Հայտարարում են իրացման գոտու բնակիչները
«Այլեւս չհամարձակվեք այստեղ հավաքվել, գնացեք ուրիշ տեղերում ցույց արեք»: Երեկ այսպիսի հրահանգով ոստիկանները փորձում էին «ցրել» ՀՀ նախագահի նստավայրի մոտ հավաքված իրացման գոտու բնակիչներին: Ցուցարարների խոսքերով՝ ոստիկաններն իրենց ահաբեկում ու սպառնում էին ուժ գործադրել, եթե այսուհետեւ կրկին հավաքվեն նախագահի «քթի տակ» ու խանգարեն նրան: Նախագահի հանգիստը ցուցարարներից պաշտպանում էին նաեւ օմօնականները, որոնք մոտ 100 մետր հեռավորությունից հսկում էին ցուցարարներին: «Մենք միշտ խաղաղ ցույց ենք արել, ոչ մի հրմշտոց, կռիվ-ղալմաղալ չենք արել: Մեր իրավունքներն ենք պաշտպանում եւ պահանջում ենք, որ երկրի իշխանությունները՝ հանձին Սերժ Սարգսյանի, կատարեն իրենց խոստումը եւ մեր խնդիրներին լուծում տան»,-«Առավոտին» ասաց իրացման գոտու բնակիչներից մեկը: «Սեփականության իրավունքի պաշտպանություն» հ/կ նախագահ Վաչագան Հակոբյանի ներկայացմամբ՝ նախորդ ցույցի ժամանակ իրենց խոստացել էին, որ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը կլսի բնակիչների դժգոհությունները. «Սակայն այս անգամ էլ մեզ խաբեցին, եւ, ինչպես միշտ, մեզ հետ զրուցեց միայն նախագահի վերահսկողության վարչության աշխատակից Գոռ Դարբինյանը, որն էլ ասաց, թե նախագահը հայտարարել է, որ կենտրոնի հարցը փակված է ու վերջ»:
Նշենք, որ այս անգամ ցույցին էին միացել նոր իրացման գոտու՝ Նար-Դոսի, Խորենացու եւ Զավարյան փողոցի բնակիչները: Նար-Դոսի բնակիչներից մեկի խոսքերով՝ «Ինչ լսել եմ իրացման մասին՝ փորձում եմ սեփականացնել իմ տան հարակից օժանդակ կառույցները, սակայն կադաստրը անընդհատ ձգձգում է, իսկ ժամանակ քիչ է մնացել: Բացի այդ, անկախ գնահատող եմ հրավիրել, որ գոնե կառուցապատողի պատվիրատուն չլինի եւ ճիշտ գնահատի, սակայն ոչ ոք չի գալիս, վախենում են զրկվել իրենց գործից: Մենք համոզվեցինք, որ Հայաստանում բռնապետություն է, ֆաշիստական ռեժիմ: Թող ծեծեն, ջարդեն, միեւնույն է՝ պայքարելու ենք»:
Վ. Հակոբյանի խոսքերով. «Իշխանությունների վերաբերմունքը մեր նկատմամբ գնալով ավելի է սաստկանում: Մենք ընդամենը մեր իրավունքն ենք պաշտպանում եւ կարծեմ չկա օրենք, որով արգելվի նախագահի նստավայրի մոտ ցույց անել, հատկապես, եթե ոչ մի անկարգություն չենք անում»: