Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թեժ գիծն» անհասանելի է

Հունվար 28,2009 00:00

\"\"Սպառող-արտադրող հարաբերություններն արդիական չեն

Եվրոպական շատ երկրներում, ինչպես նաեւ՝ Ռուսաստանում, զանգվածային սպառողականություն ունեցող արտադրատեսակների եւ հատկապես սննդային ապրանքների տուփերի վրա, բացի պարտադիր նշագրումից, նշվում է նաեւ անվճար «թեժ գծի» հեռախոսահամար, որի միջոցով սպառողը օրվա ցանկացած ժամի կարող է ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները, հայտնաբերած թերությունների հետ կապված կիսել իր դժգոհությունը, մասնավորապես՝ մարդկանց առողջությանը վնաս պատճառող, ժամկետանց սննդամթերքի կամ կեղծ արտադրանքի առնչությամբ: Մեր երկրում, թեեւ Սահմանադրության 31.1 հոդվածում ամրագրված է, որ «պետությունը պաշտպանում է սպառողների շահերը, իրականացնում օրենքով նախատեսված միջոցառումներ՝ ապրանքների եւ աշխատանքների որակի վերահսկողության ուղղությամբ», սակայն այսօր հայ սպառողն ապահովագրված չէ ժամկետանց կամ կասկածելի բաղադրության սննդամթերք գնելուց: Մեզ մոտ «անոմալիա» կա նաեւ արտադրող-սպառող հարաբերություններում. եթե այլ երկրներում «հաճախորդը միշտ ճիշտ է», ապա Հայաստանում՝ ընդհակառակը: Ասվածի վկայությունն է նաեւ այն, որ մեր արտադրողներն ու ներկրողները ոչ միայն ցանկություն չունեն «թեժ գծերի» ներդրման եվրոպական ուսանելի փորձը կիրառել, այլեւ շատ անգամ «այրում» են սպառողին իրենց հետ կապող բոլոր կամուրջները:

Դիտարկենք մեծ պահանջարկ ունեցող ալկոհոլային խմիչքների եւ շոկոլադի շուկան: «Առավոտը» երեկ մի քանի սննդամթերքի խանութներով շրջելուց հետո պարզեց, որ երկրի շուկայի զգալի մասին բավարարող արտադրանքներ կան, որոնց տուփերի վրա սպառողին հետաքրքրող ոչ մի նշագրում չկա: Հայտնի ընկերություններից մեկի արտադրած «թռչնի կաթի» տուփի վրա առկա է միայն արտադրողի հասցեն: Այնտեղ բացակայում է ոչ միայն այդքան բաղձալի «թեժ գիծը», այլեւ նշված չէ նույնիսկ մեկ հեռախոսահամար, էլ չենք ասում պիտանելիության ժամկետի ու բաղադրության մասին: Ստացվում է, որ անորակ ապրանք թողարկելու դեպքում, հեռավոր մարզերում ապրող սպառողը դժգոհությունն արտահայտելու եւ իր խախտված իրավունքները պաշտպանելու համար ստիպված պետք է անձամբ ներկայանա արտադրողին կամ ներկրող ընկերությանը, քանի որ նշված չէ «թեժ» հեռախոսահամարը, ինչի օգնությամբ կստանար հուզող հարցի պատասխանը: Արտադրողի հեռախոսահամարն իմանալու համար խանութի վաճառողուհին կատակով խորհուրդ տվեց. «Գնումներն արեք «բլոկով», միայն մեծ արկղի վրա է գրված հեռախոսահամարն ու այլ նշումներ»:

Մի քանի ընկերությունների զանգելուց հետո (նրանց անունները չենք նշում՝ «գործարար համբավը» չվնասելու նպատակով- Գ.Բ.) պարզվեց, որ մինչեւ առավոտյան ժամը 11-ը հեռախոսներին պատասխանող չկա, հայտնի չէ՝ հեռախոսավարները «տարվել» էին սուրճո՞վ, թե՞ նրանց աշխատանքն էր ուշ սկսվում: Մեր զանգերին արձագանքեց միայն «Գրանդ Քենդի» ընկերության տնօրենի գործավարուհին: Նա մեզ փոխանցեց արտադրանքի որակի գլխավոր մասնագետ Էդիկ Մելիքյանի հեռախոսահամարը, սակայն նրան այդպես էլ աշխատասենյակում «չբռնացրինք» ու մեզ հետաքրքրող հարցին պատասխան չտրվեց: Նշենք, որ, բարեբախտաբար, մինչ օրս Հայաստանում ոչ ոք քաղցրավենիքի որակից առողջությունը չի վնասել, սակայն սպառողը երաշխավորված չէ, որ օրերից մի օր նման դեպք չի լինի, մանավանդ որ, նմանատիպ դժբախտ դեպքերից ապահովագրված չեն նույնիսկ զարգացած երկրների սպառողները: Վերջերս Չինաստանում մանկական կերի մեջ մելամին կոչվող տոքսիկ նյութի՝ թույլատրելի չափից շատ օգտագործման արդյունքում մահացավ 3 երեխա, եւս 300 հազարը սննդային թունավորում ստացավ եւ տեղափոխվեց հիվանդանոց: Մեր Քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվություն է նախատեսում սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների թողարկման, իրացման համար՝ 2-10 տարվա ազատազրկում (հոդված 279):

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ-ի նախագահ Աբգար Եղոյանն էլ «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ 2008-ին իրենք ոչ մի դատական գործ չեն ունեցել, քանի որ հարցը «ներքեւներում» է լուծվել: Նրա պարզաբանմամբ՝ եթե քաղցրավենիքի տուփը չի գերազանցում 10 քմ-ն, հեռախոսահամարը կարող է գրանցված լինել նաեւ ընդհանուր արկղի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել