Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՏԱՆ ՓՈԽԱՐԵՆ՝ ԿՈՎ ԵՆ ՏՎԵԼ

Հունվար 27,2009 00:00

\"\"Չնայած Արմավիրի մարզում բնակվող Ադրբեջանից արտագաղթածների մեծ մասն իր կյանքից գոհ է, սակայն նրանց մեջ կան նաեւ մարդիկ, որոնք չեն հասցրել տունը փոխանակել ու մինչեւ հիմա անտուն են:

«Էսօրվա պես լավ հիշում եմ՝ 1989 թվականի օգոստոսի 13-ն էր: Մենք պատրաստվում էինք առավոտյան մեկնել Բաքվից, բայց գիշերը մի քանի ադրբեջանցիներ մտան մեր տուն ու մեր աչքի առաջ ամեն ինչ ջարդուփշուր արեցին: Երեխաներս քնած էին, իրենց սենյակի պատուհաններն էլ դրսից քարերով ջարդեցին: Գիշերը սարսափած անցկացրինք, երեխաներիս հարեւանները պահեցին: Առավոտյան փախանք Ռուսաստան, հետո էլ՝ Հայաստան»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Նինա Գրիգորյանը, որն ընտանիքով այժմ բնակվում է Արմավիրի մարզի Սիս գյուղում: Ի տարբերություն այս գյուղում բնակվող Ադրբեջանից գաղթած մյուս հայերի՝ Ն. Գրիգորյանը չի կարողացել այն ժամանակ փոխանակել իր բնակարանը Հայաստանում բնակվող որեւէ ադրբեջանցու հետ: Տիկնոջ պատմելով՝ Սիս գյուղում աշխատելու ժամանակ մոտ 1000ք/մ հողակտոր է ստացել, հետո Գյումրիից ամուսինը երկաթե տնակ է բերել, որտեղ էլ ապրել են ընդամենը մի քանի տարի, քանի որ շատ շուտով տնակի տանիքը վնասվել է եւ սկսել կաթել: Կնոջ խոսքերով. «Ձմեռներն էլ այնքան ցուրտ էր, որ երեխաներն անընդհատ հիվանդանում էին: Դոմիկում բնակվելն արդեն հնարավոր չէր ու ստիպված տեղափոխվեցինք բարեկամի տուն: Մի 2 տարի առաջ խոսակցություն եղավ, որ մեզ տան համար հերթագրելու են, բայց փախստականների կոմիտեից ասացին, որ մեզ տուն չի հասնում: Պատճառաբանեցին, որ տնակ ունենք, համ էլ բարեկամի տանն եք ապրում: Ինչ եկել ենք՝ որպես օգնություն մի կով են տվել»: Գրիգորյանների ընտանիքը սպասելիքներ է ունեցել նաեւ փախստականների հարցերով մեր երկրում գործող նորվեգական գրասենյակից, սակայն այնտեղից էլ են մերժել, ասելով, որ հող ունեն, այդ պատճառով էլ չեն կարող օգնել. «Իսկ էդ հողը աղակալած է, ոչ մշակել է լինում, ոչ էլ վաճառել»:

Արմավիրի մարզի Ռանչպար գյուղում նույնպես հիմնականում Ադրբեջանից գաղթած հայեր են բնակվում: Լարիսա Ասատուրովան մոտ 20 տարի բնակվում է Ռանչպարում: Լարիսայի ընտանիքն էլ մի կերպ է փրկվել ադրբեջանցիների բռնություններից. «Մի ռուս մանկավարժ կին օգնեց մեզ. տոմս գնեց, որպեսզի կարողանանք շտապ մեկնել: Չկարողացա տունս փոխանակել: Հիմա մորս տանն եք ապրում: Էլ հույս չունեմ, որ մի լավ բան կլինի ու տուն կստանամ: Արդեն 52 տարեկան եմ, ինչքա՞ն սպասեմ, մնում է ինձ գերեզմանի տեղ տան, ոչ թե տուն»: Իսկ ահա Ալբերտ Դալլաքյանը հասցրել է իր տունը փոխանակել: Չնայած Բաքվի տունը, Ալբերտի պատմելով, շատ ավելի շքեղ էր, պայմաններն էլ ավելի լավն էին, սակայն ժամանակ ու այլընտրանք չկար. «Ես հետո սենյակ ավելացրի, տեղավորվեցինք, երեխաներս էլ արդեն ընտելացել են, հիմա ամեն ինչ լավ է: Միայն թե գազ լինի, ավելի լավ կլինի, որ գործ էլ լինի, մարդիկ աշխատեն, մեր գյուղը շատ լավն է»: Մեզ հետ զրուցած գրեթե բոլոր արտագաղթածներն ընդունել են ՀՀ քաղաքացիություն եւ լիարժեք քաղաքացի են զգում իրենց, այլ ոչ թե, ինչպես շատերն են ասում՝ փախստականներ. «Մենք նույնիսկ ամաչում ենք, որ մեզ փախստական են ասում: Քանի որ հիմնականում ռուսերեն ենք խոսում, ամեն առիթով գյուղացիք ասում են՝ ի՞նչ եք էդ շան լեզվով խոսում: Բայց չէ՞ որ մենք մանկուց այդ լեզվով ենք խոսել, ադրբեջանցիների հետ էլ ենք ռուսերեն խոսել: Փառք Աստծո, մեր երեխաները հրաշալի հայերեն գիտեն ու ինստիտուտում են սովորում»:

Սիս գյուղի բնակիչ Սեդա Շաբոյանը, որն ադրբեջանցիների օրոք էլ է Սիսում ապրել, մեզ հետ զրույցում պատմեց. «Փախստականներն արդեն հարմարվել են: Առաջ կնունք, մատաղ չէին անում, իսկ հիմա անում են: Ոմանք քաղաքից էին եկել, վառարան չէին կարողանում վառել, հող չէին կարողանում մշակել, հիմա, մեր օգնությամբ, դրանք էլ են սովորել ու ամեն ինչին հարմարվել են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել