Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ՉՈՉՆՉԱՑՆԵԼ ՍԵՐԸ

Հունվար 24,2009 00:00

\"\"Երբ «գրոհում» է կենցաղը

Ահա լռեցին հարսանեկան զանգերի վերջին ղողանջները, հարսի ծաղկեփունջը վաղուց թոռոմել է, հարսանեկան «մարշն» էլ շատ մեղմիկ հնչում է միայն հոգում…

Ամուսինդ ոչ միշտ է ժպտում քեզ տեսնելիս, նա ավելի շատ դիտողություններ, քան հաճոյախոսություններ է անում: Դու արդեն հասկանում ես, թե ուր ես ընկել, որ դա ամենեւին էլ խոստացված հեքիաթը չէ:

Տղամարդիկ, ձեզ, փաստորեն, չի խանգարում ամուսնական մատանին, եւ դուք արդեն վարժվել եք, որ այն անընդհատ դիպչի ինչ-որ բանի, ասենք, երբ վերանորոգում եք ձեր ավտոմեքենան:

Ձեր մտերիմ ընկերներն այժմ հազվադեպ են զանգում, այն էլ միայն պարտքով փող խնդրելու համար: Հիմա ձեր կինը չի թվում հրեշտակային արարած, որ երկնքից վայր է իջել՝ իմաստավորելու ձեր գոյությունը: Այժմ նա ավելի շատ բնակարանների մաքրությամբ զբաղվող աշխատակցուհի է թվում: Եթե ամեն ինչ այդպես է կամ՝ մոտավորապես այդպես, ուրեմն բարի գալուստ՝ ձեր կյանքի նոր էտապ, որը մեկ բառով «կենցաղ» է կոչվում: Բայց ոչ, սպասեք, ամեն ինչ այդքան էլ վատ չէ, պարզապես պետք է սթափվել, արթնանալ ինչպես խորը քնից եւ վերաիմաստավորել կյանքը՝ նրան նայելով նոր հայացքով:

Հարգելի կանայք, միայն պատկերացրեք, որ ձեր ամուսինը առավոտից իրիկուն աշխատում է, չարչարվում առանց շունչ քաշելու, առանց հանգստյան օրերի: Միգուցե միայն առաջին հայացքի՞ց է թվում, թե աշխատանքն է նրա կյանքի իմաստը, ախր նա ամեն ինչ անում է ձեզ համար… Եթե ընտանիքը չլինի՝ ամեն ինչ կկորցնի իր իմաստը: Մի քիչ հետաքրքրություն ցուցաբերեք նրանց աշխատանքի հանդեպ: Ուրիշ էլ ում, եթե ոչ քեզ հետ նա պիտի խոսի իր ծրագրերի ու խնդիրների մասին: Եվ թող նախանձեն նրա կոլեգաները, գանգատվելով իրենց կանանցից, որ, ի տարբերություն վերջիններիս, դուք տարբերում եք կարբյուրատորը խլացուցիչից:

Տղամարդիկ, շատ բնական է, որ դուք, տուն գալով, ակնկալում եք տեսնել հարդարված, մաքուր բնակարան, լեցուն սառնարան, հաջորդ օրվա համար պատրաստ արդուկված վերնաշապիկ: Դա օրենք է, եւ չի էլ կարող այլ կերպ լինել, բայց մի վայրկյան պատկերացրեք, թե ինչքան ժամանակ կծախսեք, եթե ինքներդ անեք այդ ամենը… Իհարկե, ձեր հանդեպ անտարբեր կինը հենց այնպես չէր անի այդ բոլոր գործերը; Իսկ ինչ է պետք կնոջը այդ ամենի փոխարեն՝ մի փոքր ուշադրություն, մի քաղցր խոսք (ավելի լավ է երկուսը), ու դուք կտեսնեք, թե ինչպես է ձեր աչքի առաջ փոխվում ձեր կեսը, նույնիսկ մոռանալով այն, որ, օրինակ, 21.30-ին իր սիրելի սերիալն է: Այսպիսով, նա նայում է ձեզ սիրառատ հայացքով ու դուք հասկանում եք, որ ԿԵՆՑԱՂՆ այնքան էլ սարսափելի չէ, եթե կա ՍԵՐ: Իսկ թե ինչպես այն արտահայտել՝ ինքներդ որոշեք: Կարեւորը, որ այն զգացմունքը, որի ազդեցությամբ միմյանց մատին մատանի էիք դնում՝ չմնա հեռու հեռվում, հիշողությունների խորքում կամ պարզապես ռոմանտիկ տեսասկավառակում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել