Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները գտնում են, որ դատախազին հրավիրելու կարիք չկա
«Մարտի 1»-ի գործով անցնող ԱԺ երեք պատգամավորները՝ Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանն ու Սասուն Միքայելյանը, դիմել են խորհրդարանին եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, պահանջելով, որ Ազգային ժողովի նիստ հրավիրվի իրենց մասնակցությամբ: Ըստ պատգամավորների՝ այդ նիստի ժամանակ պետք է պահանջել ՀՀ գլխավոր դատախազից պատասխան տալ, թե մարտի 4-ին «ինչո՞ւ է ստել Ազգային ժողովում»: Թեպետ ազատազրկված պատգամավորները կոչ են արել իրենց գործընկերներին միանալ այս հայտարարությանը, այնուամենայնիվ, ԱԺ այս կարգի նիստի հրավիրումը պահանջում է բոլորովին այլ ընթացակարգ. վերոհիշյալ պատգամավորներն առաջին հերթին պետք է խորհրդարանից վերցնեն համապատասխան բլանկ, որի վրա պետք է հավաքվի 44 պատգամավորի ստորագրություն՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար, իսկ երբ ստորագրությունները հավաքվեն, դրանից հետո դեռ հարկավոր է, որ ԱԺ դահլիճում ապահովվի քվորում՝ թվով 66 պատգամավորի ներկայություն: Այս «տեխնիկական» հարցերը ազատազրկված պատգամավորները դժվար թե կարողանան լուծել: Մենք զրուցեցինք մի խումբ խորհրդարանականների հետ, եւ պարզ դարձավ, որ խորհրդարանական մեծամասնությունը, առանց վերեւից հրահանգի, չի գնա այս քայլին, իսկ ընդդիմության եւ հատուկենտ անկախ պատգամավորների ստորագրությունները չեն ապահովի անհրաժեշտ 44 ստորագրությունը: Այս իրավիճակում հարցը չի կարող քննվել փետրվարի 2-ին սկսվող ԱԺ գարնանային նստաշրջանում, քանի որ օրակարգում իրենց գործընկերների հայտարարությանը վերաբերող հարցը ցանկացած ձեւակերպմամբ մեծամասնությունը չի պատրաստվում մտցնել: Իսկ եթե իրավիճակի փոփոխության հետեւանքով նման հարց մտնի խորհրդարան, մենք միայն հաճելիորեն կզարմանանք: Կոալիցիայի անդամ քաղաքական ուժերի ներկայացուցիչներից միայն ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւ նույն խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը երեկ պատասխանեցին մեր հարցերին, իսկ ԲՀԿ, ՀՅԴ եւ ՕԵԿ-ականները խուսափեցին, պատճառաբանելով, որ այդ խնդիրն իրենց քաղաքական ուժերը չեն քննարկել եւ որոշում չունեն: Գ. Սահակյանն ասաց. «Խորհրդարանը հետաքրքրված է, իսկ ինչ մնում է նրան, որ դատական ռեժիմի գործընթացի ժամանակ պետք է խորհրդարանում նոր դատավարություն սկսել, կարծում եմ՝ սխալ կլինի, արդարադատությունը պիտի որոշի, իսկ գնահատականներ ե՛ւ պատգամավորները, ե՛ւ խորհրդարանը, անշուշտ, կտան, երբ դատաքննչական գործընթացներն ավարտվեն, վճիռներ կայացվեն»: Մեր հարցին՝ եթե ԱԺ բերվի արտահերթ նիստ անցկացնելու նախագիծ, հանրապետականները կստորագրե՞ն այդ թղթի տակ, Գ. Սահակյանն այսպես պատասխանեց. «Ստորագրություն հավաքելը տեխնիկական գործ է, բայց անհասկանալի է, թե ինչ օրակարգով պիտի քննարկումներ կատարվեն, երբ դատական պրոցես է գնում: Չեմ կարծում, թե դա օրենքի շրջանակներում կլինի, չի կարելի դատական գործընթացներին միջամտել, ճնշումներ բանեցնել»: Արմեն Աշոտյանի կարծիքը հետեւյալն է. «Ես հասկանում եմ իմ գործընկերների մտահոգությունը ու զայրույթը, ամիսներ տեւող հետաքննությունը մի օր պետք է պատասխան տա հանրությանը, սակայն, կարծում եմ, այս կոչը մի քիչ ուշացած է. տրամաբանական կլիներ նման նախաձեռնությամբ հանդես գալ մինչեւ դատավարության սկիզբը: Քանի որ այժմ դատավարությունը ընթացքի մեջ է, այն ողջ տեղեկատվությունը, որ ակնկալվում է դատախազությունից լսել ԱԺ-ում, լսվելու է դատարանի դահլիճում, գաղափարը կարծես մի քիչ ուշացած է»: Նա նկատեց նաեւ, որ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների (300 եւ 225) փոփոխությունից հետո հնարավոր է՝ շատ հարցեր ինքնըստինքյան լուծվեն. «Իրավական դաշտն իրենց մասով վերաձեւակերպման գործընթացի մեջ է, գուցե վերաձեւակերպվի այնպես, որ խնդիրները, որոնք բարձրացվել էին դատախազի ելույթում, ուղղակի դառնան իրավական դաշտից դուրս»: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը ողջունեց, որ պատգամավորները դիմել են հենց ԱԺ նախագահին, քանի որ խորհրդարանում տապալվում են բոլոր նախաձեռնությունները, որոնք փորձում է իրականացնել «Ժառանգությունը»: Պատգամավորը կոչ արեց ԱԺ նախագահին՝ հարգել ազատազրկված պատգամավորների կոչը եւ հրավիրել նրանց պահանջած հարցով արտահերթ նիստ: Երեկ մեզ չհաջողվեց ստանալ ԱԺ նախագահի կարծիքը՝ ազատազրկված պատգամավորների նամակ-հայտարարության վերաբերյալ: Միայն երկու անկախ պատգամավորներ անթաքույց ասացին իրենց անձնական դիրքորոշման մասին: «Եթե արտահերթ նիստ հրավիրելու մասին կա գրավոր առաջարկություն, ես պատրաստ եմ ստորագրել դրա տակ»,- ասաց Վիկտոր Դալլաքյանը: ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը եւս պատրաստ է ստորագրել, եւ ասաց, որ ինքը միշտ էլ կողմ է եղել բարձրացված հարցի քննարկմանը, եւ դա պետք է արվեր դեռ սեպտեմբերին: