Երեկ առավոտյան ասուլիսի ընթացքում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը հայտարարեց, թե այդպես էլ Հայաստանի իշխանություններից պատասխան չի ստացել, թե ինչ են արել՝ գտնելու համար այն մարդկանց, ովքեր սպանություններ են կատարել 2008-ի մարտի 1-2-ին: «Ես շատ անհանգստացած եմ այն ամենով, ինչ Հայաստանում կատարվեց անցած տարվա մարտին: Ես հայկական իշխանություններին մշտապես տալիս եմ միեւնույն հարցը եւ այդպես էլ չեմ ստացել բավարար պատասխան: Ինձ հետաքրքրում է, թե Հայաստանի իշխանություններն ինչ են արել, որ բացահայտեն այն անձանց, որոնք սպանություններ կատարեցին Երեւանում հայտնի դեպքերի ժամանակ»: Թերի Դեւիսը նաեւ անդրադարձավ այն հանգամանքին, որ ստեղծվել է ժամանակավոր հանձնաժողով՝ այդ դեպքերի հանգամանքներն ուսումնասիրելու համար. «Եթե ես հայ լինեի՝ հարց կտայի, թե ինչու այդ հետաքննությամբ չի զբաղվում ոստիկանությունը՝ չէ՞ որ դա նրանց գործն է, ուղղակի պարտականությունը: Ես շատ հիասթափված եմ այս կապակցությամբ առաջընթացի բացակայությամբ»: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը չպատասխանեց այս կապակցությամբ այն հարցադրումներին, որոնք վերաբերում էին Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձեւում կատարված փոփոխություններին՝ նշելով, թե չի ցանկանում միջամտել Վեհաժողովի գործունեությանը:
Դրա փոխարեն նա ասուլիսի ընթացքում տարբեր առիթներով երկու անգամ իր հիասթափությունը հայտնեց, որ Հայաստանի մշակույթի նախարարը չէր մասնակցել Բաքվում կայացած համաժողովին: Ըստ նրա՝ «Հայաստանը կորցրեց այդ հնարավորությունը», մինչդեռ ամեն մի առիթ պետք է օգտագործել երկու ազգերի ներկայացուցիչների միջեւ փոխըմբռնման հասնելու համար: «Երբեմն շատ եմ հիասթափվում այդ փոխըմբռնման պակասից»,- ասաց Թերի Դեւիսը:
Հ. Գ. Թերի Դեւիսը նաեւ հայտնեց, որ երբ հնարավոր է լինում՝ «Ա1+»-ի հարցը քննարկում է Հայաստանի իշխանությունների հետ: