Գիրք յոթերորդ
Գլուխ տասնիններորդ
ՄԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվ ես Անոյին ասացի՝ «մի բան որ խնդրեմ՝ կանե՞ս, Անո ջան», եւ Անոն նեղսրտելով ասաց՝ «ասա տենամ՝ ի՞նչ ես ասում», եւ ես ասացի՝ «որ շատ խնդրեմ՝ մի հատ կոֆե չես էփի՞» եւ ժպտալով ավելացրի՝ «վերջին անգամ», եւ Անոն ասաց՝ «թե վերջին անգամն ա՝ չեմ էփի», եւ Բասենցյանն Անոյին ասաց՝ «տղի սիրտը մի կոտրի. հազարից մեկ կոֆե է ուզել», եւ Անոն Բասենցյանին ու Աշոտին հարցրեց՝ «դուք էլ ե՞ք ուզում», եւ Աշոտն ասաց՝ «հա», եւ Անոն ժպտալով հարցրեց՝ «վերջին անգա՞մ», եւ Աշոտը ժպտալով ասաց՝ «նախավերջին», եւ Բասենցյանն Աշոտին ասաց՝ «մինչեւ Անոն սուրճն էփի, դու վայ թե Դարբինյանին համոզես, Աշոտ ջան», եւ Աշոտն ասաց՝ «չեք թողելո՞ւ էս մարդն իրա ասելիքն ասի», եւ Անոն ծիծաղելով Աշոտին ասաց՝ «մինչեւ էս մարդն իրա ասելիքն ասի՝ դու Դարբինյանին համոզած կըլնես», եւ ես ասացի՝ «Դարբինյանին համոզել պետք չի», եւ Բասենցյանն ինձ ասաց՝ «բա չիմանա՞նք՝ քո վերջն ինչըղ է էղնելու, ա՛յ բալա», եւ ես ծիծաղելով ասացի՝ «հիմի Անոն կասի», եւ Անոն զարմացած հարցրեց՝ «Անոն ի՞նչ պիտի ասի», եւ ես ժպտալով ասացի՝ «կասես՝ վերջս ոնց ա ըլնելու», եւ Անոն ավելի զարմացած հարցրեց՝ «ո՞նց պիտի ասեմ», եւ ես ծիծաղելով ասացի՝ «բաժակս կնայես՝ կասես», եւ Բասենցյանն ինձ նայելով ասաց՝ «կյանքումս ըսպեսնա բան տեսած չկամ», եւ Անոն հարցրեց՝ «ի՞նչ տեսած չկաք», եւ Բասենցյանն ասաց՝ «կյանքումս տեսած չկամ, օր մարդ ազատման դիմում գրե ու էսքան ուրախ էղնի», եւ Անոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ըտենց բան հնարավոր ա», եւ Բասենցյանը զարմացած հարցրեց՝ «ի՞նչըղ է հնարավոր», եւ Անոն սուրճը բաժակների մեջ լցնելով ասաց՝ «մարդ որ պաշտոնի բարձրացման առիթով ազատման դիմում գրի՝ պիտի որ շատ ուրախանա», եւ Բասենցյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էսիկ էդ դեպքը չէ», եւ ես ժպտալով Բասենցյանին հարցրի՝ «ի՞նչ գիտեք, որ էդ դեպքը չի», եւ Անոն սուրճն ինձ տալով ասաց՝ «հիմի բաժակդ կնայեմ ու կասեմ՝ որ գծով ես մինիստր դառնալու», եւ ես ժպտալով ասացի՝ «չես կարա ասես», եւ Բասենցյանն ասաց՝ «Անոյի ասածների մեծ մասը կատարվեն գը», եւ ես ժպտալով ասացի՝ «ինչ որ պիտի կատարվեր՝ արդեն կատարվել ա», եւ Անոն ինձ ասաց՝ «բան ասա՝ բան հասկանանք», եւ ես ժպտալով ասացի՝ «էսօր ուսերիցս մի հատ շատ ծանր բեռ ընկավ», եւ Անոն ասաց՝ «էդ հոդվածներից իզուր ես էդքան վախենում», եւ ես ասացի՝ «մենակ հոդվածները չի», եւ Անոն հարցրեց՝ «բա ի՞նչն ա», եւ ես ժպտալով ասացի՝ «էս դիմումիս հարցը որ շուտ ընթացքի մեջ գցես՝ կասեմ», եւ Անոն ասաց՝ «էս ազատմանդ հարցը րոպեների հարց ա», եւ Բասենցյանը սրտնեղած ինձ ասաց՝ «արդեն սայլուկնաս գը. բան ունես ասելու՝ ասա», եւ ես ասացի՝ «ուրիշ տեղ աշխատանքի եմ ընդունվել», եւ Անոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ աշխատանք», եւ ես ասացի՝ «ամսագրում», եւ Անոն հարցրեց՝ «ի՞նչ ամսագիր», եւ ես ասացի՝ «նոր ամսագիր ա», եւ Անոն հարցրեց՝ «էդ ամսագիրն անուն չունի՞», եւ ես ասացի՝ «անունը «Ծիծեռնակ» ա», եւ Բասենցյանը հարցրեց՝ «ըդիկ ի՞նչ ամսագիր է», եւ Աշոտն ասաց՝ «մանկական ժուռնալ ա. «Պիոներ» ամսագրի հավելվածն ա», եւ ես ասացի՝ «հունվարից առանձին ժուռնալ ա դառնալու», եւ Անոն հարցրեց՝ «հունվարից ե՞ս էդ ժուռնալում աշխատելու», եւ ես ասացի՝ «սեպտեմբերի մեկից» եւ ժպտալով ավելացրի՝ «սեպտեմբերից պիտի աշխատենք, որ հունվարին լույս տեսնի», եւ Անոն հարցրեց՝ «էդ ամսագրում ի՞նչ ես աշխատելու», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «պոեզիայի բաժնի վարիչ», եւ Անոն հարցրեց՝ «այսինքն, ի՞նչ պիտի անես», եւ Աշոտը ծիծաղելով ասաց՝ «թամբալություն» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «իսկը Արմոյի տեղն ա», եւ Բասենցյանն ասաց՝ «մենք էլ իզուր տեղն էն խեղճ մարդուն անուն կկպցնենք», եւ ես հարցրի՝ «ի՞նչ խեղճ մարդ», եւ Բասենցյանն ասաց՝ «ինձ էլ կթվար՝ Դարբինյանն է քեզի զոռովեն դիմում գրել տվել», եւ ես ասացի՝ «ձեզ շատ ճիշտ ա թվացել», եւ Բասենցյանը զարմացած հարցրեց՝ «ի՞նչըղ», եւ ես ասացի՝ «ես ուզում էի Դարբինյանին ասեմ, որ աշխատանքից ուզում եմ ազատվեմ, բայց չհասցրի ասեմ», եւ Անոն զարմացած հարցրեց՝ «բա ինքը չհարցրե՞ց՝ ինչի ես էս դիմումը գրում», եւ ես ասացի՝ «ի՛նքը ասեց, որ դիմում գրեմ», եւ Անոն ինձ հարցրեց՝ «դու քո ասածից բան հասկանո՞ւմ ես», եւ ես ասացի՝ «փաստորեն, Դարբինյանն իմ փոխարեն ամեն ինչ արեց», եւ Անոն հարցրեց՝ «ի՞նչ արեց», եւ ես ժպտալով ասացի՝ «էս դիմումս գրել տվեց», եւ Բասենցյանը հարցրեց՝ «ի՞նչըղ գրել տվեց», եւ ես ասացի՝ «սկզբում հարցրեց՝ խի՞ եմ աշխատանքից ուշանում», եւ Անոն հարցրեց՝ «հետո՞», եւ ես ասացի՝ «հետո էլ ասեց, որ էդ հանրակացարանի մասին հոդված գրեմ», եւ Անոն հարցրեց՝ «բա դո՞ւ ինչ ասեցիր», եւ ես ասացի՝ «ես էլ ասեցի՝ չեմ գրի», եւ Անոն հարցրեց՝ «բա ի՞նքն ինչ ասեց», եւ ես ասացի՝ «ինքն ասեց՝ կամ էդ հոդվածը կգրես, կամ էլ՝ դիմում», եւ Անոն հարցրեց՝ «բա դո՞ւ ինչ ասիր», եւ Աշոտն Անոյին ասաց՝ «յանի խի՞ ես էս մարդուն անտեղի հարցուփորձ անում», եւ Անոն զարմացած ասաց՝ «ի՞նչն ա անտեղի. բա չիմանա՞նք՝ ինչի ա էս մարդուն աշխատանքից ազատել», եւ Աշոտն Անոյին ասաց՝ «չհասկացա՞ր, որ էս մարդն ամեն ինչ արել ա, որ իրան աշխատանքից ազատեն», եւ Անոն հարցրեց՝ «ո՞նց ա ամեն ինչ արել», եւ Աշոտը ժպտալով ասաց՝ «մի ժամ ա բացատրում ա՝ չես հասկանո՞ւմ», եւ Բասենցյանն Աշոտին ասաց՝ «մենակ թե՝ զեմլյակիդ արդարացնես», եւ Աշոտը հարցրեց՝ «ի՞նչ զեմլյակ», եւ Բասենցյանն ասաց՝ «Դարբինյանին», եւ Անոն ասաց՝ «սաղս էլ գիտենք, որ ինքը դաժան մարդ ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էդ հո նորություն չի», եւ Աշոտը նեղսրտած ասաց՝ «բայց Արմոն ի՛նքն ա ուզել դիմում գրի», եւ Անոն ասաց՝ «բայց ինքը չի իմացել, որ Արմենն ուզում ա դիմում գրի», եւ Աշոտն ասաց՝ «էդ ի՞նչ կապ ունի», եւ Բասենցյանն ասաց՝ «օր խորը մտածես, շատ մեծ կապ ունի», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «ինչքան էլ խորը մտածում եմ՝ ձեզ չեմ հասկանում», եւ Բասենցյանն Աշոտին ասաց՝ «փաստորեն, էդ «Ծիծեռնակն» օր չէղներ, հիմի էս էրեխեն առանց աշխատանք կմնար», եւ Աշոտը ծիծաղելով ասաց՝ «էդ «Ծիծեռնակը» որ չըլներ, էս էրեխեն դժվար թե էդքան վռազ դիմում գրեր» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ հարցրեց՝ «ճիշտ չե՞մ ասում, Արմո», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «երեւի ճիշտ ես ասում», եւ Աշոտն ասաց՝ «հաստատ չէիր գրի», եւ ես մի քիչ մտածեցի ու ծիծաղելով ասացի՝ «բայց էդ հանրակացարանի մասին էլ չէի գրի», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ ուրիշ ճար չունենայիր՝ հաստատ կգրեիր», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «չգիտեմ», եւ Աշոտը ժպտալով ասաց՝ «ես գիտեմ, որ կգրեիր», եւ Անոն ասաց՝ «էդ հանրակացարանի մասին ինչ որ պիտի գրեր՝ անցյալ տարի գրել պրծել ա», եւ Աշոտն ասաց՝ «էս մի տարվա մեջ էդ հանրակացարանում շատ բան ա փոխվել», եւ Անոն հարցրեց՝ «ի՞նչ ա փոխվել», եւ Աշոտը ժպտալով ասաց՝ «որ Արմոն էդ հոդվածը գրեր՝ կիմանայիր», եւ Բասենցյանն ասաց՝ «էս մի տարվա ընթացքում երեւի էդ հանրակացարանի ղեկավարության ու Դարբինյանի հարաբերություններն են շատ փոխվել», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «շատ եք սիրում ձեր չիմացած բաների մասին խոսալ», եւ էդ պահին դուռը բացվեց, եւ դռան մեջ հայտնվեց Դարբինյանը եւ Դարբինյանն ինձ տեսնելով ժպտաց ու հարցրեց՝ «էս արդեն փոշմանե՞լ ես», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «չէ», եւ Դարբինյանը լրջանալով Աշոտին ասաց՝ «մի հատ ինձ մոտ կանցնես, Աշոտ», եւ երբ Դարբինյանը գնաց, Աշոտն ասաց՝ «հիմի հասկացա՞ք, որ ինքն էնքան դաժան մարդ չի՝ ինչքան դուք եք կարծում», եւ Անոն հարցրեց՝ «ինչի՞ց պիտի հասկանայինք», եւ Աշոտն ասաց՝ «էսքանից հետո ինքն էլի Արմոյին վերադառնալու շանս ա տալի», եւ Անոն Աշոտին ասաց՝ «գնա տես՝ ի՞նչ ա ասում», եւ երբ Աշոտը գնաց, ես Անոյին ասացի՝ «Անո ջան, էս դիմումիս ու ազատվելուս հարցն ինչքան արագ կազմակերպես՝ էնքան իմ օգուտն ա», եւ Անոն ասաց՝ «մի քանի րոպեի հարց ա», եւ ես ասացի՝ «որ արագ անես՝ ինձ շատ մեծ լավություն արած կըլնես», եւ Անոն դիմումս վերցնելով ասաց՝ «տես՝ չփոշմանես», եւ ես ասացի՝ «չեմ փոշմանի», եւ Բասենցյանն ինձ հարցրեց՝ «վերջնական ե՞ս որոշել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ երբ Անոն գնաց, Բասենցյանն ասաց՝ «տա Աստված, էդ ամսագրում ամեն ինչ սրտովդ էղնի», եւ ես ժպտալով ասացի՝ «որ սրտովս չըլնի՝ էնտեղից էլ դուրս կգամ», եւ Բասենցյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «աշխատանքը կոշիկ չէ՝ օր տարին մեկ փոխես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «չնայած, ոչ ոք չի կրնա ասի՝ ճիշտը որն է» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «մենք օր թթվել մնացել ենք էստեղ՝ ո՞ւմ ենք պետք», եւ ես հարցրի՝ «քանի՞ տարի է էստեղ եք աշխատում», եւ Բասենցյանը պատասխանեց ու ասաց՝ «Դաբինյանն ու ես էս թերթի ստեղծման օրից աշխատենք գը» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մեզի համար աշխատանք փոխելն արդեն շատ ուշ է» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «էս քամբախն արդեն մեր ճակատագիրն է», եւ էդ պահին Աշոտը ներս մտավ ու ժպտալով ինձ ասաց՝ «քո արած ֆոկուսը քո դուրն էկա՞վ», եւ ես հարցրի՝ «ի՞նչ ա էղել», եւ Աշոտն ասաց՝ «Դարբինյանն էդ հանրակացարանի հոդվածն իմ վրա գցեց», եւ Բասենցյանը ժպտալով ասաց՝ «ոչինչ, մեծ բանըմ չէ», եւ էդ պահին Անոն ներս մտավ ու ասաց՝ «մաղարիչը վրեդ ա, Արմեն», եւ ես ուրախացած հարցրի՝ «արդեն ազա՞տ եմ», եւ Անոն ժպտալով ասաց՝ «որ քեզ խելոք պահես, մինչեւ օրվա վերջ լրիվ ազատ կըլնես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ռաշչոտով ու ամեն ինչով», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ ռաշչոտ», եւ Անոն ասաց՝ «մի քիչ պիտի սպասես՝ մինչեւ հաշվապահությունում վերջնահաշվարկն անեն», եւ ես հարցրի՝ «ի՞նչ վերջնահաշվարկ», եւ Անոն ասաց՝ «մի ամսվա աշխատավարձ պիտի ստանաս, մի ամսվա էլ՝ արձակուրդային», եւ ես զարմացած հարցրի՝ «փող էլ պիտի ստանա՞մ», եւ Անոն հարցրեց՝ «բա մեզ մի աչքով ե՞ս նայում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «փաստորեն, Աշոտը ճիշտ էր ասում», եւ Աշոտը հարցրեց՝ «ի՞նչն եմ ճիշտ ասել», եւ Անոն ժպտալով ասաց՝ «պարզվում ա, Դարբինյանն իսկապես շատ խղճով մարդ ա», եւ Բասենցյանը զարմացած հարցրեց՝ «ի՞նչըղ է խղճով», եւ Անոն ժպտալով ասաց՝ «Դարբինյանն Արմենի հրամանը ոչ թե էսօրվա ամսաթվով ա տվել, այլ՝ ամսի երեսունմեկով» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «փաստորեն, քեզ մի քանի օրվա լավություն ա արել, Արմեն ջան», եւ ես ժպտալով ասացի՝ «գիտեմ», եւ Անոն հարցրեց՝ «որտեղի՞ց գիտես», եւ ես ասացի՝ «ինքն ասեց» եւ ժպտալով ավելացրի՝ «էդ ամսաթիվն իմ ձեռով եմ գրել», եւ Անոն ժպտալով ասաց՝ «ինքը թելադրել ա, դու էլ գրել ես», եւ ես ժպտալով ասացի՝ «որ ամսաթիվը թելադրեց, ասեց՝ էդ մի քանի օրն էլ քեզ փեշքեշ», եւ Բասենցյանը հեգնանքով ասաց՝ «փաստորեն, էրեսով է տվել», եւ Անոն Աշոտին հարցրեց՝ «քե՞զ խի էր կանչել», եւ Բասենցյանն Աշոտի փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «կանչել ասել է, օր հանրակացարանի էդ հոդվածն Աշոտը գրի», եւ Անոն ասաց՝ «Աշոտն էդ հոդվածը մի ժամում կգրի. Արմենի պես չի ծանրացնի ու ջանջալացնի», եւ Աշոտն ասաց՝ «ո՞նց մի ժամում կգրեմ» եւ մի քիչ մտածեց ու սրտնեղած ավելացրեց՝ «ինչ որ գրելու էր՝ Արմոն անցած տարի գրել ա», եւ Անոն ծիծաղելով ասաց՝ «էս մի տարվա մեջ էդ հանրակացարանում ահագին փոփոխություններ են տեղի ունեցել», եւ Աշոտը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ փոփոխություններ», եւ Անոն ծիծաղելով ասաց՝ «մի քիչ առաջ դու էիր ասում», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ճիշտ եմ ասել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց էդ փոփոխությունները դրական փոփոխություններ են, ոչ թե՝ բացասական», եւ Անոն ժպտալով ասաց՝ «որ դրական են՝ դրական էլ կգրես», եւ Բասենցյանը ծիծաղելով ասաց՝ «բայց Դարբինյանին քննադատական հոդված է պետք», եւ ես ժպտալով ասացի՝ «ես գլուխս լավ պրծացրի», եւ Անոն ժպտալով ասաց՝ «էրկու ամսվա էլ փող ես ստանալու», եւ Բասենցյանն ինձ հարցրեց՝ «չգիտեի՞ր, որ փող ես ստանալու», եւ ես ժպտալով ասացի՝ «մի ամսվանը մտքովս անցել էր, բայց որ էրկու ամսվա կստանամ՝ հեչ չէի սպասում», եւ Անոն ասաց՝ «որ տասնհինգ օր առաջ դիմում գրեիր՝ էսքան չէիր ստանա», եւ ես հարցրի՝ «խի՞», եւ Անոն պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ մի տարիդ օգոստոսի տասնհինգին ա լրացել» եւ ժպտալով ավելացրեց՝ «ընենց որ, բախտդ բերել ա» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «մարդ պիտի տարին մեկ դիմում գրի ու գործը փոխի», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ըտենց էլ անելու եմ», եւ Անոն ծիծաղելով ասաց՝ «մի տարի էդ «Ծիծեռնակում» գլուխ կպահես, հետո էլի հետ կգաս մեր մոտ» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «էդ ամսագրում ի՞նչ ես անելու», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «մանկական ոտանավորներ եմ գրելու», եւ Աշոտն ինձ հարցրեց՝ «հեչ գրած կա՞ս», եւ ես ասացի՝ «արդեն քսան հատից ավել գրել եմ», եւ Աշոտը զարմացած հարցրեց՝ «ե՞րբ ես գրել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «էս տասնհինգ օրվա մեջ» եւ ժպտալով ավելացրի՝ «արդեն կարդացել ու հավանել են», եւ Աշոտը ժպտալով ասաց՝ «կտա՞ս՝ մենք էլ կարդանք», եւ ես ժպտալով ասացի՝ «ամոթ ա», եւ Աշոտը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ ա ամոթ», եւ ես ժպտալով ասացի՝ «ճնճղուկների, տոնածառի ու կենդանիների մասին են», եւ Աշոտն ասաց՝ «դրա ի՞նչն ա ամոթ», եւ ես ժպտալով ասացի՝ «որ տպվի՝ կկարդաս», եւ Անոն ծիծաղելով ասաց՝ «մի հատ էլ էդ հանրակացարանի մասին մանկական ոտանավոր կգրես», եւ Բասենցյանը ժպտալով ասաց՝ «էդ հանրակացարանի մասին մանկական չի գրվի», եւ Անոն ինձ հարցրեց՝ «պարտադիր պիտի կենդանիների մասին գրե՞ս», եւ ես ասացի՝ «մանկական ոտանավորների մեծ մասը կենդանիների մասին ա», եւ Աշոտը ծիծաղելով ասաց՝ «ասում են՝ էդ հանրակացարանում լիքը կենդանիներ կան», եւ Անոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ կենդանիներ», եւ Աշոտը ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «հիմնականում մկներ են», եւ Բասենցյանն Աշոտին քամահրանքով ասաց՝ «մկների հաշվին հոդվածիդ քննադատական կողմը կապահովես», եւ Անոն ժպտալով ինձ ասաց՝ «փաստորեն, «Մկների ժողովի» պես բաներ պիտի գրես», եւ ես ծիծաղելով ասացի՝ «կամ էլ՝ «Պույ-պույ մուկիկի» պես», եւ Անոն ասաց՝ «շատ ուրախ ու զվարթ աշխատանք ա», եւ ես ծիծաղելով Աշոտին ասացի՝ «փաստորեն, դու էլ ես մկների մասին գրելու», եւ Աշոտը ժպտալով ասաց՝ «ըտենց ա ստացվում», եւ ես ասացի՝ «մի տարի առաջ էդ հանրակացարանում մկներ չկային», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էղած կըլնեն», եւ ես ասացի՝ «աչքովս չեն ընկել», եւ Անոն ծիծաղելով ասաց՝ «կարող ա՞ էդ հանրակացարանի մկներն սպասում են, որ հենց լրագրող մտնի, ծակուծուկից դուրս թռնեն ու դիմավորեն», եւ ես Աշոտին ասացի՝ «մինչեւ սեփական աչքով չտենաս, չես կարա գրես», եւ Աշոտը հարցրեց՝ «ի՞նչ չեմ կարա գրեմ», եւ ես ասացի՝ «չես կարա գրես, որ էդ հանրակացարանում մկներ կան», եւ Անոն ծիծաղելով ինձ ասաց՝ «էդ խելքով հազիվ էլ «Ծիծեռնակում» աշխատես» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «ա՛յ խելոք, Աշոտը հո չի՞ գրելու, որ էդ հանրակացարանում մուկ ա տեսել», եւ ես հարցրի՝ «բա ի՞նչ ա գրելու», եւ Անոն ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «էդ հանրակացարանում ապրող ուսանողներին հարցուփորձ կանի, իրանք էլ կասեն, որ իրանց սենյակներում մկներ կան», եւ ես ասացի՝ «բա որ չասեն», եւ Բասենցյանը քմծիծաղով ասաց՝ «դու արխային կաց. Դարբինյանն արդեն ասողներին նախապատրաստած կէղնի», եւ Աշոտն ասաց՝ «էդ հանրակացարանում ապրող ուսանողներից մի քանիսն արդեն բողոքներ են գրել խմբագրին», եւ Անոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ բողոքներ», եւ Աշոտն ասաց՝ «Դարբինյանին գրավոր բողոքել են», եւ Անոն հարցրեց՝ «ի՞նչ են բողոքել», եւ Աշոտն ասաց՝ «գրել են, որ հանրակացարանում լիքը մկներ կան», եւ Բասենցյանը ժպտալով ասաց՝ «ես մենակ մեռնելուս օրը չգիտեմ», եւ Անոն Բասենցյանին հարցրեց՝ «ի՞նչ իմաստով եք ասում», եւ Բասենցյանը պատասխանեց ու ասաց՝ «երեւի Դարբինյանն է էդ բողոքական նամակները կազմակերպել», եւ Անոն ասաց՝ «թե չէ՝ ո՞նց ա, որ էդ նամակները Դարբինյանին են տվել, ոչ թե՝ մեզ», եւ ես ասացի՝ «խմբագիրն ինքն ա», եւ Անոն ասաց՝ «բա ուրիշ նամակները ո՞նց են մեզ բերում», եւ Բասենցյանն ասաց՝ «որովհետեւ դրանք կազմակերպված նամակներ չեն», եւ Աշոտն ասաց՝ «անհեթեթ եզրակացություններ եք անում», եւ Բասենցյանն ասաց՝ «անհեթեթն էն է, օր ամեն տարի էդ հանրակացարանին կանդրադառնանք», եւ Անոն ասաց՝ «նույնիսկ ծիծաղելի ա», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ծիծաղելին էն կըլներ, որ էս տարի էլ էդ հանրակացարանի մասին գրեի», եւ Անոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ով էլ գրի՝ ծիծաղելի կըլնի», եւ ես ասացի՝ «իմ գրելն ավելի ծիծաղելի կըլներ», եւ Աշոտն ինձ հարցրեց՝ «ի՞նչ տարբերություն», եւ ես ծիծաղելով ասացի՝ «կստացվեր, որ կյանքումս էրկու հոդված եմ գրել, էրկուսն էլ՝ էդ հանրակացարանի մասին», եւ Բասենցյանը ժպտալով ասաց՝ «հիմի մկների մասին կգրես», եւ Անոն ծիծաղելով ինձ ասաց՝ «փաստորեն, համ դու ես մկների մասին գրելու, համ էլ՝ Աշոտը», եւ Աշոտն Անոյին ասաց՝ «քեզ էդ գործից պրծացրի, դրա համար ես հիմի մեծ-մեծ խոսում», եւ Անոն զարմացած հարցրեց՝ «ինձ ո՞նց ես պրծացրել», եւ Աշոտն ասաց՝ «Դարբինյանը որ ինձ հարցրեց՝ ո՞վ կարա էդ հանրակացարանի մասին գրի, ես միանգամից իմ վրա վերցրի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «կարայի, չէ՞, քո վրա գցեի», եւ Անոն ծիծաղելով ասաց՝ «էս առաջին դեպքը չի», եւ Աշոտը հարցրեց՝ «այսինքն», եւ Անոն պատասխանեց ու ասաց՝ «դու միշտ էլ մեզ փրկում ես, Աշոտ ջան», եւ Բասենցյանը ժպտալով Աշոտին ասաց՝ «դու մեր փրկիչն ես, Աշոտ ջան», եւ Աշոտը ժպտալով ասաց՝ «մենակ Արմոյին չկարեցա փրկեմ», եւ Անոն ծիծաղելով ասաց՝ «Արմենն իրա շնորհքով՝ լրիվ ինքնուրույն փրկվեց», եւ ես ժպտալով ասացի՝ «ոչ մեկը չի կարա ինքնուրույն փրկվի», եւ Անոն ինձ ասաց՝ «դու, փաստորեն, կարացել ես», եւ ես ասացի՝ «քեզ ա թվում» եւ ժպտալով ավելացրի՝ «ինձ էլ Տաթեւիկն ա փրկել», եւ Անոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ Տաթեւիկ», եւ Բասենցյանը հարցրեց՝ «էդիկ վո՞վ է», եւ ես ժպտալով ասացի՝ «ինձ փրկողն ա», եւ Բասենցյանը հարցրեց՝ «քեզ ինչի՞ց է փրկել», եւ Անոն իմ փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «մեզանից», եւ Բասենցյանն ինձ հարցրեց՝ «էդ Տաթեւիկը վո՞վ է», եւ ես ասացի՝ «էդ «Ծիծեռնակի» խմբագրի տեղակալն ա. ինքն ա ինձ էդ աշխատանքն առաջարկել», եւ Անոն ժպտալով ասաց՝ «փաստորեն, էդ Տաթեւիկը «Ծիծեռնակի» Բասենցյանն ա», եւ Բասենցյանն ասաց՝ «հո չասիր» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Բասենցյանը կրնա՞ էս խմբագրություն մարդ ընդունել տա», եւ Անոն ասաց՝ «որ ուզենաք՝ լավ էլ կարաք», եւ Բասենցյանն ասաց՝ «աչքիդ կերեւա», եւ Աշոտն ինձ հարցրեց՝ «էդ Տաթեւիկն էն աղջիկը չի՞, որ «Գարունում» Միլի հետ էր նստում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Աշոտը ժպտալով ասաց՝ «սիրուն էլ աղջիկ ա», եւ Անոն ժպտալով ինձ հարցրեց՝ «կարող ա՞ վրեդ աչք ունի, այ Արմեն», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «դժվար», եւ Բասենցյանը ժպտալով հարցրեց՝ «բա ինչի՞ կխնդաս», եւ ես ժպտալով ասացի՝ «որովհետեւ խնդալու բան ա ասում», եւ Աշոտը ժպտալով ասաց՝ «սիրուն աղջիկ ա», եւ Բասենցյանը հարցրեց՝ «ամուսնացա՞ծ է», եւ Աշոտն ասաց՝ «չգիտեմ», եւ Անոն ասաց՝ «Արմենը կիմանա», եւ ես ասացի՝ «ես էլ չգիտեմ», եւ Անոն ինձ ասաց՝ «հաստատ ամուսնացած չի, վրեդ էլ աչք ունի», եւ ես ժպտալով ասացի՝ «մի քիչ էլ որ զոռես՝ կարող ա համոզես», եւ Անոն ասաց՝ «էս խոսքս կհիշես», եւ ես ժպտալով ասացի՝ «չուզողը թող ե՛ս ըլնեմ», եւ Բասենցյանն ասաց՝ «քեզնից լավ տղա պիտի ճարի՞», եւ Անոն ծիծաղելով ասաց՝ «հանրակացարանի մասին չես կարում գրես, ճիշտ ա, բայց էդ առանձնապես մեծ թերություն չի», եւ Աշոտը ծիծաղելով ասաց՝ «մկների մասին կարող ա շատ լավ ստացվի», եւ Անոն ծիծաղելով Աշոտին ասաց՝ «փաստորեն, Արմենն ու դու մկների գծով կոլեգաներ եք», եւ Աշոտն Անոյին ասաց՝ «ես քեզ փրկեմ՝ դու ինձ ձեռ առնե՞ս», եւ Անոն ժպտալով ասաց՝ «քեզանից շա՜տ շնորհակալ եմ, փրկիչ ջան», եւ Աշոտն ասաց՝ «որ շնորհակալ ես՝ մի հատ էլ կոֆե դիր» եւ ժպտալով ավելացրեց՝ «էս մեկից բան չհասկացանք», եւ ես ասացի՝ «մինչեւ մի հատ էլ կոֆե խմենք՝ երեւի իմ էդ վերջնահաշվարկը կանեն», եւ Անոն ասաց՝ «էդքան շուտ դժվար անեն» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «երեւի ժամուկես տեւի», եւ ես ժպտալով ասացի՝ «ավելի լավ. մի քանի հատ էլ կոֆե կխմենք», եւ Անոն նեղսրտած ասաց՝ «կարող ա՞ ձեր անձնական կոֆե էփողն եմ», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ավելի լավ ա կոֆե էփես, քան՝ էդ հանրակացարանի մասին հոդված գրես», եւ Անոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ճիշտ ես ասում», եւ Բասենցյանն Անոյին ասաց՝ «էրեխի սիրտը մի կոտրի. վերջին անգամ է կոֆեդ խմում», եւ Աշոտը ծիծաղելով ասաց՝ «հեչ պարզ չի՝ վերջի՞ն անգամ ա խմում, թե՝ նախավերջին», եւ ես ժպտալով ասացի՝ «նայած թե՝ վերջնահաշվարկս ինչքան կտեւի», եւ Բասենցյանն ասաց՝ «տնաշեններ, էդքան կոֆե ի՞նչըղ կխմեք», եւ Անոն Բասենցյանին հարցրեց՝ «դուք չեք խմո՞ւմ», եւ Բասենցյանն ասաց՝ «ես հո իմ թշնամի՞ս չեմ՝ օր րոպեն մեկ կոֆե խմեմ», եւ էդ պահին Սեյրանը սենյակ մտավ, եւ Բասենցյանը Սեյրանին տեսնելով ասաց՝ «տեյա՝ մի հատըմ կոֆե խմող էլ ավելցավ», եւ Սեյրանը Անոյին ժպտալով ասաց՝ «էսօր Անոյի կոֆեն չեմ խմել», եւ Անոն Սեյրանին ասաց՝ «մենակ դու էիր պակաս», եւ Սեյրանն Անոյին ասաց՝ «չես ուզում՝ մի էփի, Անո ջան. ստիպող չկա», եւ Անոն Սեյրանին ասաց՝ «չես էլ կարա ստիպես», եւ Սեյրանն Անոյին ժպտալով հարցրեց՝ «խաթրով էլ չեմ կարա՞ ուզեմ», եւ Բասենցյանն Անոյի փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «խաթրով կրնաս»: