Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Աշխատանքային խումբ, որտեղ բացակայում է ընդդիմությունը

Հունվար 27,2009 00:00

«Զինաթափված» ընդդիմությունը (այս դեպքում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը) Ստրասբուրգ եւս չգնաց

Հունվարի 23-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՀ Քրօրի 225 եւ 300 հոդվածներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքի նախագծի մշակման նպատակով ստորագրել է հրաման՝ աշխատանքային խումբ ստեղծելու մասին: Խմբի ղեկավարը կլինի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, խմբում ընդգրկված են արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արծրունի Աղաջանյանը: Աշխատանքային խմբին հանձնարարվել է խմբի աշխատանքներին մասնակից դարձնել ԱԺ «Մարտի 1-ի» ժամանակավոր հանձնաժողովի անդամներին, նաեւ՝ օրինագծի մշակման ժամանակ հաշվի առնել Եվրոդատարանի նախադեպային պրակտիկայով սահմանված չափորոշիչները եւ օրենքի՝ իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանելու հարցը: Աշխատանքային խմբի ղեկավարին հանձնարարվել է մինչեւ 2009 թ. փետրվարի 19-ը ներկայացնել առաջարկություններ: ԱԺ նախագահի այս հրամանագրի մասին տեղեկությունը տարածվեց շաբաթ երեկոյան, իսկ կիրակի ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամները մեկնեցին Ստրասբուրգ:

Դժվար չէ նկատել, որ աշխատանքային խմբի բոլոր անդամներն էլ այս պատվիրակության անդամ են, եւ այսօր Ստրասբուրգում նրանք առիթը բաց չեն թողնի աջ ու ձախ խոսելու նաեւ այս աշխատանքային խմբի մասին, որի անունն արդեն կա, բայց՝ «ամանումը դեռ ոչինչ չկա»: Եթե հաշվի առնենք, որ Ստրասբուրգում չի լինելու պատվիրակության միակ ընդդիմադիր պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը, պատկերը լրիվ պարզ կլինի՝ իշխանության ներկայացուցիչները եվրոպացիներին կասեն բաներ, որոնց չի կարող հակադարձել ոչ մեկը: «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը ԵԽԽՎ-ի նիստերին այլեւս չի մասնակցելու եւ այդ մասին, ինչպես երեկ հիշեցրեց խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, հայտարարություն արել էր դեռ ԵԽԽՎ ամառային նստաշրջանում: Պարոն Հովհաննիսյանի չմասնակցելու պատճառն, ըստ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի, հետեւյալն է՝ քանի դեռ Եվրոպան չի հետեւում իր իսկ որդեգրած չափանիշներին, Ր. Հովհաննիսյանը չի գնա Ստրասբուրգ, բացի այդ, ինչպես ասաց Ա. Մարտիրոսյանը, այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը Ստրասբուրգում անելիք չունի, քանի որ իշխանությունները ոչ մի դրական քայլ չեն կատարել՝ բավարարելու համար 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջները, եւ դրանով իսկ «զինաթափել են» Րաֆֆի Հովհաննիսյանին. նա չի կարող գնալ եւ չի կարող պաշտպանել իշխանություններին:

ԱԺ նախագահի հրամանագրով ստեղծված աշխատանքային խմբում եւս «Ժառանգությունն» ընդգրկված չէ՝ ընդդիմադիր պատգամավորներն այս խմբի մասին տեղեկացվել են էլեկտրոնային լրատվամիջոցներից: Խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացմամբ՝ փոփոխման դրված 300 եւ 225 հոդվածները որեւէ կերպ չեն կապվում «7»-ի գործով դատապարտվածների հետ. «Իսկ եթե իրենք հայտնում են, որ այդ հոդվածները դեռ որոշակի չեն, ուրեմն դրանք որպես օրենք իրավունք չունեն կիրառել»: Մարտի 1-ի հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մեզ հայտնեց, որ հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանն արդեն հանձնաժողովի անունից սկսել է զբաղվել այդ հոդվածների փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններով: Միաժամանակ պարոն Նիկոյանը ուզեց հիշեցնել, որ դեռ օգոստոսին իր գլխավորած հանձնաժողովն արտահայտել էր տեսակետ, որ հանձնաժողովն իր եզրակացության մեջ անպայման կանդրադառնա 300 եւ 225 հոդվածներին՝ «որպեսզի դրանք վերաշարադրվեն այնպես, որ քաղաքական եւ քրեական խնդիրները հստակ տարանջատված լինեն»: Ս. Նիկոյանը ճիշտ համարեց, որ աշխատանքային խմբում ընդգրկված լիներ նաեւ «Ժառանգության» ներկայացուցիչը:

Հ. Գ. Իշխանության ներկայացուցիչներից մեկը «սառը ջուր լցրեց» մեր լավատեսության վրա, որ այդ հոդվածների փոփոխությամբ «7»-ի գործով անցնողներն ազատ կարձակվեն. «Խելքիդ ձուն գա, դու էդքան միամի՞տ ես, որ կարծում ես՝ մարդկանց ազատելու են, չհավատաս՝ վրաներից քաղաքականը կհանվի, քրեականով կդատեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել