«Մալաթիա» բժշկական կենտրոնում երկար տարիներ որպես բուժքույր աշխատած Սվետլանա Հովհաննիսյանը դժգոհում է, որ, գործազուրկ դառնալով, այլեւս չի կարողանա հաշմանդամ ամուսնուն պահել:
«Ես 59 տարեկան եմ ու դեռ 4 տարի ունեմ թոշակի անցնելու, սակայն ինձ կրճատեցին: Կրճատման հիմնավորումն էլ աշխատանքային գրքույկումս ձեւակերպել են, թե՝ հիվանդանոցում հաստիքներ են կրճատվել, եւ ես այլեւս չեմ կարող աշխատել: Բայց ես 29 տարի աշխատում եմ «Մալաթիա» բժշկական կենտրոնում: Այդքան ժամանակ ինձ որեւէ նախազգուշացում կամ նկատողություն չեն արել: Տեղյակ եմ եղել, որ կրճատումներ են լինելու, սակայն չգիտեի, որ մեր բաժնում՝ ընդունարանում էլ կլինեն, քանի որ այնտեղ աշխատում էինք երկուսով, մեկին որ կրճատում են, մյուսը մենակ ինչպե՞ս է աշխատելու: Հիմա էլ ընկել են ուրիշ մարդ են ման գալիս, որ իմ տեղն աշխատի ընդունարանում: Ես հիվանդ ամուսին ունեմ՝ առաջին կարգի հաշմանդամ է, 2-ով ենք ապրում, ընտանիքի միակ կերակրողն եմ: Խնդրեցի՝ ինձ չազատել, էս մի քանի տարին էլ աշխատեմ, որ նրան կարողանամ պահել, չհամաձայնեցին: 35 հազար դրամ էի ստանում, մի կերպ յոլա էինք գնում»,- արցունքն աչքերին իր դժգոհություններն էր մեզ պատմում «Առավոտի» խմբագրություն եկած Սվետլանա Հովհաննիսյանը: Նա ասաց, որ դեկտեմբերի 29-ից աշխատանքի չի ներկայացել, սակայն ոչ մի կերպ չի կարողանում հարմարվել իրավիճակին եւ բողոք-նամակներ է գրել վարչապետին ու նախագահին. «Բոլոր տեղերից ասում են, որ օրենքի սահմաններում է, բայց չեմ հասկանում՝ այդ ինչ օրենք է: Չեմ կարողանում շատ բան գրել, քանի որ ռուսական կրթություն ունեմ»: Մեր հարցին՝ երեւի հայերենի չիմացությունն է նրա կրճատման պատճառ դարձել, տիկին Հովհաննիսյանը պատասխանեց. «Այսքան տարիներ կարողացա՞ աշխատել, հիմա չեմ կարողանո՞ւմ»: Տիկին Սվետլանան իր աշխատանքից ազատվելը կապում է Մանուկ Յասչյանի հետ, որը նույն հիվանդանոցի ընդունարանում բուժակ է աշխատում. ««Հայբուսակի» բժշկական ֆակուլտետում է սովորել: Սկզբից նրան նստացրել են 3-րդ կուրս, ինձ թվում է՝ պետականորեն նման բան չի թույլատրվում, քանի որ նա դրանից առաջ ավարտել է բժշկական տեխնիկումը, որտեղ ամեն ինչ թռուցիկ են անցնում: Ես էլ եմ այդտեղ սովորել, առաջին եւ երկրորդ կուրսի ծրագիրը տարբերվում է ինստիտուտի ծրագրից: Չեմ հասկանում, ինչպե՞ս է նա սովորել այդ բուհում, եթե ամեն օր առավոտյան ժամը 9-ից մինչեւ 16.30-ը եղել է աշխատանքի վայրում, մեր աչքի առաջ էլ աշխատանքային տաբելում ստորագրել է: Ասեմ, որ այդ բուհում հեռակա բաժին չկա, որ նա կարողանար, դասի չներկայանալով, գալ աշխատանքի: Ինքը չցանկացավ, որ ես իր հետ աշխատեմ ու ոտքիս տակը փորեց»:
Այս առնչությամբ «Մալաթիա» բժշկ ական կենտրոնի տնօրեն Կարեն Սահակյանը «Առավոտին» պարզաբանեց, որ կրճատումներն օրինական են, եւ աշխատողները նախօրոք տեղեկացված են եղել այդ մասին. «Մենք հաստիքներ ենք կրճատել, ոչ թե՝ աշխատողների»: Պարոն Սահակյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ի՞նչ առնչություն ունի Մանուկ Յասչյանը տիկին Հովհաննիսյանի կրճատման հետ ու քանի՞ հոգի են այժմ աշխատում հիվանդանոցի ընդունարանում, որին նա պատասխանեց. «Մանուկը ոչ մի առնչություն չունի այդ կրճատումների հետ: Նորից եմ ասում՝ մենք ուղղակի հիվանդանոցի որոշ հաստիքներ ենք կրճատել: Ընդունարանում այժմ աշխատում են 2 բուժքույր եւ մեկ բժիշկ, մեկ բուժքույր ենք կրճատել»: Նա ավելացրեց, որ տիկին Հովհաննիսյանն իրենց աշխատողների մասին սուտ տեղեկություններ է տարածում. «Մի քանի տեղ գնացել է բողոքել, որից հետո եկել են մեզ մոտ ստուգումների, նրան էլ իր ազատման հետ կապված պարզաբանումներ են տրվել»: Հետաքրքրվեցինք, թե Մ. Յասչյանն ինչպե՞ս է հաճախում ու հաճախել աշխատանքի, պարոն Սահակյանն ասաց, որ նա ամեն օր էլ ներկայացել է: Մեր այն հարցին էլ, թե տիկին Հովհաննիսյանի ամուսնու հաշմանդամությունը մեղմացուցիչ հանգամանք չէ՞ր, ու հնարավոր չէ՞ր նրան պահել հիվանդանոցում, բժշկական կենտրոնի տնօրենը պատասխանեց, որ տեղյակ չի եղել ամուսնու հիվանդության մասին, սակայն դա ոչինչ էլ չէր փոխի, քանի որ «նա անշնորհք ձեւով է վարվել այցելուների հետ, հիվանդանոցում շատ էին դժգոհում նրանից. հայհոյում էր, անիծում էր շատերին: Աշխատանքային պայմանագրում կան կետեր, որը նա պետք է կատարի, եթե չի կարողանում, ապա դա նրա խնդիրն է»:
Մենք Մանուկ Յասչյանի հաճախելիության մասին պարզաբանում խնդրեցինք նաեւ «Հայբուսակի» բժշկական ֆակուլտետի դեկան Նելլի Քամալյանից: Նրան շատ վրդովեցրեց այն, որ այդ ուսանողի մասին բողոք է եղել. «Չգիտեմ, թե ով է նրանից դժգոհել, սակայն պիտի ասեմ, որ այդ բողոքողը պիտի գոնե նրա գիտելիքների կեսի չափ գիտելիք ունենա, որ նրա մասին վատը խոսի: Մանուկն ուղղակի փայլուն ուսանող էր, հնարավոր չէր, որ նա դասի չհաճախեր, հնարավոր է, որ մեկ կամ երկու դասախոսից թույլտվություն է վերցրել, բայց հաստատ եկել է դասերին»: Մնում է ենթադրել, որ նա այնքան «փայլուն» է եղել, որ միաժամանակ ե՛ւ դասերին է ներկա գտնվել, ե՛ւ աշխատավայրում: