Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱՎԵԼԻ ԽԻՍՏ ՊԱՏԻԺ

Հունվար 27,2009 00:00

\"\"«Յոթի» գործով անցնող քաղկալանավոր Գրիգոր Ոսկերչյանը պահանջում է քրգործ հարուցել իր նկատմամբ բռնարարք գործադրած անձի նկատմամբ:

Երեկ հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 23-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում քաղբանտարկյալ, «Յոթի» գործով անցնող Գրիգոր Ոսկերչյանի նկատմամբ բռնության դեպքը ծառայողական քննությամբ հաստատվել է եւ բռնարարք կատարած կապիտան Արթուր Եղիազարյանը ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ենթարկվել է կարգապահական տույժի՝ խիստ նկատողության: Գ. Ոսկերչյանը ուրբաթ օրը պաշտպանի միջոցով պատասխանելով «Առավոտի» հարցին՝ փոխանցել է, որ ինքն ամենեւին էլ բավարարված չէ իր դեմ բռնարարք իրականացնողին ընդամենը խիստ նկատողություն հայտարարելու փաստով եւ պահանջում է, որ մեղավոր անձը ենթարկվի իր կատարած արարքին համարժեք պատժի եւ քրեական պատասխանատվության: «Հունվարի 23-ին ինձ այցելեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները, եւ ես, նաեւ իմ փաստաբանի ներկայությամբ, հայտարարեցի, որ ինձ բոլորովին չեն բավարարում ծառայողական քննության արդյունքները: Ես համարում եմ, որ տեղի ունեցածի շուրջ այդքան մեծ աղմուկից հետո, երբ նախագահն է հանձնարարում ծառայողական քննություն նշանակել, երբ անձամբ արդարադատության նախարարի, Մարդու իրավունքների պաշտպանի, ԱՆ վերահսկողության վարչության պետի մասնակցությամբ ընթացած ծառայողական քննության արդյունքում է հայտնաբերվում բռնարարք իրականացնող անձը, ապա նրա նկատմամբ կիրառված այդպիսի պատիժը՝ խիստ նկատողություն, պարզապես խայտառակություն է»,- նկատել է Գ. Ոսկերչյանը: Վերջինիս սկզբում թվացել է, թե միջադեպը «մի սալդոֆոնի ինքնագործունեություն է». «Ես կարծում էի, որ իշխանություններին ձեռնտու չէ հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող դատավարության ընթացքում նման սադրանք հրահրել: Սակայն այդ օրվա հետագա վերլուծությունը ինձ բերեց այն համոզման, որ տեղի ունեցածը պատահական չէր: Նախ՝ այդ օրը դատարանի նիստերի դահլիճի կեսից ավելին լցված էր բոլորովին այլ անձանցով՝ ոստիկաններ, սափրագլուխներ եւ այլն: Մեր հարազատներից շատերին եւ լրագրողներին թույլ չէին տվել դատարանի դահլիճ մտնել: Լարվածությունը շատ մեծ էր: Սրան զուգահեռ՝ հեռուստատեսությամբ նախորդ օրերին դատարանին ուղղորդող հայտարարություններ էին հնչել: Ահա այս վիճակում ինձ հետ տեղի ունեցած բռնարարքի մասին հայտարարությունը դահլիճում կարող էր կայծ հանդիսանալ մեր հարազատների եւ դահլիճում ներկա այլ անձանց միջեւ բախում հրահրելու համար, որը հիմք կհանդիսանար հետագայում փակ դատավարություն անելու համար: Սակայն դա իրենց իրականացնել չհաջողվեց կամ հաջողվեց մասամբ: Մյուս կողմից՝ եթե նույնիսկ կատարվածը լիներ այդ ոստիկանի ինքնագործունեությունը, այդ դեպքում անհասկանալի է իշխանությունների պահվածքը: Մի կողմ թողնենք իմ անձը, իմ վիրավորվածությունը, բայց դատավարության մասնակցի նկատմամբ բռնարարք է կիրառվում, իսկ դատարանը դրան որեւէ կերպ չի արձագանքում, Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ ծառայողական քննություն է նշանակվում, պատկերն իրենց համար լիովին պարզ է դառնում, բայց հանցանքը կիրառողի նկատմամբ համարժեք գնահատական եւ պատիժ չի կիրառվում: Հավատացեք, դա ավելի շատ իրենց պատվի հարցն էր, որովհետեւ եթե այդ միջադեպը իշխանության ծրագրածը չէր, ապա նման ինքնագործունեություն իրականացրած մարդը վնաս էր հասցրել իրենց՝ իշխանություններին: Նրանք պիտի փորձեին գոնե փրկել իրենց դեմքը: Ահա այս վերլուծությունն է, որն ինձ թույլ է տալիս եզրակացնելու, թե դա ոչ թե պատահական, այլ կազմակերպված բան է եղել: Ինձ չեն հարգում, գոնե իրենց հարգեին, իրենց երեսը սպիտակեցնելու համար պատժեին այդ սպային: Ես սա համարում եմ իրենց խայտառակությունը»:

Գ. Ոսկերչյանը ի պատասխան մեր հարցին՝ նաեւ հաստատել է, որ դեկտեմբերի 23-ի դատական նիստում ինքը իսկապես պատրաստվում էր կատարվածի առնչությամբ հայտարարություն անել, բայց իր ասելով՝ «քանի որ դատավորը ինձ ընդհատեց, տղաներն ինձնից շուտ սկսեցին այդ բանն անել: Դատավորը, ինչպես գիտեք, հեռացավ դահլիճից՝ առանց ուշադրություն դարձնելու այդ հայտարարություններին: Ես հետո էլ փորձեցի հայտարարություն անել, բայց այդպիսի հնարավորություն չկար»: Ինչ վերաբերում է «Յոթի» դատավարության անընդհատ հետաձգվող նիստերին, ապա Գ. Ոսկերչյանը ակնհայտ է համարում, որ իշխանություններն ամեն ինչ անում են դատավարությունը ձգձգելու համար. «Եթե դատական պրոցեսը, այնուամենայնիվ, շարունակվի, ապա ակնհայտ է, որ դերերը դատարանում կտրուկ փոխվելու են, եւ, այսպես կոչված, մեղադրյալները դառնալու են մեղադրողներ եւ ամեն ինչ անելու են ոչ միայն առաջադրված մեղադրանքներում իրենց անմեղությունն ապացուցելու, այլեւ մարտիմեկյան հանցագործությունը իսկապես բացահայտելու համար»:

Անդրադառնալով ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկել-չզրկելու հեռանկարին՝ Գ. Ոսկերչյանը կարծիք հայտնեց, թե ՀՀ նկատմամբ պատժամիջոցի կիրառումը կամ չկիրառումը, ըստ էության, ոչինչ չի փոխում: «Չեմ կարծում, թե, օրինակ, զրկելու դեպքում քաղբանտարկյալների ազատ արձակման պրոցեսը կարագանար: Իմ կարծիքով, այս ամբողջ պրոցեսի մեջ իշխանությունները պարզապես պետական մտածողություն չունեն: Նրանց մեջ ընդամենը քինախնդրությունն է խոսում: Իսկ մեր ազատ արձակման գործում, իհարկե, ԵԽ-ի վերաբերմունքը նշանակություն ունի, բայց առաջնային դեր չունի: Ըստ իս, այդ հարցում ավելի կարեւոր դեր կարող է խաղալ երկրի ներքաղաքական իրավիճակը: Իշխանություններն անպայման ուզում են ապացուցել, որ իրենք ճիշտ են, եւ դրա համար իրենք փորձում են եթե ոչ իրավական, ապա գոնե ֆորմալ ձեւով մի մուրճի հարվածով դրան հասնել, որ ֆիքսեն, թե այն, ինչ արել են, իզուր չէր: Կհաջողվի՞ դա նրանց, թե՞ ոչ՝ չգիտեմ»:

Քաղբանտարկյալը մեր խնդրանքով անդրադարձել է նաեւ իշխանությունների նոր մարտավարությանը եւ ԵԽԽՎ-ին ուղղված խոստմանը՝ վերանայել ՔՕ 225 եւ 300 հոդվածները, իբր, ապաքաղաքականացնել այն: Հիշեցնենք, որ հենց այդ հոդվածներով են ամբաստանվում նաեւ «Յոթի» գործով անցնող քաղկալանավորները: Գ. Ոսկերչյանի համոզմամբ, իշխանություններն իրենք էլ քաջ գիտեն, որ այդ հոդվածներով քրգործը իրենք են «սարքել»: «Քանի որ ստեղծված մթնոլորտի պայմաններում, երբ հասարակությունը, իշխանության սպասումներին հակառակ, մեծ ուշադրությամբ է հետեւում «Յոթի» դատավարությանը, իշխանությունները չէին կարողանալու որեւէ կերպ ապացուցել մեզ առաջադրված մեղադրանքները, հետեւաբար՝ իրենք տապալվելու էին հե՛նց դատավարության ընթացքում, փորձում են ստեղծված վիճակից ելքեր գտնել: Այդ օրենսդրական փոփոխությունները նրանք անում են ոչ թե մեզ կամ ոչ միայն ԵԽ-ին ցույց տալու, այլ իրենց դեմքը փրկելու, վերջնականապես չձախողվելու համար: Այդ փոփոխություններն առաջին հերթին իրենց են պետք եւ ոչ թե մեզ: Ծուռ հայելիների միջոցով եւ կեղծիքների վրա հիմնված, կարկատած մեղադրանքը հնարավոր չէ պաշտպանել կամ ապացուցել որեւէ պարագայում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել