Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԵՐԵՍՈՒՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ

Հունվար 28,2009 00:00

\"\"Ոստիկանության փոխգնդապետն իրեն մեղավոր չի ճանաչում

Անցյալ տարվա հուլիսի 4-ին ՀՀ ազգային անվտանգության գլխավոր վարչությունը միջնորդությամբ դիմեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ Աբովյանի ոստիկանության քննչական բաժանմունքի քննիչ Սեւակ Խաչատրյանի նկատմամբ արտաքին եւ ներքին դիտման օպերատիվ միջոցառումներ իրականացնելու թույլտվության որոշում ստանալու համար: Դատարանը դռնփակ դատական նիստում բավարարեց հակահետախուզական գլխավոր վարչության միջնորդությունը: Հուլիսի 7-ին ԱԱԾ-ն նոր միջնորդությամբ դիմեց դատարան՝ այս անգամ Սեւակ Խաչատրյանին գաղտնալսելու, ձայնագրելու եւ տեսանկարահանում իրականացնելու համար: Դատարանը դռնփակ նիստով «հարգեց» եւ այդ միջնորդությունը: Սակայն Սեւակ Խաչատրյանի հետ գաղտնալսվեց, տեսանկարահանվեց եւ ապա կալանավորվեց Կոտայքի քննչական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Վիկտոր Պապյանը (նկարում): Վերջինս անցյալ տարվա հուլիսի 9-ից գտնվում է ԱԱԾ մեկուսարանում: Նա չի ընդունում իր դեմ կատարվածը:

Վ. Պապյանը 1991-2008թթ. աշխատել է ՀՀ քննչական վարչության համակարգում: Իր աշխատած տարիներին խրախուսվել է բազմաթիվ անգամ, վերջին պարգեւատրումն անցյալ տարվա հունիսի 9-ին էր, երբ նա ՀՀ ոստիկանապետի կողմից պարգեւատրվել է «Քննչական գլխավոր վարչության 45-ամյակ» կրծքանշանով: Աշխատանքային 27 տարիների ընթացքում որեւէ կարգապահական տույժի չի ենթարկվել:

Փոխգնդապետ Վ. Պապյանի գործն անցյալ տարվա դեկտեմբերի 22-ից գտնվում է Հյուսիսային քրեական դատարանում:

«Առավոտի» տեղեկություններով՝ նրա պաշտպանությունը ստանձնել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վաղարշակ Գեւորգյանը:

«2008 թ. հուլիսի 7-ի առավոտյան ներկայացել եմ աշխատանքի: Կեսօրին անցկացրել եմ բաժանմունքի քննիչների խորհրդակցություն, որն ավարտվել է ժ.16.30-ի սահմաններում: Ժամը մոտ 17-ին հանդիպել եմ քննիչ Սեւակ Խաչատրյանի վարույթում գտնվող քրեական գործով մեղադրյալի օրինական ներկայացուցիչ Զիրավարդ Պռազյանին, որն ինձնից հարցրել է քննիչի գտնվելու տեղը: Հաշվի առնելով, որ Ս. Խաչատրյանը տեղում չէ, քաղաքավարությունից դրդված նրան հրավիրել եմ իմ աշխատասենյակ՝ մինչեւ քննիչի հայտնվելը»,- ասել է Վ. Պապյանը: Վերջինիս մտքով իսկ չի անցել, որ այդ պահին իրեն գաղտնալսում են, նկարահանում, ձայնագրում, այն էլ՝ առանց դատարանի թույլտվության: Նախաքննության ժամանակ նա այդպես էլ չի ծանոթացել գաղտնալսման ձեռքբերումների հետ: Իսկ ձեռքբերումն այն էր, որ տիկին Պռազյանը դիմել էր հատուկ ծառայությանը, թե իր տղայի գործով քննիչները կաշառք են ուզում: Վ. Պապյանն իր ցուցմունքում գրել է. «Որոշ ժամանակ անց գնացի Ս. Խաչատրյանի աշխատասենյակ: Համակարգչում այլ գործով ուղղումներ անելիս նկատեցի, որ աշխատասենյակ մտան մեզ անծանոթ 2 քաղաքացիներ՝ ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակիցներ: Նրանք առաջարկեցին նստել ու չշարժվել: Նրանց միացան եւս 7-8-ը, որոնցից մեկն առաջարկեց Ս. Խաչատրյանին՝ ներկայացնել քիչ առաջ տիկին Պռազյանից ստացած $5000 գումարը: Ս. Խաչատրյանը հայտնեց, որ որեւէ մեկն իրեն գումար չի տվել: 1 ժամ տեւած խուզարկության արդյունքում Ս. Խաչատրյանի բազմոցի միջից հայտնաբերվեց նշված գումարը»: Սակայն, երբ ստուգվում են պետի ու քննիչի հագուստներն ու ձեռքերը, պարզվում է, որ Վ. Պապյանի վրա որեւէ հետք չկա: Ինչը, սակայն, չի խանգարում, որ նրան ուղեկցեն ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Կաշառք վերցնելու մեղադրանք է առաջադրվել եւ Վ. Պապյանի նկատմամբ: Քննչական գործողությունների ժամանակ՝ հուլիսի 9-ի գիշերը առերեսում է սկսվել Զ. Պռազյանի եւ Վ. Պապյանի միջեւ: Ուշագրավ է, որ առերեսումն ընդհատվել է ուշ լինելու պատճառով, հաջորդ օրը վերսկսվելու պայմանով, սակայն այդպես էլ առերեսումը չի ավարտվել: «Ինձ համար խիստ անհասկանալի է, թե քննիչն ինչ իրավունքով է իր կողմից կիսատ թողած առերեսումը հետագայում դիտել որպես ապացույց»,- ասում է քննչականի պետը:

Ի դեպ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտարարել էր, թե կան գաղտնալսումներ, թե իբր Զ. Պռազյանը դեպքի օրը $5000 է առաջարկել Վ. Պապյանին, որն ասել է. «Գումարը թող Ս. Խաչատրյանի մոտ»: «Ամիսներ անց, երբ ինձ տրամադրվեցին Զ. Պռազյանի եւ իմ գաղտնալսումները, դրանցում իսպառ բացակայում էր հիշատակված «իմ հանցանքը» հիմնավորող նշված ապացույցը: Գաղտնալսումներում չկար անգամ դրան մոտ միտք, որը կհաստատեր իմ մեղավորությունը»,- ասում է Վ. Պապյանը: Վերջինս մտադիր է դատարանում անդրադառնալ իր դեմ սարքած գործի մանրամասներին, որի մասին նա իրազեկել է նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: Վ. Պապյանն ուզում է դրանով իր բարի համբավը վերականգնել, հասնել այն բանին, որ իր նկատմամբ դադարեցվի ապօրինի հետապնդումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել