Պահպանակների ամաչկոտ գնորդները շուտով հնարավորություն կունենան այն ձեռք բերել մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրված սարքերից:
Բազմաթիվ սեռավարակներից (տրիխոմոնիազ, խլամիդիոզ, մարդու պապիլոմային վիրուս, սեռական հերպես, սիֆիլիս, գոնորեա, մարդու իմունային անբավարարության վիրուս եւ այլն), այդ թվում՝ ՁԻԱՀ-ից, խուսափելու ամենահուսալի միջոցը պահպանակների գործածումն է: Կարծում ենք, շատերն են գիտակցում պահպանակի անհրաժեշտության մասին, մանավանդ, որ այն մատչելի է եւ կարելի է ձեռք բերել ցանկացած դեղատնից: Սակայն այսքանից հետո էլ քիչ տղամարդիկ են պահպանակի համար դեղատուն մտնում: «Առավոտը» բժիշկներից հետաքրքրվեց, թե որո՞նք են տղամարդկանց կողմից պահպանակ չօգտագործելու հիմնական պատճառները: Նրանց ներկայացմամբ, շատ տղամարդիկ համարում են, որ պահպանակով սեքսը կարող է անվստահության մթնոլորտ առաջացնել զուգընկերուհու մոտ: Ոմանք էլ կարծում են, թե պահպանակը թուլացնում է սեռական երանելի զգացողությունները եւ հրաժարվում են դրանք օգտագործելուց՝ անտեսելով ամենակարեւորը՝ առողջությանը հասցված անդառնալի վնասը:
Իրազեկվածության մակարդակը աճի միտումներ է արձանագրում, սակայն այդ արդյունքները հեռու են բավարար լինելուց: Փողոցում պատահական անցորդների շրջանում «Առավոտի» անցկացրած փոքր հարցախույզը եւս մեկ անգամ հաստատեց, որ մեր հասարակության սեռական դաստիարակությունը թույլ մակարդակի վրա է, կարելի է ասել՝ անգրագիտության աստիճանի:
Անցորդներին տվել ենք ընդամենը երկու հարց՝ առանց պահպանակի սեքսը կարո՞ղ է ՁԻԱՀ-ով վարակվելու առիթ հանդիսանալ, եւ եթե՝ ոչ, ապա ի՞նչը կարող է ՁԻԱՀ-ով հիվանդանալու պատճառ լինել: Հարցվել են 17-20 տարեկան 20 աղջիկ եւ 20 տղա: Նրանցից միայն 7-ն է համարում, որ պահպանակը ՁԻԱՀ-ից հեռու մնալու միակ արդյունավետ միջոցն է: Մնացած 33-ը տվեց այլ պատասխան, որ ինչ-որ տեղ նաեւ զավեշտալի էին: Նրանցից 12-ը կարծում է, որ ՁԻԱՀ-ով վարակվում են համբուրվելու միջոցով: 7 երիտասարդի պատկերացմամբ՝ վարակվելու պատճառ կարող է լինել համասեռամոլությունը: 5 հոգի մտածում է, թե ՁԻԱՀ-ը տարածվում է կնոջ եւ տղամարդու մարմինների շփումից, այդ թվում նաեւ՝ սովորական ձեռքսեղմումից: Հարցվածներից 3-ը վարակի տարածման գործոն է դիտում հիվանդության ժառանգաբար փոխանցումը: Նշված թեմայի մասին բացարձակ գաղափար չուներ հարցվածների 2.4%-ը կամ 6 մարդ:
Բժիշկները պահպանակի «ոչ մասսայական» օգտագործման մեկ այլ պատճառ եւս նշեցին՝ ամոթխածությունը: Ըստ նրանց, հատկապես երիտասարդները խուսափում են դեղատան երիտասարդ վաճառողուհուց պահպանակ գնել ու, ասենք, հետաքրքրվել՝ ո՞ր երկրի արտադրանքն է, կամ ո՞ր պահպանակն է ավելի հուսալի, էլ չենք խոսում գնի մասին «բանակցություններին»: Այս բարդույթը հաղթահարելու եւ ազգային մենտալիտետից սեռական դաստիարակությանը վերաբերող կարծրացած պատկերացումները «ցրելու» համար «Հայաստանի ուսանող բժիշկների գիտական ընկերակցությունը» մտադիր է մեր երկիր բերել պահպանակների վաճառքի ավտոմատ սարքեր, որի շնորհիվ գնորդն այլեւս չի շփվի դեղատան աշխատողների հետ եւ լիովին կապահովվի նրա «գաղտնիությունը», որն ավելի շատ հոգեբանական բարդույթի է վերածվել:
«Առավոտի» հետ զրույցում «Հայաստանի ուսանող բժիշկների գիտական ընկերակցության» նախագահ Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը նշեց, որ իրենց հիմնական նպատակը մարդկանց բազմաթիվ սեռական վարակներից զերծ պահելն է, քանի որ, նրա խոսքերով, շատ երիտասարդ տղաներ իրոք ամաչում են կնոջից պահպանակ գնել: «Սարքի մեջ տեղադրվելու է 9 տեսակի պահպանակ, եւ գնորդը հանգիստ կարող է ընտրել իր նախընտրածը: Անձը ընտրում է պահպանակի տեսակը, սարքի մեջ է գցում պահպանակի գնին համապատասխան դրամ եւ ստանում է պահպանակի երեք հատանոց տուփ: Սարքից պահպանակ գնելն ավելի մատչելի է լինելու, քան՝ դեղատնից, ասենք՝ գինը կարող է տատանվել 250-500 դրամի շուրջ»,- ասաց Ա. Տեր-Հովակիմյանը: Նրա խոսքերով՝ պահպանակ վաճառող սարքերը բերվելու են արտերկրից եւ բարձր որակի են:
Մենք մի քանի դեղատներից նույնպես հետաքրքրվեցինք, թե Հայաստանում ովքե՞ր են հիմնական գնորդները: Պարզվեց, որ, իսկապես, երիտասարդներն ամաչում են պահպանակ գնել դեղատան երիտասարդ վաճառողուհիներից, շատ դեպքերում անունն անգամ չեն տալիս եւ ամոթից կարմրած դեմքով մատով ցույց են տալիս պահպանակի տուփը, ասելով՝ «մի տուփ սրանից տվեք»: Դեղատան վաճառողուհիների խոսքերով՝ պահպանակի հիմնական գնորդները 30 եւ ավելի բարձր տարիք ունեցողներն են, եւ շատ քիչ է պատահում, որ 18-20 տարեկանները պահպանակի համար դեղատուն մտնեն. «Հիշում եմ մի դեպք, մի 22 տարեկան տղա մտավ դեղատուն, պտտվեց, գներն ուսումնասիրեց ու դուրս եկավ, հետո միայն նկատեցինք, որ գումարը տվել է ավելի տարիքով տղամարդու եւ խնդրել, որ իր համար պահպանակ գնի»: Աղջիկ գնորդներ նույնպես ունենում են: «Մեր կարծիքով, երեւի այդ աղջիկները մարմնավաճառներ են, քանի որ ամեն օր են գալիս պահպանակ գնելու, իհարկե՝ նրանք վատ բան չեն անում, եւ մենք էլ նորմալ սպասարկում ենք նրանց»,- ասաց Արշակունյաց պողոտայում գտնվող դեղատներից մեկի վաճառողուհին: Հատկապես վերջին տարիներին Հայաստան են ներկրվում պահպանակի տարբեր տեսակներ, որոնք ունեն ելակի, դեղձի, վարդի եւ այլ բուրավետ հոտեր: Բնականաբար, գներն էլ տարբեր են՝ 3 հատանոց տուփը՝ 300-1500 դրամ: «Ճիշտ է, պահպանակի գնորդներն այնքան էլ շատ չեն, սակայն թեթեւ աճ նկատվում է»,- ավելացրեց վաճառողուհին: