Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՉԵՐՅՈՄՈՒԽԱՆ» ԿԻՐԱՌՎԵԼ Է ԴԻԱԿՆԵՐԻ՞ ՎՐԱ

Հունվար 27,2009 00:00

\"\"ԱԱԾ նախկին սպա Գուրգեն Եղիազարյանի վարկածը

«Ինչո՞ւ եք տասն ամիս անց գրություն ուղարկել Մոսկվա՝ փորձագետի եզրակացություն ստանալու համար, այն դեպքում, երբ նրանց փորձագետի եզրակացությունը մեզ համար ոչ մի բան չի նշանակում»,- «Առավոտի» հետ զրույցում ԱԺ «Մարտի 1»-ի հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին ուղղված այսպիսի հարց հնչեցրեց ԱԱԾ նախկին բարձրաստիճան սպա Գուրգեն Եղիազարյանը: Խոսքն այն նամակի մասին է, որը ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի միջոցով հանձնաժողովի անունից փոխանցվել էր ՌԴ ՆԳՆ-ին՝ «չերյոմուխա» հատուկ միջոցի հետ կապված մանրամասներ պարզելու համար: Ըստ մեր զրուցակցի՝ Մոսկվայից ուղարկված պատասխանը մեզ համար կարող է լինել լրացուցիչ փաստաթուղթ, բայց ոչ՝ փորձագիտական եզրակացություն, քանի որ փորձագիտության համար քննիչն է հարցերը գրում, իսկ մոսկվացի փորձագետն իրավասու չէ մեր քննիչի հարցերին պատասխանելու, միայն կարող է գործարանային նմուշի մասին ստանդարտ տեղեկություններ տալ: Այդ հարցին Սամվել Նիկոյանն այսպես պատասխանեց. «Խնդիրների ուսումնասիրությունը եւ առաջնահերթությունը աստիճանաբար են լուծվում: Այն, որ պետք է փորձաքննության ենթարկվի նույնականացման հարցով, դեռ ամռանը, երբ մեզ մոտ էին գտնվում ԱՄՆ փորձագետները, դիմել էի եւ խնդրել էի՝ եթե կա նման հնարավորություն, տեղեկացնել հանձնաժողովին: Դիմել էի ԱՄՆ դեսպանատանը, խնդրանքով, որ օգնեն, եթե կա մի փորձագիտական կենտրոն՝ փորձաքննություն անցկացնեն: Այսինքն՝ հանձնաժողովը դրանով զբաղվել է հենց ամռանից, ուղղակի փնտրում էինք կենտրոն, որտեղ հնարավոր է փորձագիտություն անցկացնել: Իսկ սա՝ նիստի ժամանակ, հանձնաժողովի անդամներից մեկը առաջարկեց, որ այդ հարցով կարելի է դիմել ՌԴ-ին, ինչը մենք արեցինք»: Իր իսկ հնչեցրած հարցին Գուրգեն Եղիազարյանն այսպիսի պատասխան է տալիս. «Որովհետեւ պետք էր, որպեսզի դիակներն այնպիսի վիճակում լինեին, որ արտաշիրիմումից հետո պարզ չդառնա, թե իրականում ինչ է եղել: Ըստ իս՝ արդեն դիակների վրա «չերյոմուխայից» դիմահար կրակ է բացվել, որպեսզի թաքցնեն իրական զինատեսակից առաջացած վերքը, որպեսզի թաքցնեն սպանելու միտումը, որն ունեցել են: Բայց կան նշաններ, որոնցից անմիջապես երեւում է. օրինակ, վերքի շուրջը լյարդացած արյուն չի լինի, քանի որ երբ մահը վրա է հասնում՝ արյունը չի լյարդանում, հոսում է»: Իրականությունը կոծկելու կողմնակի ապացույցներից մեկն էլ Գ. Եղիազարյանը համարում է այն, որ սպանվածների իրավահաջորդների հարցը երկար ժամանակ չէր լուծվում. «Ինչո՞ւ Սամվել Նիկոյանն այդ հարցը չի բարձրացրել: Որպեսզի սպանվածների իրավահաջորդները ներկա չլինեն դիահերձմանը: Նախաքննությունը մի միտք էր հետապնդում՝ քողարկել իրականությունը եւ ներկայացնել մարդասպաններին ձեռնտու տարբերակը, ցանկացած կողմնակի աչք հեռու պահել դիահերձումից եւ մնացյալ այլ գործողություններից: Իսկ մենք ասում էինք, որ իրավահաջորդն իրավունք ունենա իր կողմից ներգրավելու մասնագետի, որին անմիջապես պարզ կդառնար իրերի իրական վիճակը»:

Պարոն Եղիազարյանը հանցագործություն է համարում նաեւ այն, որ «չերյոմուխա 7» կիրառելու իրավունք է տրվել մարդու, որը դրանից առաջ ստուգարք չի հանձնել, որովհետեւ հատուկ միջոցների կիրառման կարգ գոյություն ունի: «Հանձնե՞լ են արդյոք կիրառողները ստուգարքները»,- հարցնում է Գ. Եղիազարյանը: Եթե անգամ հանձնել են, ըստ մեր զրուցակցի, այն իրավունք ունեն արձակելու 45 աստիճանի տակ, ոչ դիմահար, հետեւաբար, դա ոչ մի կերպ եւ ոչ ոքի մահացու վնաս չէր կարող պատճառել: Ուստի՝ «Այդ ինչպե՞ս եղավ, որ ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ 4 մարդ զոհվեց անսարք հատուկ միջոցների կիրառման արդյունքում: Ո՞րն է չորրորդ զոհը, որը խնամքով թաքցնում են: Ասեմ որը՝ նա, ում ձեռքերի մեջ պայթել էր «յոժիկ»՝ ձայնային եւ լուսային նռնակ կոչված հատուկ միջոցը եւ սպանել»:

Վերադառնալով Ս. Նիկոյանին՝ Գուրգեն Եղիազարյանն ասում է. «Ես սկսել եմ խիստ կասկածել՝ նա, ընդհանրապես, մտածելու հատկություն ունի՞, թե՞ ոչ: Նա չի պատկերացնում, որ իր ցանկացած ելույթը խնամքով հավաքում ենք եւ վաղը-մյուս օրը հարց ենք տալու՝ էս ինչե՞ր ես դուրս տվել»: Իսկ ինչե՞ր է խոսել Նիկոյանն՝ ըստ Եղիազարյանի. «Իր նման մի շարք տկարամիտների հետ, շուկայական կնոջ կեցվածքով, կուրծքը ծեծելով, աչքերը կլորացնելով՝ աղաչում-պաղատում էր՝ ընկերներ, բա մենք ժամանակ չտա՞նք նախաքննական մարմնին, բա չպարզի՞ իրականում ի՞նչ է կատարվել… Չկա Հայաստանում մեկը, որը չգիտի, թե ինչ է կատարվել մարտի 1-ին: Արդեն տասն ամիս անմեղ մարդիկ կալանավայրերում են գտնվում. դե, հիմա աչքերդ կլորացրու ու ասա՝ պարզե՞ց նախաքննությունը… Այո, պարզեց, որ իմ ընկերներից ոչ մեկը մեղավոր չի, եւ այդ հոդվածները շինծու են: Իսկ նրանց բաց չեն թողնում, որովհետեւ դա կնշանակի, որ իշխանությունները սպանություններն իրենց վրա են վերցնում: Հիմա էլ նույն՝ շուկայական կնոջ կեցվածքով կուրծքը կծեծի եւ կասի՝ սպասենք դատարանի վճռին: Ես էլ կասեմ՝ էշի զատիկն ավելի շուտ կլինի, քան դատարանի վճիռը: Մեկ տարուց Հ1-ի էկրանից լացակումած կհայտարարի, որ ստիպված էր այդպես խոսել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել