Գյումրիում բողոքի ակցիաները չեն դադարում
Սկսենք նրանից, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքներն արդեն հասել են Գյումրի: Հանրապետության այս քաղաքում ոչ միայն կտրուկ նվազել են արտերկրից ու Ռուսաստանից ուղարկվող տրանսֆերտները, այլեւ ժամանակավորապես փակվել են Գյումրիի առանց այն էլ հատուկենտ աշխատող գործարանները: Մեր լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ՝ այս պահի դրությամբ դադարեցվել են ռուսական «Բիզնես-կենտրոնին» պատկանող «Քարհատ մեքենա» գործարանի աշխատանքները: Գործարանի տնօրինությունը աշխատակիցներին մինչեւ մարտ ամիսը հարկադիր պարապուրդի է ուղարկել: Գործարանի հումքը՝ քարի մշակման հաստոցները, իրացվում էր Ռուսաստանում, իսկ այժմ՝ կապված տնտեսական ճգնաժամի հետ, այլեւս պահանջարկ չկա: Նույն վիճակում է հայտնվել նաեւ Գյումրիի «Անալիտիկ սարքերի գործարանը», որի շուկան եւս Ռուսաստանում է:
Չնայած այս քաղաքը գործազուրկների եւ անօթեւանների թվով հանրապետությունում առաջին տեղն է զբաղեցնում, կառավարությունը սկսել է նեղել, այսպես ասած, օրվա հաց վաստակողներին: Մի քանի օր առաջ՝ «Գրողի ծոցն անցնեն ՀԴՄ-ները» կարգախոսով մի մեծ բողոքի ակցիա էր Գյումրիի կենտրոնական շուկայի տոնավաճառներում: Առեւտրականները զայրացել էին իրենց կարգի հրավիրող, «օրենք» քարոզող ղեկավարներից: «Եթե էդքան դուխով եք, ապա առաջին հերթին տոնավաճառների սեփականատերերին կարգի հրավիրեք, 24 աստիճան ցրտին շունը չի դիմանա, մարդը ո՞նց կդիմանա: Մեր կրպակներում հենց էդ ջերմաստիճանն է, նույնիսկ մի կետ չկա, որ պլիտա վառենք՝ ձեռքներս տաքացնենք: Սակայն տարածքի վարձը օր օրի թանկացնում են, շուկայում կանգնողներից շատերը սեփականատիրոջ էդքան մեծ ախորժակի պատճառով իրենց գործից հրաժարվում են: Եթե մենք բերենք ու էս ցրտին ՀԴՄ տեղադրենք ու անմիջապես փչանա, սխալ թվեր խփի, ո՞վ պիտի պատասխան տա»,- զայրացել էին «Պինգվին» ՍՊԸ-ին պատկանող տոնավաճառի որոշ աշխատակիցներ:
Երեկ էլ մարզպետարանի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել Գյումրիի կենտրոնական շուկայի «բիրժեվիկները»: Ոստիկանները վաղ առավոտյան նրանց հայտնել էին տարածքը ընդմիշտ լքելու, աշխատատեղը փակելու «գույժը»: Իհարկե, ոստիկանների այս անգամվա նախազգուշացումը ծեծուջարդով չէր ուղեկցվել, բայց բավականաչափ խիստ տոնայնությամբ էր հնչել:
Հիշեցնենք, որ ամռանը ոստիկանության հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը «սպանդ» էին կազմակերպել Գյումրիի նույն շուկայում. դրամաշորթությամբ զբաղվող իրենց մի քանի կոլեգաներին ձերբակալելու համար ջարդուփշուր էին արել տաղավարների ապակիները, ծեծել էին կանանց ու անցորդներին, տարադրամի փոխանակմամբ զբաղվողներին քարշ էին տվել մայրաքաղաք ու բռնագրավել էին նրանց մոտ եղած գումարները: Երեկ մեզ հետ զրույցում բիրժայի մոտ 50 աշխատակից դժգոհեցին. «Մենք հո հանցագործ չենք, որ մեզ հետ էսպես վարվեն, ոչ գող ենք, ոչ նարկոման, ոչ խուլիգան, չէ՞ որ կա ՀՀ Սահմանադրություն, որն ասում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ընտրել իր աշխատանքի ձեւը: Բոլոր գործարանները լափեցին, քաղաքը սովի մատնեցին, հիմա մեզանից ի՞նչ են ուզում: Հետաքրքիր է, որ սովից մեռնենք՝ էս մեր ղեկավարները վատ չեն զգալո՞ւ: Փոխանակ շնորհակալ լինեն, որ մենք մեր քրտինքով աշխատատեղ ենք ստեղծում, պետության վզին չենք նստում, աղքատության նպաստ չենք մուրում, ընկել են մեր հետեւի՞ց: Խոպան էլ չեն թողնում գնանք, խոպանչիներն են հետ դառնում, խնդրեմ, հարյուր հազարներով հետ են եկել, ի՞նչ անենք՝ չգիտենք: Գողություն անե՞նք: Մեզ ասում են՝ ձեր գործը անօրինական է, բայց էդ ո՞ր օրն ենք խուսափել հարկային դաշտ մտնելուց: Պատկերացրեք, որ վաղը, մյուս օր մենք կարգին թոշակ էլ չենք ստանալու, որովհետեւ աշխատավարձ չունենք:
Մենք գիտենք, որ մեր դեմ պարբերաբար բողոք ներկայացնողները տարադրամի կետերի փողատերերն են: Բայց եթե փող ունենայինք, մենք ինքներս տարադրամի փոխանակման կետեր կդնեինք: Որպեսզի մի քանի օլիգարխի բիզնեսը զարգացնեն, տարադրամի փոխանակման կետերի սեփականատերերի գրպանը լցնեն, մեզ հարկադրում են այլեւս փողոցներում չկանգնել: Իբրեւ թե շատ մի հաճելի է Գյումրիի դաժան ցրտին, ոտք ու ձեռք սառեցնելով, փողոցում գործ անելը: Կամ էլ քշում են քաղաքից դուրս՝ Սեւերսկի թաղամաս, էնտեղ շնե՞րը պիտի դոլար առնեն: Մենք բոլորս էլ կիրթ մարդիկ ենք, ինժեներ, դասախոս, ինչ մասնագիտության տեր մարդ ասես՝ մեր մեջ չկա, մեր խնդրանքը երկրի նախագահին՝ հետեւյալն է. մի ճար գտեք, մեր բիզնեսը օրինականացրեք, մեզ հարկատու դարձրեք, այլապես գյումրեցու սովից մեռնելը ձեզ պատիվ չի բերում: Նորից ենք կրկնում՝ մենք հարկերից խուսափող չենք, չէ՞ որ մենք ենք մի քանի անգամ առաջարկել մտնել հարկային դաշտ: Մեր բիզնեսը հասարակությանը վնաս չէ»:
«Բիրժեվիկները» վաղվանից չեն գնա աշխատանքի, քանի որ վախենում են, թե ոստիկանները հերթական անգամ կգան ու ապօրինաբար կխլեն իրենց մոտ եղած փողերը: Մինչդեռ, ըստ նրանց, շատերը փողը վերցնում են շահով՝ օրական առավելագույնը 2-3 հազար դրամ աշխատելու նպատակով: Նրանք երեկ եղել էին Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի մոտ, որը խոստացել է հարցը բարձրացնել վերեւներում ու լուծում գտնել: «Բիրժեվիկները» մարզպետի պատասխանի հետեւից կգան վաղը, ամենայն հավանականությամբ՝ մի նոր բողոքի ակցիա էլ կկազմակերպեն վաղը: