ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից ֆինանսավորվող «Բացենք մեր աչքերը» ծրագրի շրջանակներում անցած տարվա սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին վերապատրաստվեցին Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների, միջնակարգ մասնագիտական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների թվով 96 մանկավարժ ու դասախոս: Ծրագիրն իրականացրել է «Երիտասարդական գիտամշակութային» հ/կ-ն, որի նպատակն է՝ բարձրացնել Սյունիքի մարզի ուսումնական հաստատություններում աշխատող մանկավարժների՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ ունեցած գիտելիքների իրազեկության մակարդակը: Դասընթաց-վարժանքների ընթացքում հրավիրված մասնագետները մասնակիցներին ներկայացրել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վարակի ուղիները, ինչպես նաեւ խոստացել են «հանդուրժող» լինել վարակակիրների նկատմամբ: Դասընթաց-վարժանքների ժամանակ մասնակիցներին բաժանվել են տեղեկատվական-կրթական գրքույկներ, վարքագծի փոփոխմանն ուղղված հաղորդակցման մասին տեսաֆիլմեր: Ծրագրի պատասխանատուների խոսքով, «Մանկավարժները ստացած գիտելիքները կփոխանցեն աշակերտներին եւ ուսանողներին, սա էլ իր հերթին կբարձրացնի երիտասարդների իրազեկությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ, կձեւավորի անվտանգ վարքագիծ ու առողջ ապրելակերպ»: Ճիշտ է, ծրագիրն ավարտվել է անցած տարվա դեկտեմբերի 31-ին, բայց այն շարունակական բնույթ ունի: Ծրագրի պատասխանատուները վերապատրաստված մանկավարժներին հետագայում էլ աջակցելու են, ինչպես նաեւ հարկ եղած դեպքում աշակերտների եւ ուսանողների շրջանում կկազմակերպվեն վարժանքներ: Աջակցման խոստում է տվել նաեւ «Երկյակ» հ/կ-ն: Նշենք, որ կրթական նյութերը տրամադրվել են «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն եւ խնամք» (APEC) հ/կ-ի կողմից: Իսկ «Վորլդ Վիժն» կազմակերպության հետ համատեղ անցկացվեց մի վարժանք, որին մասնակցեցին բժիշկներ, մանկավարժներ, հոգեւորականներ ու զինվորականության ներկայացուցիչներ: Հավաքի նպատակը մեկն էր՝ գտնել համատեղ աշխատելու մի տարբերակ, որ հետագայում կօգնի բարձրացնել հանրության տարբեր խավերի իրազեկությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ: