Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՔԱՅԱԿԱՆ ՓԱՍԻԱՆՆԵՐԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ՝ ԻՋԵՎԱՆՈՒՄ

Հունվար 28,2009 00:00

\"\"2007 թվականից սկսած՝ Իջեւան քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Գետահովիտ գյուղում, միջպետական մայրուղուց 100 մետր հեռավորության վրա փասիաններ են բուծում:

Փասիանները պահվում են «Գյուղական ձեռնարկությունների եւ փոքրածավալ առեւտրային գյուղատնտեսության զարգացման» շրջանակներում իրականացվող «Մրցակցային դրամաշնորհներ» ծրագրով: Ծրագրով նախատեսվում էր Եվրոպայից 3 տեսակի փասիանների (որսորդական, ոսկեփայլ եւ արքայական) եւ քարային կաքավների ներմուծում ու բազմացում՝ Տավուշի մարզում: Սա ամերիկյան ծրագիր է, ժամկետը 22 ամիս է, արժեքը՝ շուրջ $20 հազար, որը ներառում է թռչունների ձվերի արժեքը, կերը, դեղորայքը, ծրագրի խորհրդատուի աշխատավարձը եւ այլն:

Այստեղ թռչնաբուծությամբ հիմնական զբաղվողը, ինչպես ծրագրի բուկլետում է նշված՝ «հիմնական հավակնորդ» Լիա Քարտաշյանի ամուսին, Իջեւանի երկաթուղու աշխատակից Սամվել Ղազարյանն է:

Թռչունների խնամքի գործում նրան աջակցում են հայրը՝ Սեւան Ղազարյանը, եւ գետահովտցի թռչնաբույծ մի կին՝ Էմմա Դավթյանը: Մասնագիտական օգնությունն էլ ծրագրի շրջանակներում ցուցաբերում է թռչնագետ Արմեն Գալստյանը, ով փասիանաբուծության վերաբերյալ թեկնածուական թեզ է պաշտպանում: Սամվել Ղազարյանը գանգատվում է, որ փասիանների խնամքը շատ բարդ գործ է: Դրանք առանձնացված, ցանկապատված տարածքներում՝ վանդակային վիվարիումներում են պահվում, որպեսզի չփախչեն: Թեեւ մի քանի փախչողներ եղել են՝ թռչունները մի ցատկով կտրել են միջպետական ճանապարհն ու անհետացել: Փասիանները շատ մարտական բնավորություն ունեն, շարունակ իրար հետ կռվում են: Բավական է մի թռչուն վիրավորվի, արյունոտվի, մնացածները, արյան հոտն առնելով, հարձակվում, վիրավորին կտցահարում ու սպանում են: Նախկինում փասիանների ձվերի մի մասը հանձնել էին Աչաջուր գյուղում ինկուբատոր ունեցող մեկին (մեկ ձուն՝ 100 դրամ): Թեեւ մասնագիտական գրականության մեջ նշված է, թե մեկ փասիանը սեզոնին՝ գարնանը, 40-60 ձու է ածում, սակայն այստեղ՝ Գետահովտում, պահվող ամեն թռչուն հազիվ 20-ը ունեցավ:

Սկզբում Գետահովտում եւ Աչաջրում բուծվում էին մոտ 200 որսորդական փասիաններ: 2008-ի ամռանն այստեղ եվրոպական (ոսկեփայլ, արքայական) փասիաններ ավելացան, նաեւ չորս տասնյակից ավելի քարային կաքավներ: Որսորդական փասիանների ձվերը Ուկրաինայից են ներկրվել, եվրոպական փասիաններինը եւ քարային կաքավներինը՝ Հունգարիայից: Ինկուբացիան Գետահովտում եւ Աչաջրում է կատարվել: Ինկուբացիոն շրջանը 25-30 օր է տեւում: Սամվելի վկայությամբ՝ հաճախ 200 ձվից միայն 70 ճուտ է դուրս գալիս: Մաքսատներում մաքսային զննման ժամանակ եվրոպական փասիանների ձվերը ճառագայթահարվել են, որի հետեւանքով դրանց 90%-ից ճուտ դուրս չի եկել: Սպասում են Հունգարիայից ձվերի նոր խմբաքանակի: Թռչուններին ցույց տալով՝ Սամվելն ասում է. «Կեսից ավելին կոտորվեց: Սրանք նուրբ թռչուններ են, շուտ հիվանդանում են: Տարել եմ հանրապետական լաբորատորիա եւ այլ տեղեր: Հիվանդանում են, դեղեր-մեղեր տալիս ենք, սակայն անցած օրը սրանց մեջ նոր հիվանդություն սկսվեց»:

Ծրագրով նախատեսված է Տավուշի մարզում այս թռչունների բազմացում:

Փասիանների մի խմբաքանակ տվել են տարածքի մեկ այլ թռչնաբույծի, սակայն Սամվելը խուսափում է նրա անունը տալ եւ իր հերթին հարցնում է. «Ի՞նչ է, պիտի գրե՞ս»: Նա նաեւ խուսափում է իր կողմից խնամվող թռչունների ընդհանուր քանակը նշել, սակայն հավելում է. «Դեռ թռչունների փոխանակում էլ պիտի կատարեմ»:

Ծրագրի նպատակներից մեկն էլ «հասունացած մատղաշի՝ որպես դիետիկ սննդի եւ դեկորատիվ թռչնատեսակի իրականացումն է»: Նախատեսվում էր փասիանների բազմացումից հետո դրանց մի մասը, որպես դիետիկ սնունդ, հանձնել ռեստորաններին: Սակայն բազմացումը նախատեսվածի նման հաջող չի ստացվել եւ սննդի կետերին միս չեն իրացրել: Դուք համտեսե՞լ եք որեւէ փասիան կամ կաքավ՝ մեր հարցին Սամվելը պատասխանեց. «Կաքավ ոչ մեկս չի կերել, փասիան՝ սատկածներից ենք համտեսել»:

– Սատկածների՞ց,- տարակուսում եմ:

– Դե, սատկածը ո՞րն է, արդեն կկղել էին:

Արքայական փասիանները, իսկապես, արքայական տեսք ունեն: «Սեւ պտերովը մարիներն են, իսկ կարմրավուն, պոչը երկարները՝ աքլորները: Աշխարհի շատ երկրներում են տարածված, սակայն վայրի տեսակներին հնարավոր չէ ընտանի պայմաններում պահել»,- իր «սաներին» ներկայացնում է Սամվելը:

Նախատեսված էր նաեւ փասիանների մի մասին բաց թողնել ազատ բնության գիրկ՝ հարստացնել մարզի բնաշխարհը: Քանի՞ փասիան եք արձակել, հարցնում եմ Սամվելին: «Իբր ես գիտե՞մ, թե քանիսն էր, մեջը լցրին-տարան, եկել էին հարյուր հոգով: Մի պահ ասացին՝ բնության մեջ մի տարածեք: Բայց թե աշնանը արձակեցին: Իզուր ձմռան շեմին տարան, գնալու են՝ ցրտին կոտորվեն: Ես գարնանն եմ տանելու, հարմար տեղ գիտեմ, որտեղ կարող են ձվադրել, բազմանալ, որսորդներն էլ տեղը չիմանան-չկոտորեն»,- եղավ պատասխանը:

2009-ի սկզբին ծրագիրն ավարտվում է: Արդյոք շարունակելո՞ւ է փասիանների եւ կաքավների բուծումը: Սամվելն ուզում է շարունակել. «Պիտի պահենք, թեեւ, չարչարվելուց զատ, ոչ մի կոպեկի օգուտ չենք արել: Պարզապես այստեղ այս թռչունների խնամքի կարգին մասնագետ չկա: Ինչ-որ ասում են՝ տեսական բնույթ է, օգուտ չի տալիս: Կատարում եմ խորհուրդները, մեկ էլ տեսնում եմ՝ թըփ, չեղավ-չստացվեց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարի says:

    Բարև ձեզ,դուք սխալվում եք ,որ ասում եք Հայաստանում փասիանների լավ մասնագետ չկա,պարզապես ում պետք է նրան չեն հասել այդ հնարավորությունները,և այդ մասնագետը հենց Եևանում է:

Պատասխանել