Լրահոս
Օրվա լրահոսը

Կայքում «ժամադրվում» են

Հունվար 27,2009 00:00

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի www. mskh.am կայքը այլ հնարավորություններ էլ է տալիս

Երեկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեղի ունեցավ վարչական խորհրդի նիստ, որի ընթացքում կրթահամալիրի տարբեր ուսումնական կենտրոններ իրենց առաջարկությունները ներկայացրին՝ 2009-ին կրթօջախի կայքը՝ www. mskh.am-ը ավելի կատարելագործելու համար: Ի պատասխան «Առավոտի»՝ «Դպրոցների հայելիները» (21.01.09) հրապարակման, որը վերաբերում էր հանրակրթական դպրոցների կայքէջերին, «Մխիթար Սեբաստացիի» տնօրեն Աշոտ Բլեյանը մեզ ասաց. «Երանի ստեղծված լիներ այնպիսի մի միջավայր, որ մեր կրթահամալիրի կայքը հնարավոր լիներ համեմատել այլ դպրոցների սայթերի հետ: Ի տարբերություն մյուս դպրոցների կայքէջերի՝ մեր կրթօջախինը ստեղծվում է սովորողների, ուսուցիչների եւ ընդհանրապես մեր կայքով հետաքրքրվողների ձեռքով: Ցանկացած երեխա իր ուզած ուսումնական նյութն է տեղադրում այնտեղ, էլ չեմ խոսում ենթակայքերի մասին, որոնք ստեղծում են մեր կենտրոնները, նույնիսկ սովորողներից եւ ուսուցիչներից ոմանք ունեն իրենց սեփական սայթերը, որոնք գործում են www.mskh.am-ի ներսում: Մեր կայքում գրաքննությունը բացառվում է, քանի որ անգամ կրթահամալիրի տնօրենը կայքի սովորական շահառուներից է: Կայքը ուսուցիչների եւ սովորողների ազատ արտահայտվելու իրավունքի դրսեւորման մի միջոց է: Սովորողներին ոչ ոք չի խմբագրում, նրանց լրատվամիջոցը չեն «փակում»: Այսինքն՝ www.mskh.am-ը մի լրատվամիջոց է, որը հասանելի է թե Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս: Սայթը ցանկացած դպրոցի աշակերտի, ուսուցչի, ընդհանրապես կրթական դաշտով հետաքրքրված անձի հնարավորություն է տալիս համալիր ինֆորմացիա ստանալ կրթության վերաբերյալ: Այստեղ տեղադրված են նաեւ կրթահամալիրի տարբեր ամսագրերի համարները, օրինակ՝ «Կարդա ինձը», «Հայելին», «Դպիրը» եւ այլն»: «Մխիթար Սեբաստացիում» կայքն ընկալում են ոչ թե որպես ինտերնետային հասցե, այլ՝ ուսումնական միջավայր, որտեղ նույնիսկ «ժամադրվում» են»:

Պարոն Բլեյանը նաեւ պատմեց.«Կրթահամալիրի դասավանդողները, սովորողներն ու ծնողներն ունեն իրենց էլեկտրոնային փոստերը, որոնց հասցեները հրապարակված են մեր կայքում: Եթե որեւէ երեխա ուսուցիչներից մեկին կամ տնօրենին ինչ-որ բան ունի հայտնելու, ապա դա միանգամից անում է էլեկտրոնային փոստի միջոցով: Եթե երեխան բացակայության մասին տեղեկացնում է այդ տարբերակով, ապա էլ անհրաժեշտ չէ, որպեսզի նա տնօրենին կամ ուսուցչին գրավոր ներկայացնի իր դիմումը: Երբեմն ուսուցիչների հետ էլ եմ «ժամադրվում», քանի որ նրանք միշտ զբաղված են լինում, դրա համար էլ անհրաժեշտ հարցերը քննարկում ենք էլեկտրոնային փոստի միջոցով»,- ասաց Ա. Բլեյանը: Կրթահամալիրում գործընթացից դուրս չեն մնում նաեւ ծնողները, նրանք եւս պարտավոր են էլեկտրոնային փոստ ունենալ, նրանց անվճար սովորեցնում են համակարգչային հմտություններ եւ օրը գոնե մեկ անգամ պարտավոր են այցելել www.mskh.am, քանի որ այնտեղ տեղադրվում է իր երեխայի բացակայությունների, առաջադիմության մասին ինֆորմացիա:

Նշենք, որ www.mskh.am-ում իրենց ձեռքի աշխատանքներն են տեղադրում նաեւ կրթահամալիրի արհեստագործական ուսումնական կենտրոնների սաները: Սայթի միջոցով հնարավոր է նրանց աշխատանքները վաճառվեն: Ա. Բլեյանը մեզ տեղեկացրեց, որ «Մխիթար Սեբաստացին» կլինի այն 10 դպրոցներից մեկը, որոնք ընդգրկվել են Մայքրոսոֆթի կողմից իրականացվող ծրագրում: Իսկ դրան «Առավոտը» կանդրադառնա առաջիկա համարներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել