Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Շենքի մուտքը սեփականացրել են

Հունվար 27,2009 00:00

\"\"Ավանի թաղապետարանը պնդում է, որ շենքի շքամուտքն ու հարող տարածքը օրինական է հատկացրել:

«Ինչու մենք չէի՞նք կարող մեր շենքի շքամուտքին կից այդքան ընդարձակ տարածքն օգտագործել, որ նրանք են եկել ու յուրացրել»,- երեկ նման դժգոհությամբ «Առավոտին» դիմեցին Ավան-Առինջ թաղամասի առաջին միկրոշրջանի թիվ 1/2 շենքի բնակիչները: Օրերս նրանց առաջին հարկի նոր բնակիչ՝ ոմն Մհեր, շինաշխատանքներ է սկսել՝ նպատակ ունենալով շենքի շքամուտքը փակել ու ներառել իր բնակարանի հատակագծում: Ինչին խիստ դեմ են շենքի մյուս բնակիչները, ասելով, որ դա «անօրինական» է: Նշենք, որ շենքն ունի եւս մի մուտք, որը, սակայն, շատ ավելի նեղ է, քան այդ մեկը: Շենքի բնակիչներին զայրացնում է հատկապես այն, որ կառուցապատողն իր ապագա բնակարանի ներսում է պահելու իրենց էլեկտրաէներգիայի հաշվիչները. «Ո՞նց ենք իմանալու, թե որքան կիլովատ ենք օգտագործել»:

Կառուցապատողի ու շենքի հին բնակիչների վեճը թեժացել էր ուրբաթ երեկոյան, երբ նորեկ հարեւանը շինտեխնիկա է բերել ու ցանկացել շքամուտքի աստիճանները քանդել: Հարեւանները դուրս են եկել իրենց տներից ու մարմիններով փակել շենքի աստիճանները: «Դրանից հետո այդ մարդիկ կտրեցին շենքի հեռախոսալարերը, ջրի խողովակը: Մի աղջիկ եկավ ու ասաց, որ իրենց գործողություններն օրինական են: Երբ մենք նրանից փաստաթուղթ պահանջեցինք, ասաց, որ ցույց չի տա ու գնաց: Որոշ ժամանակ անց աստիճանների մոտ սկսեցին քանդել, ասելով, որ ջուրն են ուզում սարքել, բայց մենք գիտենք, որ մեր շենքի ջրի խողովակներն այդ տարածքով չեն անցնում, ու նորից թույլ չտվեցինք քանդեն»,- մեզ հետ զրույցում պատմում էին բնակիչները: Նրանք արդեն բողոք-նամակներ են ուղարկել հանրապետության նախագահին, քաղաքապետին ու Ավան համայնքի թաղապետին: Բնակիչներից մեկի խոսքերով՝ իրենց օրերս այցելել են օմբուդսմենը, Ավանի 2 համատիրությունների նախագահներ, ավագանու անդամներ. «Սակայն հարցն այդպես էլ չի լուծվում: Մենք չենք հավատում, որ այդ գործողություններն օրինական են»:

Բնակիչները երեկվա դրությամբ դեռեւս հեռախոսակապ չունեին, իսկ ջրի հարցն էլ նրանք իրենց միջոցներով են կարգավորել:

Այս առնչությամբ Երեւանի քաղաքապետարանի հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանն ասաց, որ այդ տարածքը ժամանակին եղել է թաղապետարանինը, որն էլ իրավասություն ունի այն սեփականության իրավունքով հատկացնել որեւէ քաղաքացու:

Ավան համանյքի թաղապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանն էլ «Առավոտին» պարզաբանեց, որ այդ տարածքի սեփականատերը Անահիտ Թովմասյանն է, ու նա ունի սեփականության վկայական: Մեր հարցին, թե ինչո՞ւ հաշվի չի առնվել բնակիչների կարծիքը, նա պատասխանեց. «Սա այն տարածքներից է, որ չի համարվում շենքի բնակիչների համասեփականություն, ուստի մենք իրավունք ունեինք առանց նրանց համաձայնության մրցույթով հատկացնել տվյալ քաղաքացուն: Եթե նկուղ լիներ՝ պետք կլիներ նրանց համաձայնությունը: Մարդն ունի սեփականության իրավունք, չեմ հասկանում՝ ինչո՞ւ են ամբողջ շենքով դուրս եկել այդ մեկ բնակչի դեմ»: Մեր այն հարցին, թե շենքի ջրի խողովակների եւ հեռախոսալարերի կտրման հարցն ինչպե՞ս է լուծվելու, պարոն Մակարյանը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ, որ հեռախոսների խնդիր կար, իսկ ջրի խնդիրն անմիջապես է լուծում գտել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել