Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԿԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐԻՆ ՉԵՆ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ»

Հունվար 27,2009 00:00

Համազգայինի կրթական խորհրդի ատենապետ Հովիկ Թասլակյանը՝ Սփյուռքի նախարարության ծրագրերի ու լիբանանահայ գաղութի մասին:

Լիբանանահայ Հովիկ Թասլակյանը երկար տարիներ եղել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Լիբանանի վարչության ատենապետ, ներկայումս էլ Համազգայինի կրթական խորհրդի ատենապետն է: Լիբանանի հայկական գաղութը, պարոն Թասլակյանի խոսքով, «հայադրոշմ» է, հայախոսությունն այստեղ ջախջախիչ մեծամասնություն է կազմում. «Մեզ մոտ մշակութային ու կրթական գործին նվիրված բազմաթիվ կառույցներ կան՝ 24 դպրոց, մշակութային 3 միություն՝ Թեքեյանը, «Նոր սերունդը», Համազգային հայ կրթական ու մշակութային միությունը: Լիբանանի հայ կրթական հաստատություններում շուրջ 9000 աշակերտ է սովորում»: Խոսելով լիբանանահայ գաղութի մշակութային կյանքից՝ Հ. Թասլակյանն ասում է, որ այն ավելի եռուն է դարձել Հայաստանի անկախացումից հետո, որովհետեւ այլեւս անհնար չեն արվեստագետների փոխանակումները. «Հայաստանից հրավիրվածների թվում են ռեժիսոր Վիգեն Ստեփանյանը, երաժիշտներ Հարություն Թոփիկյանը, Երվանդ Երկանյանը, Նարինե Հարությունյանը, իսկ պարուսույցը մինչեւ այսօր Ֆելիքս Հարությունյանն է»: Հետաքրքրվեցինք՝ հայերի քանի՞ տոկոսն է օտար վարժարաններում սովորում, պարզվեց՝ 25-ը, ու պատճառներն էլ տարբեր են: Ոմանք այդպես են վարվում նյութական սուղ միջոցներով պայմանավորված՝ հայկական դպրոցները վճարովի են, ոմանք էլ՝ օտարամոլությունից դրդված: Թասլակյանի խոսքով. «Ամեն դեպքում, կարող եմ արձանագրել, որ մեր կրթական համակարգից դուրս եկողներն այսօրվա հարափոփոխ վիճակի մեջ իրենց տեղը ճշտելու խնդիր չունեն, հետագայում ընդունվում են տեղի եւ աշխարհի լավագույն համալսարանները: Ինչ վերաբերում է արաբական դպրոցներ հաճախողներին, հավանաբար՝ նրանց ծնողները մտածում են, որ այդպիսով իրենց զավակների համար լավ հեռանկարի հնարավորություն են ստեղծում»:

«Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս է գնահատում մշակույթի, կրթության եւ գիտության եւ Սփյուռքի նախարարությունների՝ սփյուռքահայերի համար կազմակերպած միջոցառումները (ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, զանազան համաժողովներ ու քննարկումներ), պարոն Թասլակյանը պատասխանեց. «Դրանք ավելի շատ քարոզչական բնույթ ունեն, քան իրական արդյունք են հետապնդում: Իբրեւ Մարսելի, Լիբանանի եւ Սիդնեյի ճեմարանների, կրթական ծրագրերի պատասխանատու, փաստեմ, որ կոնկրետ սփյուռքահայ ուսուցիչների որակավորման կամ վերապատրաստման դասընթացներում նպատակների դասակարգում չկա: Շաբաթօրյա դպրոցում դասավանդողին չպետք է ամենօրյա դպրոցում աշխատողի հետ միասին ընդունել, բոլորին իրար գլխի հավաքել: Ամեն գաղութում կրթության պարագան տարբեր է: Այլ է վիճակը քիչ հայերեն իմացողների դեպքում, այլ՝ հայկական նյութերի խորացմամբ զբաղվողների»:

Քանի որ Հովիկ Թասլակյանը շուրջ 15 տարի զբաղեցրել է նաեւ Հայ դատի հանձնախմբի պատասխանատու պաշտոնը, չէինք կարող չհարցնել Լիբանանում Հայ դատի կեցվածքի մասին: Նրա խոսքով. «Չնայած Լիբանանն այնքան կշիռ չունի՝ քաղաքական վիճակների վրա ազդելու, բայց որովհետեւ Հայ դատի պայքարի մեջ քաղաքական նեցուկների պետք ունենք, ամեն հայանպաստ հայտարարություն ու ձեռնարկ հաշվի ենք առնում: Աշխատում ենք այնպես անել, որ հայության քաղաքական դիրքորոշումները՝ կայունության, անվտանգության առումով խնդիրներ չստեղծեն: 34 տարի Լիբանանում տագնապալի վիճակ է, բայց ոչ մի հարցի առումով թիրախի չենք վերածվել, ոչ մեկի հակառակորդը չենք դարձել: Միջինարեւելյան համայնքները պիտի պահել, որովհետեւ նրանք ամենահայեցի դիմագիծը ունեն եւ անհրաժեշտ են հենց Հայաստանի ապագա ծրագրերին: Այդ գաղութների ցնցվելու, կազմակերպված չգործելու դեպքում, թեկուզ հայերի թիվն այնտեղ չպակասի, օգուտ չի լինի, եթե նրանք հայկական առաջադրանք չեն կատարելու»: Կրկին խոսելով Սփյուռքի նախարարության ծրագրերի ու սփյուռքյան կառույցներին ներկայացված հայեցակարգի մասին, Հ. Թասլակյանը հայտնեց. «Սփյուռքի նախարարության հետ մեզ հետ կապված որեւէ գործնական ծրագիր չի մշակվել: Ճիշտ է, սփյուռքյան կազմակերպություններին հղված է նախարարության հայեցակարգը, սակայն տպավորություն կա, թե այն վերջնական ձեւավորված չէ, այդ գերատեսչության աշխատողներն էլ քաղաքական ներկա կացությանը, ներհայկական քաղաքական պատկերին ու խճանկարին լավ չեն տիրապետում: Երեւի այդ նախարարությունում վարչարար ու բյուրոկրատ մարդիկ նստել են կողք կողքի եւ ամենքը մի-մի գաղափար մտմտալով՝ ծրագիր են կազմել: Ի դեպ, տեսական լինելուց զատ, այնտեղ հակադիր բաներ կան, շփոթ ու ոչ ճիշտ որոշումներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել