Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ԵՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ՞ ՎԻՃԱԿԸ

Հունվար 27,2009 00:00

Երեկ Եվրոպայի խորհրդի պալատում կայացած ասուլիսում պատասխանելով «Մեդիամաքսի» թղթակցի հարցերին, թե իր կարծիքով՝ որքանո՞վ է հավանական, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության քվեարկության իրավունքը կասեցվի, եւ Հայաստանն ի՞նչ պիտի անի, որ իր պատվիրակությունը չզրկվի ձայնից՝ ԵԽԽՎ նախագահ Լյուիս Մարիա դե Պյուչը պատասխանեց. «Ինչ վերաբերում է Հայաստանի պատվիրակության ձայնից զրկվելուն՝ չեմ կարծում, թե դա կկատարվի: Որքանով տեղյակ եմ՝ անցած շաբաթ այցի ընթացքում համաձայնության են եկել ստեղծելու աշխատանքային խումբ քաղաքական բանտարկյալների հետ կապված վիճակն ուսումնասիրելու համար»: Նշենք, որ Հայաստանում նման տեղեկատվություն չի հրապարակվել, թե ստեղծվելիք աշխատանքային խումբը նման ուսումնասիրություն է կատարելու: Դրա գործառույթներից նշվել է միայն այն, ինչի մասին հետո ասաց ԵԽԽՎ նախագահը, թե այդ խումբը նախապատրաստելու է փոփոխություններ Քրեական օրենսգրքում, որոնք առաջիկայում հնարավորություն չեն ընձեռի քաղաքական հետապնդումներ իրականացնելու, եւ «իրավիճակն ընդունելի կդարձնեն ԵԽԽՎ-ի համար»:

Լյուիս Մարիա դե Պյուչն ասաց, թե տեղյակ է, որ համազեկուցողները ներկայացնելու են իրենց այցի ընթացքում ձեռք բերած պայմանավորվածությունները. «Ես չգիտեմ, թե ինչպիսին կլինի հանձնաժողովի որոշումը, եւ հնարավոր է, որ Հայաստանի պատվիրակությունը ձայնից զրկվի նաեւ ապրիլից շուտ: Բայց իմ կարծիքով, աշխատանքային խմբին ժամանակ է պետք գործունեություն ծավալելու համար»: Ըստ նրա, եթե Հայաստանի իշխանությունները պահպանեն բոլոր պայմանավորվածությունները՝ «Ապա պատճառ չի լինի կասեցնելու հայկական պատվիրակության քվեարկության իրավունքը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել