի» մտացածին սպառնալիքի վրա։ Այդ կոնտեքստում նա նշեց Ախալցխայի Հայկական երիտասարդական կենտրոնի տնօրեն Գրիգոր Մինասյանի եւ «Շարլ Ազնավուր» բարեգործական կազմակերպության նախագահ Սերգեյ Հակոբջանյանի ձերբակալությունները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել