ԵԽԽՎ համազեկուցողները Հայաստանի վերաբերյալ նոր՝ 1643 բանաձեւից հանեցին հիշատակումը, թե մեր երկրում կան քաղբանտարկյալներ, թեեւ իր ելույթում Ջոն Պրեսկոտն ասաց, թե մնում են նույն կարծիքին. «Մեղադրվողների մի մասը քաղբանտարկյալներ են»:
Զեկույցի հավելվածը
Ի հավելումն 2008-ի դեկտեմբերի 22-ին հրապարակած իրենց զեկույցի՝ Հայաստանի կողմից Վեհաժողովի 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման վերաբերյալ, համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն եւ Ջորջ Պրեսկոտը հունվարի 26-ին այդ 11786 փաստաթղթին մի հավելված են հրապարակել, որտեղ անդրադառնում են հունվարի 15-ին Երեւան կատարած իրենց այցի արդյունքներին՝ նախապես շնորհակալություն հայտնելով Հայաստանի ԱԺ-ին, որը «գերազանց ծրագիր» էր կազմել իրենց համար: Համահունչ ելույթ նրանք ունեցան նաեւ երեկ լիագումար նիստում քննարկման ժամանակ:
Այս հավելվածում համազեկուցողները մասնավորապես հայտնում են, որ չնայած իրենց մանրամասն հակափաստարկներին՝ Հայաստանի գլխավոր դատախազը պնդում էր, որ բավարար են ապացույցները, թե մարտի 1-2-ին կատարվել է պետական իշխանությունը բռնությամբ փոխելու կազմակերպված փորձ, եւ ՔՕ 300 եւ 225 հոդվածներով առաջադրված մեղադրանքները հիմնավոր են: Համազեկուցողները նշում են, որ իշխանությունների հետ իրենց բոլոր հանդիպումներում ընդգծել են, թե այս հոդվածներով առաջադրված մեղադրանքները, ինչպես նաեւ՝ միայն ոստիկանների վկայությունների վրա հիմնված մեղադրանքներն, իրենց կարծիքով՝ հստակ ցուցադրում են, որ դրանք քաղաքական դրդապատճառներ ունեն, եւ որ այդ պայմաններում «Հայաստանում կարող են լինել քաղաքական բանտարկյալներ»: Եվ հայտնում են, թե իրենց որոշ զրուցակիցները կտրականապես մերժելով այն, թե Հայաստանում կան քաղբանտարկյալներ՝ այնուամենայնիվ համաձայնել են, որ ակնհայտ ապացույցներ չկան, թե մարտի 1-2-ի դեպքերը իշխանությունը բռնազավթելու կազմակերպված փորձ էին. «Այն բոլոր պետական պաշտոնյաները, որոնց մենք հանդիպեցինք, ինչպես նաեւ հանրապետության նախագահը՝ ընդգծեցին իշխանության ցանկությունը՝ լուծել այն մարդկանց խնդիրը, որոնք ազատազրկվել են մարտի 1-2-ի դեպքերի հետեւանքով»: Համազեկուցողները եւս մեկ անգամ Սերժ Սարգսյանին առաջարկել են քննարկել համաներման հնարավորությունը, եւ նա, ըստ այս փաստաթղթի՝ ասել է, թե ինքը «չի բացառում համաներման հնարավորությունն ավելի ուշ փուլում»: ՀՀ նախագահը նաեւ հստակեցրել է, թե խոսքը դատավարական գործընթացների ավարտից հետո ընկած ժամանակահատվածի մասին է. «Նրա կարծիքով, ավելի վաղ փուլում համաներում հայտարարելու հնարավորության քննարկումը կվնասեր Հայաստանի իրավական հաստատությունների կարգավիճակին»:
Զեկույցի այս հավելվածում հիշատակված է ԱԺ նախագահի նամակի մասին, որի պատճենը կից ներկայացված է: Համազեկուցողներին հունվարի 22-ին Հովիկ Աբրահամյանի ուղարկած այս նամակում ասվում է, թե ստեղծում է հատուկ աշխատանքային խումբ, որը մեկ ամսում կմշակի 300 եւ 225 հոդվածի փոփոխությունները, եւ դրանք ուժի մեջ կմտնեն եւս մեկ ամսից: Եվ այս կապակցությամբ են համազեկուցողները նշել, թե քանի որ ԱԺ նախագահի հրամանը կարող է զգալի բարենպաստ ազդեցություն ունենալ մարտի 1-2-ի կապակցությամբ մեղադրվողների վիճակի վրա՝ «Մենք համարում ենք, որ այս նախաձեռնությունը, թեեւ ուշացած, բայց ազդանշան է», որ հայկական իշխանությունները պատրաստ են անդրադառնալ Վեհաժողովի առաջադրած պահանջներին: Որպես դրա եւս մի ապացույց նշվում են Սերժ Սարգսյանի ստորագրած ներման 28 խնդրագրերը: Եվ այս ամենը հաշվի առնելով՝ համազեկուցողներն առաջարկել են Վեհաժողովին տվյալ փուլում չքննարկել Հայաստանի պատվիրակության քվեարկության իրավունքը կասեցնելու հարցը. «Սակայն մենք ցանկանում ենք ընդգծել, որ շարունակում ենք մնալ չբավարարված եւ լրջորեն մտահոգված այն մարդկանց վիճակով, որոնք ազատությունից զրկվել են 2008-ի մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ»: Եվ այդ պատճառով առաջարկում են, որ Վեհաժողովը իր ապրիլյան նստաշրջանում քննարկի այն առաջընթացը, որը Հայաստանի իշխանություններն իրականացրել են այս պահանջների կատարման ուղղությամբ եւ միջոցներ ձեռնարկի՝ «ընդհուպ մինչեւ պատժամիջոցների կիրառումը՝ ըստ իրավիճակի»:
Փոփոխություններ բանաձեւում
Այս բանաձեւը եզակի էր այն առումով, որ Հայաստանի պատվիրակությունը չէր արել փոփոխության եւ ոչ մի առաջարկ: Պատվիրակության անդամների հետ զրույցներից դատելով՝ իրենց նկատառումներն արդեն իսկ ընդգրկված էին համազեկուցողների արած 6 առաջարկներում: Բայց մինչ դրանք ներկայացնելը՝ ասենք, որ ԵԽԽՎ 5 պատգամավորներ Հեմֆրի Մալինսը, Նիգել Էվանսը, Ջեյմս Քլափիսոնը, Թիմ Բոսվելը եւ Օլիվեր Հելդն արել էին երկու առաջարկ՝ բանաձեւից հանել 4.1. կետը, այն է, որ նշանակալի թվով դատավճիռներ «հիմնված են եղել բացառապես ոստիկանության ցուցմունքների վրա»: Ու նաեւ՝ բանաձեւից հանել 9-րդ կետը, ըստ որի՝ Վեհաժողովը պիտի կասեցներ հայկական պատվիրակության անդամների քվեարկության իրավունքը: Խիստ կասկածում ենք, որ այս առաջարկներն արվել էին առանց մեր պատվիրակության «աջակցության»: Այսուհանդերձ՝ այս 2 առաջարկներից էլ լիագումար նիստում նրանք հրաժարվեցին:
Արդեն Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում միաձայն ընդունվել էին համազեկուցողների առաջարկած փոփոխությունները, որոնցով էլ կազմվեց Հայաստանի վերաբերյալ նոր՝ 1643 բանաձեւը:
Բանաձեւում առաջին փոփոխությունը հետեւյալն է. նախագծի այս արտահայտությունը՝ «Հայաստանի իշխանությունները սահմանափակ առաջընթաց են գրանցել» փոխարինվել է՝ «մինչեւ վերջին պահը սահմանափակ առաջընթաց էր գրանցվել»:
Երկրորդ փոփոխությունն է՝ բանաձեւի նախագծի 5-րդ կետը, որտեղ նշված էր, թե Վեհաժողովը համարում է, որ նրանց, ում մեղադրանք է առաջադրվել ՔՕ 225-3 եւ 300 հոդվածներով, եւ նրանց, ում մեղադրանք է առաջադրվել բացառապես ոստիկանության ցուցմունքների հիման վրա՝ «հիմնված են քաղաքական շարժառիթների վրա: Դրանից բխում է, որ այդ մեղադրանքներով դատապարտված անձանց կարելի է համարել քաղաքական բանտարկյալներ», այժմ փոխարինված է հետեւյալ տեքստով. «Կասկածներ էին արտահայտվել այն մեղադրանքների բնույթի վերաբերյալ, որոնք առաջադրվել էին ՔՕ 225 եւ 300 հոդվածներով», եւ այդ պայմաններում՝ տվյալ մեղադրանքները «հնարավոր է, քաղաքական դրդապատճառներ ունեն»: Այսինքն՝ այս պարբերությունից՝ ինչպես նաեւ ընդունված բանաձեւի ողջ տեքստից, դուրս է մնացել քաղբանտարկյալների մասին հիշատակումը: Սակայն լիագումար նիստում ելույթի ընթացքում Ջոն Պրեսկոտն ասաց, թե իրենք մնում են նույն կարծիքին. «Մեղադրվողների մի մասը քաղբանտարկյալներ են»:
Երրորդ փոփոխությամբ բանաձեւում ավելացվել է երկու նոր պարբերություն, որոնցով Վեհաժողովը ողջունում է Հայաստանի ԱԺ նախագահի հունվարի 22-ի հրամանը եւ ընդգծում, թե ՀՀ Սահմանադրության համաձայն՝ օրենքում մեղմացումները հետադարձ ուժ կունենան եւ կկիրառվեն մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ ազատազրկվածների ճակատագրի վրա:
Համազեկուցողների առաջարկած հաջորդ փոփոխությունը վերաբերում է բանաձեւի նախագծի հետեւյալ արտահայտությանը՝ «Վեհաժողովն ափսոսանք է հայտնում, որ իշխանությունները մինչ այժմ չեն օգտվել իրենց տրամադրության տակ եղած բոլոր իրավական միջոցներն օգտագործելու հնարավորությունից, ինչպիսիք են համաներումը, ներումները կամ մեղադրանքից հրաժարվելը»: Այժմ նշված է, թե Վեհաժողովը ողջունում է ՀՀ նախագահի ներման հրամանագրերը, որոնք տվյալ պահին 28-ն են, եւ արտահայտում է իր ակնկալիքը, որ այդ գործընթացը կշարունակվի: Եվ միայն դրանից հետո է ափսոսանք արտահայտված: Այս նախադասությանն է վերաբերում նաեւ 5-րդ՝ խմբագրական փոփոխությունը, որով «իրավական միջոցներ» արտահայտությունից առաջ ավելացված է «այլ» բառը: Եվ վերջին՝ ամենակարեւոր փոփոխությամբ՝ բանաձեւի նախագծի վերոհիշյալ 9-րդ կետը փոխարինվել է հետեւյալ տեքստով, թե տվյալ փուլում Հայաստանի պատվիրակությանը ձայնից չեն զրկում, բայց այդ հարցին կանդրադառնան ապրիլին:
Ահա այս փոփոխություններով բանաձեւին կողմ քվեարկեցին ԵԽԽՎ 141 պատվիրակներ, դեմ էին 3-ը, ձեռնպահ՝ 5-ը: Դեմ քվեարկածներից մեկը Ադրբեջանի պատվիրակ է, մյուսը՝ ավստրիացի, երրորդը՝ Կիպրոսից:
Հնչած ելույթներից
Մոտ 30 ելույթ հնչեց, որոնք գերազանցապես դրական էին Հայաստանի համար: Ելույթ ունեցան բոլոր այն մարդիկ, որոնց արդեն իսկ կարելի է համարել մեր պատվիրակության անդամ՝ Ֆրանսուա Ռոշբլուանը, Ռընե Ռուքեն եւ այլք: Հատկապես ջանում էին ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության անդամները, որոնք 6 ելույթ ունեցան՝ հօգուտ մեր իշխանության եւ պախարակելով ընդդիմությանը: Ասենք՝ Իգոր Չեռնիշենկոն հայտարարեց. «Ոչ միշտ է ընդդիմությունը կառուցողական համագործակցություն դրսեւորում այն հարցերում, որոնք վերաբերում են ներմանը»: Իսկ Վալերի Ֆյոդորովը հայ ընդդիմադիրներին կշտամբեց. «Չէր կարելի ընտրության արդյունքներին անհամաձայնությունն արտահայտել նման ոչ քաղաքակիրթ մեթոդներով. կացին վերցնելու կոչ անելը ողջամտությունից անդին է»: Եվ փառք տվեց Աստծուն, որ համազեկուցողները փոխեցին իրենց առաջարկը:
Հիշեցնենք, որ անցած աշնանը ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակությունն էլ էր հայտնվել քվեարկության իրավունքից զրկվելու հավանականության առջեւ: Եվ այս փաստը հիշատակվեց բազմաթիվ ելույթներում: Կանոնակարգի հանձնաժողովի նախագահ Ջոն Գրինվեյն իր ելույթում հայտարարեց. «Այս վեհաժողովի յուրաքանչյուր պատվիրակին ձայնից զրկելը, կարծում եմ, բացառիկ պատժամիջոց է եւ պետք է գործածվի միայն ծայրահեղ դեպքերում եւ մեծագույն զգուշությամբ: Խորհրդարանի պատգամավորներին պատժելը, որոնք իրենց կողմից ամեն ինչ անում են, որ առաջընթաց լինի մարդու իրավունքների ոլորտում՝ այն գործիքը չէ, որ մենք պիտի գործածենք: Ես հուսով եմ, որ սա վերջին դեպքը կլինի մեր գործունեության մեջ, երբ մեզ կխնդրեն քննարկել նման հնարավորություն»:
Անգամ Թուրքիայի պատվիրակ Նուրսունա Մեմեքանը իր ելույթում դրվատանքի խոսքեր ասաց Հայաստանում արձանագրված առաջընթացի մասին: Եվ կարելի է ասել, թե միայն Ադրբեջանի 3 պատվիրակները դեմ ելույթ ունեցան, որոնց նման առիթ էր տվել մեր երկրում կատարվողը: Ու նաեւ Հայաստանի նախագահական ընտրությունները դիտարկած շվեդ պատվիրակ Մարիետա դը Փուրբախ-Լունդինը հայտարարեց, թե ինքը փոքրամասնության մեջ է հայտնվել, քանի որ կարծես միակն է, որը դժգոհ է այս փոփոխություններից, սակայն այնուամենայնիվ՝ վստահ չէ, որ մինչեւ ապրիլ ՀՀ իշխանություններն առկա խնդիրները կլուծեն: «Մենք էլի քարտ-բլանշ տվեցինք Հայաստանին»,- հայտարարեց շվեդ պատվիրակը, որն, ի դեպ, հետո կողմ քվեարկեց բանաձեւին:
Ելույթներից այլ մանրամասներ կներկայացնենք վաղվա համարում:
Առաջին գնահատականները
Ստրասբուրգում ներկա Հայ ազգային կոնգրեսի ԵԽ-ի հետ կապերի համակարգող Արման Գրիգորյանը քվեարկությունից հետո «Առավոտին» ասաց. «Ընդունված բանաձեւն, իմ կարծիքով, խայտառակություն է Եվրոպայի խորհրդի եւ ԵԽԽՎ-ի համար, քանի որ այդ բանաձեւն ընդունվեց կեղծ տեղեկատվության հիման վրա: Բոլոր ելույթ ունեցողների հիմնական կռվանն էր, թե մեծ առաջընթաց է տեղի ունեցել՝ քաղբանտարկյալներին ներմամբ ազատ արձակելու միջոցով: Մինչդեռ գոնե մենք գիտենք, որ հունվարի 24-ին ստորագրված հրամանագիրը քաղբանտարկյալների հետ գրեթե որեւէ առնչություն չունի՝ այդ մարդկանց մեծ մասը քրեական հանցագործներ են: Այս քննարկումից նաեւ պարզ դարձավ, որ ԵԽԽՎ-ն ստատուս-քվոյին խի՜ստ նվիրված կազմակերպություն է, եւ այստեղ որեւէ լուրջ, ծանր որոշում ընդունելուց ձգտում են մնալ ձեռնպահ: Մտավախություն կա, որ նման որոշումները կարող են խարխլել այս կազմակերպության կայունությունը եւ ամեն կերպ ձգտում են պահպանել ստատուս-քվոն, նույնիսկ, եթե դա հակասում է իրենց սկզբունքներին եւ իրենց իսկ որոշումներին»:
Իսկ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն «Առավոտի» հարցին, թե չի՞ կարծում արդյոք, որ իրենց գործադրած ջանքերի հետեւանքով քաղբանտարկյալներն առնվազն եւս 2-3 ամիս կանցկացնեն բանտում ասաց. «Մտավախություն ունեմ, որ ամեն ինչ չէ, որ լուծվում է այսօրվա ցանկացած քայլի արդյունքում, բայց այդ մտավախությունն ինձ զերծ չի պահում դրական քայլեր կատարելուց: Վստահ եմ, որ այդ դրական քայլերը հետեւելու են»: