Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գյումրեցի կուսակցականներն իրար մի՞ս են ուտում

Հունվար 27,2009 00:00

Ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի՝ մարզի ՀՀՇ-ականները 2 թեւի են բաժանվել

Նախագահական ընտրությունների ավարտին գրասենյակների դռները կողպելուց ու ընդհատակ անցնելուց հետո, որոշ կուսակցություններ Գյումրիում սկսել են ակտիվանալ ու հիշեցնել իրենց գոյության մասին: Շաբաթ օրը նիստ էին գումարել ԲՀԿ-ն ու ՀՀՇ-ն: Թվում էր, առաջին հերթին նրանց հետաքրքրողը պետք է լինի ԵԽԽՎ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկել-չզրկելու հարցը, բայց պարզվում է, որ նրանք ավելի «լուրջ» խնդիրներ ունեն: Օրինակ, շարքային ԲՀԿ-ականները նեղսրտած են իրենց ղեկավար Գագիկ Ծառուկյանից: Նրանց խոսքերով՝ աշխատանքային հարցերով մայրաքաղաք մեկնող ոչ մի կուսակցականի Գ. Ծառուկյանն անձամբ չի ընդունում ու նրանց «մարդատեղ» չի դնում: Վերջիններս այնքան էին վրդովված, որ ներկուսակցական տարաձայնությունները «ԳԱԼԱ» հեռուստաընկերության միջոցով ի ցույց դրեցին ամբողջ Շիրակի մարզում: Իսկ ՀՀՇ-ում կարծես թե ամեն ինչ հարթ էր ու խաղաղ, եւ վերջիններիս հետաքրքրողը Հայ ազգային կոնգրեսին անդամագրվելու, իշխանություններին գահընկեց անելու եւ տնտեսական մենաշնորհային քաղաքականության դեմ պայքարելու հարցերն էին: Սակայն՝ սա արտաքուստ: Ըստ լուրերի՝ մի թունդ պատերազմ էլ սկսվել է այստեղ, իսկ թեման նոր ձեւավորվող ՀԱԿ-ի տեղական կառույցի ղեկավարի պաշտոնն է: Նույն խոսակցությունների համաձայն՝ այդ պաշտոնը զբաղեցնելու մեծ ցանկություն են ունեցել տեղի որոշ ՀՀՇ-ականներ, որոնք անձնվեր պայքարել են Լեւոն Տեր-Պետրոսյանի համակրանքը վայելելու համար, սակայն նրանց ջանքերն ապարդյուն են անցել, քանի որ մի օր նրանց է ներկայացվել իրենց նոր համակարգողը՝ «Լիբերալ» կուսակցության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը: Ի դեպ, Գյումրիում այդ աշխատանքները համակարգում է Մարտին Ղարիբյանը, որը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հորաքրոջ տղան է: Քանի որ ՀՀՇ-ի ամբողջ նիստի ընթացքում այն վարողը՝ ՀՀՇ ներկայացուցիչ Անդրանիկ Գեւորգյանը, կրկնում էր, թե իրենց մոտ փոխըմբռնման մթնոլորտ է, «Առավոտը» նրանից հետաքրքրվեց, թե այդ դեպքում ինչո՞ւ են քաղաքում խոսակցություններ պտտվում, թե ՀՀՇ-ականները պաշտոնակռիվ են մղում. «Դրանք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը, Հայ ազգային կոնգրեսի գործադիր մարմինը՝ ի դեմս պարոն Արարատ Զուրաբյանի, Արամ Զավենի Սարգսյանի, Ստեփան Դեմիրճյանի եւ ղեկավարությամբ առաջին նախագահի, նրանց կողմից լիազորված մարմինները մեզ եկել եւ ներկայացրել են ամբողջ Շիրակի մարզի գործերի կոորդինատորին՝ պարոն Հովհաննես Հովհաննիսյանին: Նա լիարժեք լիազորություն ունի Շիրակի մարզում բացել ոչ թե 1, այլ 2, 3, գուցե եւ 6 գրասենյակ: Քանի որ Գյումրին մեծ քաղաք է, հնարավոր է, որ մի կենտրոնի փոխարեն ունենա մի քանի ենթակենտրոններ, որոնցից մեկի պատասխանատուն Մարտին Ղարիբյանն է: Կոնգրեսին անդամակցող եւ համակիր բոլոր քաղաքական ուժերի ու հ/կ-ների միջեւ կա սերտ համագործակցություն՝ անկախ այն հանգամանքից՝ կոնգրեսի մի մասը հավաքվում է Հայոց համազգային շարժման գրասենյակո՞ւմ, թե՞ Իսահակյան փողոցում»: Իսկ թե ինչո՞ւ Հայ ազգային կոնգրեսի Գյումրիի գրասենյակի ղեկավար Մարտին Ղարիբյանը չի մասնակցում ՀՀՇ-ի գումարած նիստին, Ա. Գեւորգյանը պատասխանեց. «Մենք հրավեր ուղարկել ենք նրան, գուցե ընտանեկան հանգամանքների բերումով, գուցե զբաղվածության բերումով չի կարողացել մասնակցություն ունենալ»: Նույնն ասաց նաեւ Մարտին Ղարիբյանը, որ նիստին չի մասնակցել զբաղվածության պատճառով. «Եթե կան ներքին խնդիրներ ՀՀՇ-ականների միջեւ, վստահեցնում եմ, որ դա կոնգրեսի հետ բացարձակապես կապ չունի, եւ անկախ իրենց անձնական հարաբերություններից, բոլորը գնում-գալիս են մեր գրասենյակ, իսկ այն խոսակցությունները, թե կան տարաձայնություններ կոնգրեսի եւ ՀՀՇ-ականների միջեւ, կարծում եմ, գալիս են իշխանական թեւից, նրանք ամեն ինչ անում են իմիտացիա ստեղծելու, թե կոնգրեսում պաշտոնակռիվ կա, այստեղ պաշտոն չեն բաժանում, բոլորը հավաքվել են մի գաղափարի շուրջ ու բոլորի գերխնդիրը բռնապետությունից ազատվելն է, իսկ այստեղ այցելում են նաեւ կոմունիստները, Արթուր Բաղդասարյանից խաբված ՕԵԿ-ականները, նույնիսկ ոստիկաններ»:

Նշենք, որ Մարտին Ղարիբյանը Գյումրիի մսի պահածոների կոմբինատի նախկին տնօրենն է, այժմ էլ նույն կոմբինատի լուծարային հանձնաժողովի նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել