Ըստ տղաների՝ աղջիկներն իրենց գնահատում են վարած մեքենայի, թանկարժեք բջջայինի, վզի շղթայի համաձայն…
«Ինչ լավն ես…». ահա այսպես են արտահայտվում հայ տղաները գեղեցիկ կնոջ կամ աղջկա կողքով անցնելիս: Ոմանք բարձրաձայն, ոմանք մտովի, ոմանք էլ, ամաչելով ի ցույց դնել մտքում թաքնված ցանկությունները, նմանատիպ արտահայտություններ են «ձոնում» գեղեցիկ սեռին: «Առավոտի» 23.01.09-ի համարում տպագրված «Հակասական կարծիքներ տղաների մասին» հոդվածը հայ երիտասարդների շրջանում իրարանցում էր առաջացրել. նրանք, զանգահարելով խմբագրություն, ցանկացել էին իրենք էլ աղջիկների մասին կարծիք հայտնել: Տղաների խոսքերով՝ մի բաժակ սուրճի շուրջ տղաների թեմայով երկար ու ձիգ զրույցները, կարծիքների փոխանակումը միայն աղջիկներին չէ, որ բնորոշ է: Պարզվում է՝ բամբասել սիրում են նաեւ տղաները, բայց ոչ թե մի բաժակ սուրճի, այլ՝ գարեջրի շուրջ: Նրանց խոսքերով՝ իրենք էլ բամբասում են աղջիկներից, նրանց հագուկապից, վարքից, անգամ հեշտ կամ դժվար հասանելի լինելուց:
«Առավոտի» հարցումներից պարզ դարձավ, որ ոչ բոլորին են դուր գալիս 21-րդ դարի ժամանակակից աղջիկները: Օրինակ, 24-ամյա Արմենի խոսքով. «Հայուհիները բոլոր ազգերի իգական սեռի ներկայացուցիչներից տարբերվում են իրենց յուրահատուկ հայկական գեղեցկությամբ, ինչից էլ շատ են «առիթավորվում» ու իրենց գեղեցկությունը որպես զենք մեր դեմ օգտագործում: Վերջին շրջանում մեր հայուհիների մեջ ինձ դուր չի գալիս նրանց չափի զգացումի աստիճանական կորուստը: Խոսքս ազատության մասին է: Երգչուհի Շպռօտը պրոպագանդեց ազատությունը, կոչ արեց՝ լինել ազատ, հայուհիներից շատերն էլ, նրա կոչը դոգմայի տեղ ընդունելով, ընկան հոսանքի տակ, սխալ ընկալելով «ազատ» բառի իմաստը: Ես սիրում եմ, որ աղջիկը ազատ է լինում, բայց, ազատ ասելով, նկատի ունեմ՝ շփվող, անմիջական՝ չմոռանալով աղջկան վայել համեստության մասին: Մեր հայուհիները կորցրել են հային բնորոշ համեստությունն ու նամուսը: Երեւի կոպիտ պիտի թվամ, բայց եթե 15-20 տարեկան աղջիկներին մի քիչ տոն տվեցիր՝ «կթռնեն շալակդ»»: Ի տարբերություն Արմենի՝ 18-ամյա Ասատուրը մեզ հետ զրույցում անկեղծացավ. «Ինձ մեր աղջիկների մեջ ամենաշատը նրանց ազատությունն է դուր գալիս, որը նրանք վերջին շրջանում են ձեռք բերել: Այսպես ավելի հեշտ է շփվելը, ընկերություն անելը»: 29-ամյա Գուրգենին էլ ամենից շատ մտահոգում է հայուհիների ճաշակը. «Հայ աղջիկները վերջին երկու-երեք տարիների ընթացքում, ըստ իս, մի տեսակ անճաշակ են դարձել: Նրանք շատ են կենտրոնանում իրենց հագուստի վրա, ասես կյանքում ուրիշ կարեւոր բան չկա: Հագնում են այն, ինչ ուզում են, ինչ նորաձեւ է, իրենց ասած՝ մոդայիկ, առանց նայելու՝ սազո՞ւմ է իրենց, թե՞ ոչ: Օրինակ, հիմա նորաձեւ են նեղ տաբատները, բոլորը համատարած հագնում են դրանք՝ առանց տնից դուրս գալիս իրենց հայելու մեջ գոնե մեկ անգամ նայելու: Չեն մտածում, որ գուցե դա իրենց կառուցվածքին չի համապատասխանում: Կամ ցուրտ ձմռանը հագնում են լայն բացվածքով շապիկներ, միայն թե իրենց ցուցադրեն, ջհանդամ, թե չեն սառի: Բոլորը հագնվում են նույն ոճով՝ նույն գույնի ու ձեւի վերարկուներ, երկարաճիտ կոշիկներ, ու սա ամենեւին էլ ֆինանսական վիճակով պայմանավորված չէ: Երբ Երեւանի փողոցներով քայլում ես, տպավորություն ես ստանում, թե «չաստում» ես: Բոլորը նույն համազգեստով են, որից արդեն հոգնել ենք»: 21-ամյա Արթուրը դժգոհում է աղջիկների բնավորության գծերից. «Մերոնք փողի ետեւից վազող աղջիկներ են, նրանց չի հետաքրքրում, թե տղան ինչպիսին է: Տղան լավն է, վատն է, բարի է, թե ոչ՝ կապ չունի, նրանց համար ամենակարեւորը գրպանի պարունակությունն է, վարած մեքենան, ձեռքի հեռախոսը… Սա իրականությունն է, աղջիկները տղաներին գնահատում են նրանց վարած ֆիրմային մեքենայի, ձեռքի թանկարժեք հեռախոսի, վզի հաստ շղթայի համաձայն… Ըստ նրանց՝ եթե այս ամենը կա՝ վերջացավ, ուրեմն տղան լավն է, արժե նրա հետ շփվել… Աղջիկները նաեւ մեզ՝ տղաներիս, գնահատում են ըստ սիրունության: Մենք նրանց համար ասես «ֆուտլյար» լինենք: Այսինքն՝ գեղեցիկ «ֆուտլյար», որի միայն տեսքն է կարեւոր, այլ ոչ թե պարունակությունը: Տղաների մեծամասնությունն էլ, նկատելով, որ աղջկան հետաքրքրում է իր տեսքը եւ ոչ թե ինքը, վիրավորանքից դրդված, խաբում է աղջկան, բառիս բուն իմաստով օգտագործում նրան: Բնականաբար, այստեղ լուրջ հարաբերությունների մասին խոսք լինել չի կարող: Նման պարագաներում տղաները ճիշտ են վարվում, նրանց ամեն մի քայլը հարյուր անգամ չափված եւ ձեւված է: Աղջիկը չի կարող այնքան մտածել, ինչքան տղան: Նրանց թվում է, թե կարող են մեզ հետ վարվել այնպես, ինչպես իրենց սիրտն է ուզում»:
26-ամյա Վահեն էլ վստահեցնում է. «Լուրջ, տուն տանելու, ծնողներիդ պարզ ճակատով ներկայացնելու, հետը նպատակներ կապելու ենթակա աղջիկ շատ քիչ է մնացել՝ 15%: Այսօր աղջիկները մոռանում են, որ աղջիկ են եւ իրենց պահում են այնպես, ինչպես ամենավատ վարքի տերը: Խոսքս վերաբերում է 16-20 տարեկաններին, նրանք չափից դուրս ազատ են, այնքան ազատ, որ նույնիսկ երբեմն ես ինձ թույլ չեմ տա այդպես պահել: Անգրագետ, անմակարդակ, փողի, հաճույքների, ի դեպ՝ բոլոր առումներով կյանքի հաճույքների, սիրուն տղերքի, թանկարժեք բար-սրճարանների մասին մտածող, ծնող չհարգող եւ տղաների համար որպես ժամանակ անցկացնելու միջոց է մեր հայ աղջիկների մեծամասնությունը, ինչն էլ ոչ ինձ, ոչ ընկերներիս, կարծում եմ՝ ոչ էլ իսկական հայ տղամարդուն դուր չի գալիս: «Մաքուր» աղջիկ՝ Երեւանում մատներիս վրա կարող եմ հաշվել: Նրանք են մեր հայուհիները, որոնցով արժե հպարտանալ»: