Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ

Հունվար 27,2009 00:00

Երեկ «Մարտի 1»-ի գործով անցնող ՀՀ ԱԺ երեք պատգամավորները՝ Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանն ու Սասուն Միքայելյանը դիմել են խորհրդարանին եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հետեւյալ պահանջով. «04.03.08-ին ՀՀ գլխավոր դատախազը՝ Աղվան Հովսեփյանը, միջնորդություն է ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին եւ Խաչատուր Սուքիասյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրանց նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու: ՀՀ Գլխավոր դատախազը ԱԺ-ում իր միջնորդությամբ հայտնել էր, որ կան բավարար ապացույցներ այդ պատգամավորներին մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու համար: Նույն օրը ՀՀ ԱԺ-ն տվել է իր համաձայնությունը: Առաջադրված իբր թե մեղադրանքները ապացուցելու համար նախաքննության ընթացքում խախտվել են մեր եւ այլոց անմեղության կանխավարկածները: Արդեն 11 ամիս է, որ գտնվում ենք կալանքի տակ: Ի սկզբանե մենք հայտնել ենք, որ մենք անմեղ ենք, իսկ Հակոբ Հակոբյանը առաջարկել է տալ համաձայնություն իրեն կալանավորելու համար, որպեսզի պարզվի իր անմեղությունը: Մարտի 4-ից մինչեւ օրս ՀՀ գլխավոր դատախազը ջանք չի խնայում ապացուցելու, որ իր ելույթում հնչած մեղադրանքները համապատասխանում են իրականությանը: Պետությունը 11 ամիս զբաղված է ապացուցելով, որ մարտի 4-ին ապացույցներ են եղել, որ մենք կատարել ենք հանցավոր արարքներ:

Չնայած գլխավոր դատախազի եւ Հատուկ քննչական ծառայության գործադրած ջանքերին, նրանց չի հաջողվել մեր մեղքն ապացուցող տվյալներ ձեռք բերել, քանի որ այդպիսիք իրականում չեն եղել, որովհետեւ մենք որեւէ հանցագործություն չենք կատարել, իսկ այն, ինչ որ իրենց կարծիքով ձեռք են բերել, ապա դրանք կորզվել են սպառնալիքով, ինչի վերաբերյալ մենք բազմաթիվ ապացույցներ ունենք: Գլխավոր դատախազը իր սուտ հայտարարությամբ եւ դրանց հաջորդող նախաքննությամբ կասկածի տակ է դրել մեր երկրի միջազգային վարկն ու հեղինակությունը եւ չի ընկրկում նույնիսկ ԵԽԽՎ–ի կողմից սպասվող պատժամիջոցներից: Գլխավոր դատախազը ինքը՝ գիտակցելով, թե ինչ վիճակի է հասցրել մեր երկիրն իր սուտ միջնորդությամբ, չի ընդունում իր սխալը: Մենք հայտարարում ենք՝ թող գլխավոր դատախազը խոստովանի, որ մարտի 4-ին մեր մեղքն ապացուցող որեւէ տվյալ չի եղել, որ դա իր ենթադրությունն էր, եւ որ ինքը իր ենթադրությունն էր փորձել հաստատել եւ մեր երկիրը մղել այսքան փորձությունների ու հեղինակազրկման: Դրանով նա կքավի իր մեղքն ու մեր երկիրն էլ դուրս կգա այս ամոթալի վիճակից: Մեզ համար թանկ է մեր երկրի յուրաքանչյուր թիզ հողը, մենք նրա համար չենք մեր կյանքը վտանգի ենթարկել, որ ՀՀ գլխավոր դատախազն այսպես խայտառակի մեր երկիրը: Մենք պահանջում ենք՝ ԱԺ-ն նիստ հրավիրի, մասնակից դարձնելով նաեւ մեզ եւ մեր ներկայությամբ ՀՀ գլխավոր դատախազից պահանջի, թե մեր մեղքն ապացուցող ինչ տվյալներ են եղել, որոնց մասին նա հայտարարել է մարտի 4-ին: Եվ քանի որ այդպիսիք գործի նյութերում չկան, եւ թող պատասխան տա, թե ինչու է ստել Ազգային ժողովում: Վստահ ենք, որ սույն հայտարարության հետ համամիտ կլիներ Խաչատուր Սուքիասյանը»:

ԱԺ քաղբանտարկյալ պատգամավորները միաժամանակ կոչ են արել իրենց գործընկերներին՝ միանալ այս հայտարարությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել