Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԱՌԵՎՏՈՒՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՉԷ

Հունվար 28,2009 00:00

\"\"Ավտոմեքենաների բիզնեսով զբաղվողները վստահ են, որ նոր ավտոշուկան ապագա չունի, քանի որ շուկան վերահսկողները իրենց «հայավարի» կպահեն՝ մեքենաներից մասեր կհանեն ու գնորդից հավելյալ գումար կգանձեն:

Մայրաքաղաքի Նուբարաշենի խճուղում գտնվող ավտոշուկան շուտով կդադարի գործել եւ կտեղափոխվի Երեւան-Աբովյան մայրուղուն հարակից տարածքում ներկայումս բարեկարգվող 5 հա զբաղեցնող վայրը: Այս մասին արդեն տեղեկացրել են ավտոշուկայում մեքենաների առք ու վաճառքով զբաղվող առեւտրականներին: «Առավոտի» հետ զրույցում վերջիններս հավաստիացրին, որ իրենց ասել են նաեւ, թե նոր վայրում մեքենաների վաճառքն այլ ձեւով է իրականացվելու: Նոր ավտոշուկայում մեքենան իրացնելու համար, ավտոմեքենայի տերը պետք է շաբաթական 10 հազար դրամ վճարի, բացի այդ, մեքենայի վաճառքով զբաղվելու է ոչ թե դրա տերը, այլ շուկայի իրացման գծով մենեջերը: Մեզ հետ զրույցում առեւտրականները դժգոհեցին, որ իրենց մեքենան նույնիսկ ամիսներով կարող է կանգնած մնալ այդ շուկայում եւ չվաճառվել, իսկ իրենք էլ անտեղի ամեն շաբաթ գումարներ կծախսեն: Նշենք, որ նման ավտոշուկաներ գործում են գրեթե բոլոր եվրոպական երկրներում, սակայն, այս բիզնեսով զբաղվողների կարծիքով, այն Հայաստանում չի կարող գործել նույնքան քաղաքակիրթ ձեւով, որքան, ասենք, Գերմանիայում, Ամերիկայում կամ Դուբայում: Ավտոշուկայի առեւտրականներից մեկը, որը մեզ հետ զրույցում ներկայացավ որպես Արտաշ Մանասյան, դժգոհեց, թե ոչ մի երաշխիք չկա, որ նորմալ վիճակով մեքենան ավտոշուկա տանելուց հետո՝ այն քո ուզած գնով կվաճառվի կամ անվնաս կմնա. «Ասենք թե մեքենան տարանք-կանգնեցրինք այդ շուկայում: Ինչքանո՞վ կարող եմ վստահ լինել, որ իմ ավտոմեքենայից որեւէ մաս չեն հանի»: Մեկ ուրիշն էլ հավելեց. «Բա որ ավտոների վրա, բացի մեր վաճառքի գնից, գումար ավելացնեն, ու մեր մեքենան տարիներով մնա կանգնած, ի՞նչ ենք անելու: Հետո էլ մենք առնողի հետ հարմարվում ենք, գին ենք իջեցնում կամ մաս-մաս վճարումով ենք մեքենան վաճառում, որ կարողանանք գործ անել ու մեր փողը չքնացնել: Էստեղ հազար հոգի մարդ կա, որ վարկով մեքենա են գնել, որ մի 2 կոպեկ փող աշխատեն: Բա նրանք ո՞նց վարկի տոկոսները փակեն ու ձեռքները ծալած սպասեն, թե երբ իրենց մեքենան կծախվի»: Բացի այդ, այս բիզնեսով զբաղվողներին անհանգստացնում էր նաեւ այն, որ, ըստ Պետական եկամուտների կոմիտեում քննարկվող հայեցակարգի, շուտով օգտագործված մեքենաների ներմուծման ժամանակ, բացի սահմանի վրա վճարվող մաքսատուրքից, ներկրողները պետք է նաեւ ավելացված արժեքի հարկ վճարեն. «Ինչ-որ մարդկանց շահի համար պետությունը գնում է այնպիսի քայլի, որ մենք չկարողանանք զբաղվել այս բիզնեսով»:

Այս առնչությամբ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ահարոն Չիլինգարյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ բիզնեսի նպատակով բերվող ավտոմեքենաների շուկան Հայաստանում մինչ այժմ կանոնակարգված չէր, եւ, օգտվելով այդ բացից, խոշոր բիզնեսի ներկայացուցիչները ավտոմեքենաները գրանցելով տարբեր մարդկանց անուններով՝ ներմուծում էին նաեւ մեծ քանակությամբ նոր մեքենաներ եւ իրացնում դրանք: Նրա խոսքերով. «Դրանից ելնելով՝ օրենքում փոփոխություններ կատարվեցին, որ եթե մեկ տարվա ընթացքում մարդը մեկ մեքենայից ավելի է ներմուծում, ապա, երկրորդից սկսած, պետք է պետությանը ավելացված արժեքի հարկ վճարի: Սարսափելի բան չէ, բոլորն էլ պետք է հարկեր վճարեն, քանի որ այս պետությունն էլ ծախսեր ունի անելու: Եթե գործարարները մի քիչ ավելի գրագետ գործեն, ապա կարող են ազատ շարունակել իրենց գործունեությունը»: Ի պատասխան մեր այն հարցին, թե արդյո՞ք դա չի հանգեցնի նրան, որ ներկրվող ավտոմեքենաների գները թանկանան, Ա. Չիլինգարյանն ասաց. «Չէ՞ որ բոլոր հարկերն էլ վճարվում են գնի հաշվին: Թող թանկանա, հացի գինը չի՞ թանկանում: Թող մի փոքր էլ ավել գնով վաճառվեն: Սակայն եթե նրանք գրանցվեն եւ դառնան անհատ ձեռներեց, ապա մաքսատուրքը կհաշվանցվի եւ վաճառքից հետո այդ գումարը դուրս կգա: Եթե, ասենք, ներկրողը $1800 է վճարել սահմանին, ապա $10 հազար արժողությամբ մեքենայի վաճառքից հետո նա կվճարի ընդամենը $200 ավելացված արժեքի հարկ»:

Նշենք նաեւ, որ փողոցներում երթեւեկող բոլոր այն ավտոմեքենաները, որոնց վրա գրված կլինի՝ «վաճառվում է», դրանց տերերը կտուգանվեն 20 հազար դրամով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել