Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԻՆԿԱՍԱՑԻԱՆ ՎԱՏ Է ԱՇԽԱՏՈՒՄ»

Հունվար 27,2009 00:00

Ի պատասխան գումարի կորստի վերաբերյալ «Պրո Կրեդիտ» բանկի հաճախորդի բողոքի` բանկում մեղքը գցել են ինկասացիոն ընկերության վրա:

ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ մեր երկրի ինկասացիոն կազմակերպությունները պարտավոր են կանխիկ դրամի ինկասացիայի համար նախատեսված իրենց ավտոտրանսպորտային միջոցների պարկը վերազինել եւ բոլոր մեքենաները զրահապատել: Սակայն մասնագիտացված կազմակերպությունները դժվար են համակերպվում կառավարության որոշման հատկապես այն մասի հետ, որը վերաբերում է ավտոտրանսպորտային պարկի վերազինմանը: Խնդիրն այն է, որ նրանք ստիպված պետք է լինեն ձեռք բերել նոր մեքենաներ, որոնք բավականին թանկ են: Նշենք, որ հատկապես վերջին տարիներին քիչ չեն հարձակումներն ինկասացիոն ավտոմեքենաների վրա:

Այսօր հանրապետությունում գործում է 3 ինկասացիոն ընկերություն՝ «Հայինկասացիան», «Էկոնոմինկասացիան» եւ «Կոնվերսինկասացիան»: Թեեւ «Առավոտի» հետ զրույցում «Հայինկասացիա» եւ «Էկոնոմինկասացիա» ընկերությունները միաբերան պնդեցին, որ իրենք անխափան սպասարկում են իրենց ծառայություններից օգտվող բանկերին եւ ավտոմեքենաների անվտանգության կամ քանակի հետ կապված խնդիրներ չունեն, այնուամենայնիվ, խմբագրությունը բանկերի հաճախորդներից պարբերաբար դժգոհություններ է ստանում, որ բանկերում հատկապես խոշոր գումարներով գործարքներ կատարելիս՝ ֆինանսապես տուժել են: Ի պատասխան հաճախորդների բողոքների՝ բանկերի աշխատակիցները պատասխանել են, որ մեղքը ոչ թե իրենցն է, այլ իրենց սպասարկող ինկասացիոն ընկերությանը:

Մասնավորապես, նախորդ տարվա նոյեմբերին «Պրո Կրեդիտ» բանկի հաճախորդներից մեկը՝ Սամվել Մուրադյանը, բանկի Շահումյան մասնաճյուղից բավական մեծ քանակությամբ դոլար է գնել եւ փոխարենը բանկին դրամ է տվել: Այդ գումարը բերելու համար բանկը դիմել է իրեն սպասարկող ինկասացիոն կազմակերպությանը: Ս. Մուրադյանի պատմելով. «Երբ ինկասացիայի ավտոմեքենան եկավ դրամը տանելու, փոխարենը դոլարը չէր բերել: Դրամը տանելուց հետո, բավական ուշացումով եկավ մեկ այլ մեքենա եւ բերեց իմ գումարը, սակայն նրանք այնքան էին ուշացրել իմ գումարը, որ դոլարի փոխարժեքն արդեն փոխվել էր եւ ես տուժեցի 1500 դոլար: Երբ իմ դժգոհությունն արտահայտեցի, բանկում ասացին, որ մեղավորը ոչ թե իրենք են, այլ իրենց բանկը սպասարկող «Էկոնոմինկասացիան»: Այս առնչությամբ «Էկոնոմինկասացիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արմեն Ղազարյանն «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ կոնկրետ դեպքն իրենց հայտնի լինելու դեպքում՝ հարցին ավելի մանրամասն կպատասխանի, ու եթե քաղաքացին իրենց դիմի, թե կոնկրետ երբ է բանկի հետ գործարք կատարել, իրենք կարող են պարզել՝ մեղավորը «Էկոնոմինկասացիա՞ն» է, թե՝ բանկը: Ա. Ղազարյանի խոսքերով. «Եթե բանկը տվյալ քաղաքացու հետ խնդիր է ունենում՝ մեղավորն ինքն է, եւ պետք չէ այստեղ ներքաշել ինկասացիոն կազմակերպությանը: Եթե բանկը գումար չուներ, թող դոլար չվաճառեր եւ քաղաքացուն երկար ժամանակ չպահեր: Եվ, ընդհանրապես, կոնկրետ բանկ-հաճախորդ հարաբերություններում պատասխանատուն միշտ բանկն է»: Բացի այդ, Ա. Ղազարյանի ներկայացմամբ, բանկը պարտավոր է իրենց գումարային պատվեր տալ 24 ժամ առաջ. «Թեեւ լինում են դեպքեր, երբ մեկ ժամվա ընթացքում էլ գումարը ժամանակին հասցնում ենք տեղ, քանի որ մենք շահագրգռված ենք, որ պատվերները ժամանակին կատարվեն, եւ մինչ օրս մեզանից ոչ մեկը չի դժգոհել»: Անդրադառնալով ինկասացիոն գործունեության վերաբերյալ կառավարության որոշմանը՝ Ա. Ղազարյանը նշեց, որ իրենք սպասարկում են 9-10 բանկ եւ ունեն սպասարկող 13 ավտոմեքենա, որից 10-ն արդեն զրահապատ է:

Ինչ վերաբերում է «Հայինկասացիային», ապա գործադիր տնօրեն Վիկտոր Գրիշչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք Հայաստանի ամբողջ տարածքում շահագործում են 47 հատուկ ավտոտրանսպորտային միջոց, որից միայն Երեւանում օրական շահագործվում է 20-23-ը, որոնք ապահովված են համապատասխան անձնակազմով: Վ. Գրիշչյանի ներկայացմամբ. «2008 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հայինկասացիա» ՓԲԸ-ի՝ ինկասացման նպատակով օգտագործվող 47 ավտոտրանսպորտային միջոցներից 34-ը զրահապատ է, մնացած 13-ը 2002-2004 թվականների արտադրության մեքենաներ են եւ մինչեւ այս տարվա ավարտը ենթակա են փոխարինման զրահապատ ավտոմեքենաներով: Մեր մեքենաները հին չեն, եւ ապահովված են դրանց անվտանգության պայմանները»: Գործադիր տնօրենի հավաստմամբ՝ «Հայինկասացիան», բանկերի կողմից ստանալով բանկոմատները լիցքավորելու հայտերը, մեկ ժամվա ընթացքում բավարարում է այն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել