Եվ ինչու են դժվարությամբ ընդունում օտարներին
Մյունխենի կենտրոնում գործող ռումինական ուղղափառ եկեղեցին յուրաքանչյուր ամսվա առաջին կիրակին տրամադրվում է Հայ առաքելական եկեղեցու ծառայությանը, եւ սա այն միակ վայրն է, ուր հավաքվում է Բավարիայի համարյա ողջ հայությունը՝ վարք ու բարքի տարբեր ըմբռնումներով, սոցիալական վիճակի անհավասարությամբ, հարաբերվելու չկամությամբ, Հայաստանի խնդիրներին արձագանքելու տարամերժ դրսեւորումներով:
Ինչ փույթ, թե այս երկիրը լույս, ջերմություն ու տանիք է տվել: Մեկ է՝ օտար ես, յուրային չես, փախստական ես: Սոցիալական այս դաժան կարգավիճակը օրինականության ու կարգուկանոնի խորհրդանիշ Գերմանիան ամրագրել է կայուն ու ճշգրիտ օրենքներով, որոնցով էլ իր էթնիկ ու քաղաքացիական հասարակությունը իրավական դաշտի ճշգրիտ բաժանումով առանձնացրել է փախստականներից: Գերմանիան ԱՄՆ չէ, որն ստեղծվել է քաղաքացիական հասարակության իրավական հիմքով. Գերմանիան ազգային կուռ պետություն է՝ ազգայնամոլության հզոր մակընթացությունը նոր-նոր հաղթահարած: Հետեւապես, չի խրախուսում փախստականների հարաճուն ներհոսքը երկիր: Գերմանիայի տարբեր երկրամասեր ղեկավարվում են առանձին սահմանադրությամբ, որոնց մեջ, սակայն, փախստականների հարցում մերժողական նույն պահվածքն է միտված: Այդ վերաբերմունքը հատկապես զգացվում է Բավարիայում՝ Գերմանիայի ամենապահպանողական ու ամենահարուստ երկրամասում, ուր որքան ժպտում են, նույնքան էլ մերժում օրենքի ընձեռած սահմաններում՝ գլխավոր հարցերի մեջ: Փախստականն իրավունք չունի իր ճամբարի շուրջ «գծած» 30 կիլոմետրանոց «շառավիղը» հատել, տուն վարձել, հարազատի մոտ ապրել, բանկում սեփական դրամագլուխ ունենալ: Նրա մասնագիտական դիպլոմը չի ճանաչվում, որն աղետ է՝ տարիների ուսում ու աշխատանքային փորձ ունեցող մասնագետների համար: Այս օրենքներն ամենախիստ կիրառությամբ իրականացվում են հատկապես ԽՍՀՄ նախկին երկրներից եկած փախստականների հանդեպ, բացառությամբ խորհրդային հրեաների, որոնք, ինչպես աշխարհի բոլոր խոշոր տերություններում, այնպես էլ այստեղ, շնորհիվ իրենց հզոր համայնքի հովանավորության, իսկ տվյալ դեպքում՝ նաեւ Գերմանիայի հասկանալի հատուկ վերաբերմունքի, արտոնյալ վիճակում են. շտապ կարգավիճակ են ձեռք բերում ու սպասում քաղաքացիություն ստանալու: Մեծ թիվ են կազմում նախկին Հարավսլավիայից, Ալբանիայից, Աֆղանստանից, Կոսովոյից փախածները, որոնց՝ քաղաքացիություն ստանալու դիմումները հիմնականում մերժվում են, ինչպես հայերինը:
Այս ամենով, սակայն, աշխարհի ոչ մի երկրում փախստականն այնպես ապահով չէ սոցիալապես ու իրավականորեն, ինչպես Գերմանիայում: Նրանք իրավունք ունեն դատապաշտպան վարձել ու պայքարել իրենց իրավունքների համար իրավական տարբեր ատյաններում: Իսկ դա կարող է տարիներ տեւել: Գերմանիայում սոցիալական խավերի խորը շերտավորում չկա, թեեւ, իհարկե, կան հարուստ միլիոնատերեր՝ դատելով հատուկ թաղամասերում կառուցված շքեղ առանձնատներից, ենթադրելի է, որ ավտոտնակում շքեղ մեքենա է կանգնած: Բայց քաղաքում նրանց չես տեսնի: Քաղաքում նրանք երթեւեկում են հեծանիվներով: Այստեղ շքեղ հանդերձանքը ցուցադրելու համար հատուկ փողոց դուրս չեն գալիս, ինչպես Հայաստանում: Գերմանիայում, չնչին բացառությամբ, չկան աղքատներ, մուրացկաններ, անօթեւաններ, թշվառներ: Ահա, սոցիալական այս յուրահատուկ հավասարության մեջ է այս երկրի հզորությունը: Երկիր մտնող յուրաքանչյուր փախստական ստանում է նպաստ, բժշկական ապահովագրություն, սնունդ, սեզոնային հագուստի փող, կացարան, հեռախոսի քարտ ու տրանսպորտի մշտական տոմս, մինչեւ նրա կարգավիճակի ճշտումը, որը հաճախ տարիներ է տեւում: Եթե հաշվի առնենք, որ Գերմանիայում այս ամենը բավական թանկ հաճույք է, հասկանալի կլինի, թե յուրաքանչյուր փախստական ինչ է արժենում այս երկրի վրա:
Էժան խանութների առկայությունը դյուրացնում է սննդի, առաջին անհրաժեշտության, հատկապես՝ հիգիենիկ ապրանքների գնումը, որոնք կոչված են ապահովելու այդ խավի միանգամայն նորմալ կեցությունը: Այս միջոցառումների շնորհիվ է, որ թե փախստականները, թե երկրի կայուն բնակիչները ապահով են, հագնված, կուշտ ու մաքուր, որով էլ երաշխավորվում է Գերմանիայի արտաքին մաքրամաքուր տեսքը: Սոցիալական խավերի համեմատաբար ապահով վիճակը թույլ է տալիս զերծ մնալ պատահական գողերից, գրպանահատներից, փողոցային պոռնիկներից, որոնք գուցեեւ կան, բայց՝ ոչ առերեւույթ: Մյունխենում գիշերային ժամերին կարելի է հանգիստ զբոսնել ու ցանկացած ժամի տուն վերադառնալ՝ չվախենալով փողոցային հարձակումներից: Այդ առումով Մյունխենը չես կարող համեմատել, ասենք, Հռոմի հետ. «գերմանական ապահովության» զգացումը մեզ այնքան էր բթացրել, որ Հռոմում հազիվ հասցրինք խուսափել օրը ցերեկով, ոստիկաններից տասը քայլ այս կողմ մեզ վրա կատարած գրպանահատ կանանց հարձակումից: Իտալիայի մայրաքաղաքում մետրոների գնացքներում, ավտոբուսներում փակցված գրությունները ամենուր զգուշացնում են հնարավոր գողությունների ու գրպանահատների առկայության մասին: Մյունխենի փողոցներում ոստիկաններ չկան: Նրանց առերեւույթ չես տեսնի ոչ տոնախմբությունների, ոչ անգամ ֆուտբոլային խաղերի ժամանակ: Բայց անհրաժեշտ պահին նրանք «ծլում» են հաշված վայրկյաններում, եթե դու սեղմես ցանկացած հեռագրասյան վրա ամրացված ոստիկանության շտապօգնության զանգի կոճակը: Ապահովության այս միջոցառումները հիմնականում բացառում են անկարգությունները, օրենքը պաշտպանում է սոցիալական բոլոր խավերի, բուսական ու կենդանական աշխարհի իրավունքները հավասարապես՝ անկախ քաղաքացիական կարգավիճակից, գույնից ու սեռից: Այդ պատճառով է, որ անպատժելիությունը արմատ չի ձգում այս հողում:
Գերմանիան ամուր օրինականության երկիր է, եւ առավելապես զարմանալի մեզ՝ օրենքն ամեն կերպ շրջանցելու ախտով դաստիարակված Հայաստանի քաղաքացիներիս համար: Ինձ այն պատկերանում է մի գերհզոր սարդոստայնի տեսքով, որ եթե մի թելին դիպչես՝ ողջ համակարգը կարող է արձագանքել: Գերմանիայի կանոնիկ օրինապահության մասին լեգենդներ են պատմում, որոնց ես հավատում եմ՝ երկու տարի ապրելով այդ երկրում, սակայն այս մեկը, որ պիտի պատմեմ՝ լեգենդ չէ, այլ իրողություն, որը պատահել է «Ազատություն» ռադիոկայանում (որի կենտրոնական գրասենյակն այն ժամանակ գտնվում էր Մյունխենում): Ինձ պատմել է ռադիոկայանի նախկին աշխատակից Ռաֆայել Հակոբյանը:
Ռադիոկայանի ռուսական ծառայության աշխատակիցներից մեկը թոշակի պիտի անցներ: Գերմանիայի սոցիալական ապահովության նախարարության համապատասխան ծառայությունը պետք է ճշտեր նրա աշխատանքային կենսագրությունը, նախկին աշխատավայրից ստացած եկամուտները, որ ըստ այդմ հաշվեր թոշակի չափը Գերմանիայի օրենքով: Իսկ այդ աշխատակիցը, պարզվում է, նախկին ռազմագերի է, խորհրդային բանակի սպա. Հայրենական պատերազմում կռվել է Գերմանիայի դեմ, ո՛վ գիտե՝ քանի գերմանացի է սպանել ու գերի է ընկել գերմանական կողմին: Բավարիայի սոցիալական ապահովության ծառայությունը շփոթահար է՝ ինչպես հաշվել նրա թոշակի չափը, Գերմանիայի օրենքում այդպիսի դեպք նախատեսված չէ: Նախկին թշնամուն ինչ օրենքի հիմքով թոշակ տալ: Տալը հակաբարոյական է, մերժելը՝ մարդու իրավունքների ոտնահարում: Եվ քանի որ գերմանացու համար օրենքը մնում է օրենք, խորհրդային բանակի նախկին սպային նշանակվել էր թոշակ… գերմանական բանակի սպայի կարգավիճակով: Ահա թե ինչ ասել է գերմանացու օրենք:
Գայթակղությանը չեմ դիմանում, այս մեկն էլ պիտի պատմեմ: 1945 թվական: Պարտված Գերմանիա: Ռմբակոծված, հողին հավասարեցված քաղաքներ ու գյուղեր: Խուճապ: Բայց փոստային ծառայությունն աշխատում է նույն բծախնդրությամբ: Նամակներից մեկը չէր հասել հասցեատիրոջը, բայց… չէր էլ կորել: Մեկ ամիս անց վերադարձվել էր ուղարկողին՝ կից գրությամբ. «Հասցեում նշված քաղաքը ռմբակոծվում է, ներողություն ենք խնդրում, որ առայժմ չենք կարող հանձնել հասցեատիրոջը»:
Այս մի դեպքն էլ ինձ հետ է պատահել՝ Մյունխենում: Հսկայական մի խանութում, աղջկաս համար շորեր ընտրելիս, հավանաբար տեսականու առատության պատճառով, շփոթվեցի ու կորցրի պայուսակս: Ուշքի գալով՝ սկսեցի փնտրել ու երբ մտովի սարսափած պատկերացրի, թե ինչ բյուրոկրատական քաշքշուկի առաջ եմ կանգնելու՝ մեր ողջ անձնական փաստաթղթերը, տան բանալիները նորից ստանալու համար, խանութի աշխատակիցը հավանաբար նկատել էր ու մոտեցավ, ժպտալով պարզեց պայուսակս. «Գետնից գտանք»,- ասաց: Ուրեմն այդ բազմահազարանոց խանութում ոչ մեկի մտքով չէր անցել վերցնել ու յուրացնել գետնին ընկած անտեր պայուսակը:
Մյունխենում ապրած երկու տարվա յուրաքանչյուր առավոտ ես զարմացել եմ՝ նայելով Բյուլովշտրասե փողոցի թիվ 20 տան իմ պատուհանից: Երբ օրվա «պիկ» ժամին նորոգել են բանուկ ճանապարհը, եւ դրանից երթեւեկը չի խախտվել: Երբ հսկա փոշեկուլներով մոլեկուլ առ մոլեկուլ փողոցներն են մաքրել: Երբ հեքիաթի չափ գեղեցիկ տներ են կառուցել ու դրանից շրջակայքում ոչ աղմուկ է եղել, ոչ փոշի: Երբ փողոցներում դրված հսկա տակառների մեջ չեն նետվել տարբեր գույնի շշեր, քանի որ ամեն մեկը նախատեսված է իր գույնի համար: Երբ համարակալած թռչնի բներ եմ տեսել հեկտարներով ձգվող հայտնի Ինգլիշե գարդենում: Հաստատ 18 համարում ապրող թռչունը չի մտնում 20 համարի բույնը: Երբ վաղ գարնանամուտին, ուղիղ փետրվարի վերջին օրը լվացվել են ճանապարհային բոլոր լուսացույցներն ու լամպերը: Զարմացել եմ, որ թափառական կենդանիներ չկան, երբ ամեն մարդ կենդանի է պահում, անգամ գայլ, որոնք մեկ կանչից ենթարկվում են տիրոջը: Զարմացել եմ տրանսպորտի անսխալ աշխատանքից, երբ ժամացույցդ պետք է ուղղես չվացուցակով. եթե տրանսպորտը մի քանի րոպե ուշացել է ու կանգառի ռադիոն չի հայտարարում արտակարգ պատահարի մասին ու չի ուղարկում հերթապահ ավտոբուս, ուրեմն ժամացույցդ է սխալ:
Օրենքի հանդեպ այս պաշտամունքը, որը հաճախ աբսուրդի է հասնում, իմ համոզմամբ՝ սեր է, գուրգուրանք հայրենի երկրի, իր տան հանդեպ, որի մասին խոսում ու երգում ենք հեկտարներով, բայց, ավաղ, անում ենք հակառակը: Այդօրինակ սերն է, որ մի քանի տասնամյակ առաջ փլատակների վերածված երկիրը եդեմական դրախտի է վերածել: Ու, բնականաբար, գերմանացին խանդով պիտի վերաբերվի օտարների գորշ առկայությանն իր երկրում ու չշտապի քաղաքացիություն բաշխել ամեն ճանապարհով երկիր ներխուժած յուրաքանչյուր փախստականի:
Իսկ ճանապարհները տարբեր են: Տարիներ առաջ Մյունխենի ու Համբուրգի փախստականների ճամբարներում կատարած իմ գրառումները որքան հետաքրքիր են, նույնքան ցավալի ու զավեշտական: Այն մասին, թե ինչ հնարավոր ու անհնար ուղիներ են փնտրում մեր հայրենակիցները՝ շրջանցելու գերմանական կուռ օրենքները, եւ ինչպես են ձախողում՝ մեկ ուրիշ անգամ: