Լրահոս
Օրվա լրահոսը

«7-ի» գործն ապագա չունի

Հունվար 28,2009 00:00

\"\"ՍԴՀԿ ԿՎ քաղաքական գծով խորհրդատու Գուրգեն Եղիազարյանի կարծիքով՝ շուտով 7-ից 2-ը կմնան

«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Համմարբերգին. նա Եվրոպայից եկածներից այն եզակիներից է, ով տարբեր բաներով չի գայթակղվում եւ պահում է իր՝ մարդու եւ քաղաքացու կերպարը: Եվրոպացու մեր պատկերացումներում մենք պետք է ունենանք այդպիսի մարդկանց կերպարը, ոչ թե մյուս եկող-գնացողներինը»,- կարծում է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության քաղաքական գծով խորհրդատու Գուրգեն Եղիազարյանը: Անդրադառնալով վերջերս իր եւ եւս երեք ընդդիմադիր լիդերների նկատմամբ հարուցված գործերի՝ բավարար ապացույցների բացակայության հիմքով կարճմանը, Գուրգեն Եղիազարյանն ասում է. «Որքան որ 7-ից ավելի լիներ թվաքանակը, դատարանն այնքան ծանրագույն վիճակի մեջ էր ընկնելու: Ապա մեզ հետ հանդիպելուց հետո պարոն Համմարբերգը ծանոթացավ մի շարք գործերի հետ, իմ կարծիքով՝ նա հարց բարձրացրեց, որ դրանք ծիծաղելի են: Ցավոք, ամբողջ հատորներին նա չէր կարող ծանոթանալ»: Մեր զրուցակցի կարծիքով՝ «7-ի» գործը սկսվեց այն պահից, երբ մարտի 1-ին Երեւանի կենտրոնում զոհվեց առաջին անմեղ քաղաքացին. «Այն ավելի ծավալուն պետք է լիներ, 7-ով չպետք է սահմանափակվեին: Այդ գործով պետք է անցնեին բոլոր նրանք, ում վրա հարուցվեց 300 հոդվածը՝ իշխանության յուրացում, մոտ 30 մարդ»: Իսկ ի՞նչը փոխվեց, որ մնացին 7-ը՝ «Առավոտի» հարցը մեր զրուցակիցն այսպես պարզաբանեց. «Նրանք չէին պատկերացնում, որ հնարավոր է կալանավորել շուրջ 165 մարդու, եւ չեն գտնվի խամաճիկներ, որոնք անմեղ մարդկանց դեմ ցուցմունքներ կտային: Տասն ամիս պահելով՝ նրանք տղաների դեմ այնպիսի ցուցմունքներ ունեն, որ նույնիսկ անհարմար են զգում հրապարակել: Ցուցմունք, որպես այդպիսին, լինել չէր էլ կարող, որովհետեւ մեր կողմից իշխանության յուրացում չէր եղել»: Վերհիշելով մարտիմեկյան դեպքերը՝ Գուրգեն Եղիազարյանը պատմում է. «Ես, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը եւ մյուսները պահում էինք մարդկանց, որ առաջ չգնան, հասկանալով, որ գնան՝ զոհվելու են: Մարդիկ նույնիսկ անպատվում էին մեզ, որ իրենց թույլ չէինք տալիս գնալ կրակոցներին ընդառաջ եւ պարզել, թե այնտեղ ինչ է կատարվում: Ո՞ւր են ձայնագրությունները, որտեղ պարզ երեւում է, թե ինչ են հայտարարում Նիկոլ Փաշինյանը, Խաչատուր Սուքիասյանը եւ մնացածը. վերացվել են, իսկ այն, ինչ հրամցվում է այսօր, ծիծաղելի լինելուց զատ՝ իշխանության դեմ է խոսում: Պատկերացրեք մի երկրի նախագահի, որը պարբերաբար կալանավայրեր է ուղարկում մեծ ու փոքր տարբեր պատվիրակությունների, որոնք ճնշումներ են գործադրում, որպեսզի կալանավորը երկու տող գրի, իրենից ներողություն հայցի»: Իսկ հատկապես ի՞նչ ճնշումների մասին է խոսքը: «Օրինակ, պարբերաբար ճնշումների են ենթարկում նույն խցի ուրիշ կալանավորների, որպեսզի նրանք ասեն՝ դե, գրի, գնա տուն, մեզ էլ հանգիստ թողնեն: Դա այսօր ապացուցելու բան չի, բայց վաղը կապացուցվի: Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ «մարտի 1-ով» անցնողներին առաջադրված 300 հոդվածն (իշխանության յուրացում-Ն. Գ.) ուղիղ նախագահի հոդվածն է եւ էլի 200 կիսամարդու, որոնց գերիներն ենք բոլորս»: Մեր զրուցակցի համոզմամբ՝ «7-ի» գործը ոչ մի ապագա չունի. «Աստիճանաբար կմնան 6-ը, 5-ը,… բայցեւայնպես նվազագույնը երկու հոգու վրա «կջարդեն» 300 կամ 225 հոդվածները»:

Անդրադառնալով կալանքի տակ գտնվողների հոգեբանական վիճակին՝ Գուրգեն Եղիազարյանը հիշում է. «ԱԱԾ շենքի տանիքում մեզ ամեն օր հանում էին մեկժամյա զբոսանքի: Այդ ընթացքում այդ վանդակի ներսում թեւածում էր հայրենասիրական երգը: Նույնն է նաեւ դատարանի դահլիճում: Տղաները հայրենասեր են եւ պինդ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել