Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԷՇԻՆ՝ ՏԵԽԶՆՆՄԱ՞Ն, ՏԻՐՈՋԸ՝ ՈՒՍՄԱ՞Ն

Հունվար 27,2009 00:00

\"\"Նեղ մասնագետ չոբաններն ի՞նչ անեն

Մի օր ծանոթներիցս մեկի բարեկամը՝ արմատներով ապարանցի ուստա Տխուրը, «փառք Աստծուն» ասելով, պատմում էր, որ իր երկու անասունները մի կերպ են փրկվել ճանապարհատրանսպորտային պատահարից. Սեւան-Երեւան մայրուղով մեծ արագությամբ շարժվող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, հեռվից նկատելով ճանապարհը հատող անասուններին, մեծ դժվարությամբ է կարողացել արգելակել մեքենան: «Հենց հասավ կովերիս՝ հազիվ տոռմուզները պահեց: Թե չէ՝ համ մեքենան կարող ա շրջվեր, համ էլ անասուններս կոտորվեին»,- փորձանքից պրծածի ուրախությամբ ասաց ուստա Տխուրը: Հետաքրքրվեցի, թե տեղյա՞կ է անասուններին երթեւեկելի մասերով քշելու կարգին եւ, ընդհանրապես, ինչպե՞ս է դա անում: «Տո, ինչ կարգ, ինչ բան. ունեցած-չունեցածս երկու կով ա: Տենում եմ ավտո չկա՝ ճամփեն անցկացնում եմ: Պռոստը էդ մի անգամը մեքենան պավառոտից թեքվեց մեծ արագությամբ, չհասցրինք դուս գալ ճանապարհից»,- ասաց անասնատերը: Նրան հարցրի՝ տեղյա՞կ է, որ, ըստ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենսդրության՝ «Վարորդին է հավասարեցվում նաեւ վարել սովորեցնողը, ինչպես նաեւ ճանապարհով բեռնակիր եւ (կամ) հեծկան կենդանիներ կամ անասուններ քշող անձը»: Այսինքն, էշ, ձի քշողները, անասնապահները եւս վարորդի կարգավիճակ ունեն, ուստի պետք է ունենան վարորդական վկայական: Ուստա Տխուրն ունի՞ նման փաստաթուղթ: Վերջինս անարդար համարեց օրենքի նման պահանջը եւ այսպես հիմնավորեց. «Արոտավայր չկա, բան չկա: Անասուններին ամառը մի կերպ պահում ենք, մենք էլ քիչ ենք ուտում, ծախսում, որ կարանանք անասունին ձմեռվա խոտ առնենք: Խոտի մի տուկն էլ 1000 դրամ ա: Ամենաքիչը իրեք հարիր (300) դոլարի խոտ պիտի առնեմ, որ անասունս ուտա, չսատկա: Դժվար ա. փոխանակ հարկերից ազատեն, հըլը մի հատ էլ ե՞ս պտի փող տամ, սորվեմ, որ վարորդական վկայական ստանամ: Համ էլ, էդ ո՞նց պտի դասընթացն անեն. ես, օրինակ, 60 տարեկան մարդ եմ, բայց մինչեւ հիմա չեմ տեսել մի էշ, ձի կամ չոբան, որի գլխին էդ ուսումնական նշանից ըլնի մեքենաների նման, ես էլ գնամ մոտը սորվեմ ու վկայական ստանամ»: Հետո ուստա Տխուրը մի փոքր էլ խորացավ, ու մի թեթեւ անցավ էշ քշող «վարորդին» վերաբերող ենթահարցերին. «Լավ, ասենք թե վկայական էլ հանեցի, էշս տեխասմոտրի՞ պտի տանեմ: Ըտենց յամկա ունե՞ն, որ հանեն, ստուգեն: Կամ էշի ի՞նչը պտի ստուգեն: Էշ ա, մեխանիզմ չի, որ փչանա: Եթե աջից խփում ես՝ ձախ ա գնում, ձախից խփում ես՝ աջ ա գնում, սանձը ձգում ես՝ կանգնում ա, ուրեմն էշի մարգատներն աշխատում ա, տոռմուզն էլ՝ պահում ա: Էդ էլ քեզ տեխասմոտր»:

Ուստա Տխուրի կարծիքով, ծայրահեղ դեպքում վարորդական իրավունք պետք է ձեռք բերեն նեղ մասնագետ չոբանները՝ տվյալ համայնքի հաշվին, քանի որ համայնքի անդամների անասուններն են տանում արածեցնելու: Նկատելով, որ եզդիներն ի ծնե ոչխարասեր ազգ են, սրամիտ Տխուրը կարծիք հայտնեց, որ, օրինակ, Հայաստանի եզդիների նախագահ Ազիզ Թամոյանը պետք է իր հոտի նեղ-մասնագետներին ապահովի վարորդական վկայականներով: «Այ, նրանք պտի իմանան ոչխարներին շարքով տանելու կարգը, թե չէ՝ ոչխարները մեկ-մեկ ճամփեքը փակում են, մեքենաների սիգնալներից էլ շշկռվում ու ավելի բարձր բառաչում»,- հուշեց ուստա Տխուրը, ում ծննդյան օրը մայրը շատ անհանգիստ ու տխուր է եղել. աղվեսը հավանոցից հավերին տարել էր ու ձվերը կոտրել. «Դրա համար էլ անունս Տխուր են դրել, չնայած կարային դնեին Անհանգիստ»,- կատակեց Տխուրը ու չցանկացավ լուսանկարվել. մտավախություն ուներ, որ պետավտոտեսուչները կարող են վաղն անասունների հետ իրեն տեսնել ու վարորդական վկայական պահանջել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել