Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԻՑ ՉԻ ԶՐԿՎԻ

Հունվար 27,2009 00:00

\"\"Բայց Հայաստանի իշխանությունը պարտավորված է մինչեւ մարտ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, այլապես մեր հարցին նորից կանդրադառնան ԵԽԽՎ ապրիլին կայանալիք նստաշրջանում:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանն ու Արման Գրիգորյանը երեկ առավոտից սկսել էին հանդիպումները Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի խմբակցությունների անդամների հետ: Ինչպես Ստրասբուրգում ներկա բազմաթիվ հայ լրագրողներին հայտնեց Լեւոն Զուրաբյանը՝ հանդիպել են մոտ 12-13 պետությունների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Ֆինլանդիայի, Մոնակոյի, Լիխտենշտեյնի, Բելգիայի, Հոլանդիայի, Ռուսաստանի, Մերձբալթիկայի երկրների պատվիրակների հետ: Իսկ այսօր առավոտյան հանդիպելու են ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին:

Այս հանդիպումների ընթացքում ՀԱԿ անդամները ներկայացրել են իրենց փաստաթղթերը՝ քաղբանտարկյալների 60 հոգանոց ցուցակը, որից հունվարի 24-ին պակասեցին ընդամենը 2-ը. «Իշխանությունը շատ խայտառակ մի խաբեության է դիմել. Եվրոպայի խորհրդին ներկայացրել է, թե իբր 16 քաղբանտարկյալ է ազատել, իրականում մեր ցուցակներից ընդամենը 2-ն են ազատվել»: ՀԱԿ-ի ներկայացուցիչները ԵԽԽՎ պատվիրակներին տրամադրել են նաեւ հունվարի 18-ին պատրաստված տեղեկանք 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման վերաբերյալ: «Բացի այդ՝ մենք բանակցեցինք ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Սերհիյ Հոլովաթիի հետ՝ արծարծելով այն հարցը, որ ընդդիմությունը, փաստորեն, ներկայացված չէ այս քննարկումներում,- ասաց Լեւոն Զուրաբյանը:- Մենք բացատրեցինք, թե քանի որ Պրեսկոտի եւ Կոլոմբիեի պատվիրակությունը չհանդիպեց ընդդիմության հետ՝ այս կարեւորագույն քննարկումներում լսելի չէ ընդդիմության ձայնը: Ցավոք, Մոնիտորինգի հանձնաժողովի կանոնադրությունը թույլ չի տալիս, որ որեւէ մեկը, որը պատգամավոր չէ կամ պատվիրակության անդամ՝ մասնակցի այդ նիստին: Ուստի գնացին հետեւյալ փոխզիջմանը՝ մենք պայմանավորվեցինք, որ այն ելույթը, որը մենք պետք է ունենայինք՝ գրավոր կտարածվի որպես պաշտոնական փաստաթուղթ: Անգլերեն ու ֆրանսերեն նամակ ենք պատրաստել, որը Մոնիտորինգի հանձնաժողովում դրվելու է բոլորի սեղաններին: Այս նամակներում մենք նաեւ նշել ենք, որ այն բոլոր փաստաթղթերը, որոնք հետաքրքրություն են ներկայացնում որեւէ մեկի համար՝ կարող են ձեռք բերել քարտուղարությունից»:

Մոնիտորինգի հանձնաժողովի դռնփակ նիստը տեւեց մեկ ժամ: Ավարտից հետո ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ նախապես հայտնելով, թե չի պատասխանելու լրագրողների հարցերին՝ հաղորդեց հետեւյալ տեղեկատվությունը. «Մոնիտորինգի հանձնաժողովն այսօր դիտարկեց այն առաջարկությունները, որոնք ներկայացրել էին համազեկուցողները: Ընդհանուր առմամբ, հարցի բավական լուրջ քննարկում էր: Ներկայացվեցին ե՛ւ բացասական, ե՛ւ դրական կողմերը: Այնուամենայնիվ՝ հույս հայտնվեց, որ այն հիմնական ուղղությունը, որը վերջերս որդեգրել է Հայաստանի խորհրդարանը՝ շատ կարեւոր է: Ինչպես նաեւ ողջունվեց, որ 20 հոգու ներում է շնորհվել: Այնուամենայնիվ՝ նշվեց, որ դա չի բացառում այլ իրավական մեխանիզմների կիրառումը: Այս պահին իրենց առաջարկները ներկայացրել են միայն համազեկուցողները՝ դրանց մեջ չի մտնում Հայաստանի նկատմամբ այս պահին պատժամիջոց կիրառելը եւ պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելը: Այնուամենայնիվ, Մոնիտորինգի հանձնաժողովը շարունակելու է իր դիտարկումը Հայաստանի նկատմամբ, եւ այս գործընթացների վերահսկողությունը լինելու է բավական լուրջ եւ բարձր մակարդակի»:

Այսօր առավոտյան էլ է Մոնիտորինգի հանձնաժողովի նիստ գումարվելու, որտեղ որոշվելու է ներկայացված բոլոր առաջարկների նկատմամբ հանձնաժողովի դիրքորոշումը: Նկատենք՝ այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի մասնակցում ոչ միայն լիագումար նիստին, այլ նաեւ հանձնաժողովների աշխատանքին՝ զրկում է մեզ այլընտրանքային որեւէ տեղեկատվություն ստանալու հնարավորությունից: Քանի որ համազեկուցողներն առայժմ հրաժարվում են մեկնաբանություններից, խնդրո առարկա փաստաթղթերը դեռ հրապարակված չեն ու մնում է ապավինել միայն իշխանական պատվիրակներից ստացած տեղեկատվությանը:

ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավարի տեղակալ Արմեն Ռուստամյանը Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին մասնակցեց կեսից, քանի որ նաեւ Կանոնակարգի հանձնաժողովի անդամ է, որտեղ ընթանում էր զուգահեռ քննարկում. «Եթե պատժամիջոցի խնդիր կա՝ Կանոնակարգի հանձնաժողովն անպայման անդրադառնում է այդ հարցին: Եվ բնական է՝ օրակարգում կար նաեւ մեր հարցը: Խնդիրն այն է, թե քանի որ մեր վերաբերյալ բանաձեւը բավական լուրջ փոփոխություն է կրում՝ պատժամիջոցների մասով, Կանոնակարգի հանձնաժողովի խնդիրն է ճշտել իրավաչափությունը, թե որքանով է Մոնիտորինգի հանձնաժողովի որոշումը համապատասխանում գործող կանոնակարգին»: Եզրակացությունը եղել է, որ թե՛ զրկելը, թե՛ չզրկելը իրավաչափ կլինի:

«Միշտ էլ մեր հարցը մնալու է օրակարգում,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ կարծիք հայտնելով, որ Մոնիտորինգի հանձնաժողովը մեր հարցին կանդրադառնա նաեւ փետրվարին կամ մարտին:- Պարզապես այս փուլում որոշվել է, որ պատժամիջոց չկիրառվի, քանի որ քաղաքական կամքի առկայություն ակնհայտ եղել է»: Ըստ նրա, փոխվել են նաեւ որոշ ձեւակերպումներ. «Բայց հիմնական փոփոխությունը հետեւյալն է՝ հստակ սահմանվել է, որ այս փուլում արձանագրելով քաղաքական կամքի առկայությունը՝ կապված ՔՕ 225 եւ 300 հոդվածները փոխելու հետ, նաեւ, որ ստեղծվելիք աշխատանքային խումբը ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավարն է ղեկավարելու, պատվիրակության անդամներն են էլ ներգրավված լինելու՝ այս փուլում որոշում են չկիրառել պատժամիջոց»: Արմեն Ռուստամյանը նաեւ հայտնեց. «Այդ խնդիրը դրված է՝ քաղբանտարկյալների հարցը լուծել հնարավորինս արագ: Բայց հարցը լուծումն է, թե ինչ ձեւով է դա կատարվելու: Մեր առաջարկած ձեւն էր, որ չշրջանցվի իրավական դաշտը, Հայաստանի օրենսդրությունը, եւ սրա եղանակը 225 եւ 300 հոդվածները փոխելն էր, որոնք լայն մեկնաբանության տեղ են տալիս, միախառնված են քաղաքական եւ իրավական դրդապատճառները»:

ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավարի տեղակալը հայտնեց, թե Հայաստանի խորհրդարանի նախագահի նամակում (ըստ ամենայնի՝ սա ինչ-որ մի նոր նամակ է) նշվել են որոշակի ժամկետներ. «Այս աշխատանքային խումբը մեկ ամսում պետք է ներկայացնի առաջարկություն ԱԺ-ին, որ փոխվեն Քրեական օրենսգրքի այդ հոդվածները, դրանց հիման վրա խորհրդարանը կկատարի փոփոխություններ, եւ այնուհետեւ նախագահը պետք է վավերացնի դրանք: Դրան հատկացված է եւս մեկ ամիս: Այսինքն՝ խնդրի լուծումը տեղափոխվում է գրեթե մարտ ամիս: Եվ մինչեւ ապրիլյան նստաշրջան միանշանակ պետք է ավարտվի այդ ամենը»:

Հ. Գ. ԵԽԽՎ նախագահը երեկ հայտնեց, որ հինգշաբթի սպասվում է Ֆրանսիայի տրանսպորտի աշխատակիցների գործադուլ, եւ այդ պատճառով այն հարցերը, որոնք իրենք կարեւորում են՝ տեղափոխվում են ավելի վաղ ժամկետի, քանի որ սպասվում է, թե հինգշաբթի ավելի քիչ պատվիրակներ ներկա կլինեն: Այս պայմաններում զարմանալի է, որ մեր հարցն այնուամենայնիվ քննելու են այսօր առավոտյան եւ ոչ նախապես ծրագրվածի պես՝ հունվարի 29-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել