Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը խորհուրդ է տալիս ամուսնանալ եկեղեցով
Տե՞ր ես, տեր եմ… Հնազա՞նդ ես, հնազանդ եմ…Պսակվելիս հենց այս խոսքերով էլ երիտասարդ զույգերը եկեղեցում երդվում են՝ ստանալով Աստծո օրհնությունը: Սակայն, ի տարբերություն ՔԿԱԳ-ի (ԶԱԳՍ), օրենքով չամրագրված եղեկեցական պսակադրության խորհրդի կարեւորության մասին հայ երիտասարդները թյուր պատկերացումներ ունեն: Շատերի համար պարտադիր պայման է եկեղեցական պսակադրությունը, մի մասի համար՝ ցանկալի, ոմանց համար էլ՝ ավելորդ ժամանակի վատնում:
Օրինակ, 30-ամյա Հայկի համար եկեղեցով ամուսնանալը կարեւոր է. «Այս հարցը անհատական մոտեցում է պահանջում: Ամեն մեկը մի ձեւ է մտածում: Կոնկրետ ես եկեղեցական պսակադրության արարողությունն ավելի եմ կարեւորում, քան քաղաքացիականը: Այն ինձ համար մեծ խորհուրդ ունի, ի վերջո՝ Աստված է մեզ օրհնում»: Ըստ 28-ամյա Կարինեի՝ «Ամեն մարդ իր մեջ պետք է որոշի՝ արժե՞ եկեղեցով ամուսնանալ, թե՞ ոչ: Ես դեռ ամուսնացած չեմ, կարծում եմ՝ ինձ համար եկեղեցում պսակվելը պարտադիր պայման չի լինի, բայց հաճելի կլինի: Իսկ եթե հանկարծ հայտնվեմ այնպիսի իրավիճակում, որ ապագա ամուսինս չցանկանա եկեղեցի մտնել, ոչ մի դեպքում չեմ հակաճառի: Ափսոս, որ եկեղեցական ամուսնություններին չեն վերաբերվում այնպես, ինչպես քաղաքացիականին: Ըստ իս, ճիշտ կլիներ, եթե ե՛ւ Քաղաքացիական կացության ակտերի գրանցումը, ե՛ւ խորանի առջեւ ամուսնական արարողությունը եկեղեցին վերցներ իր վրա: Կարծում եմ, եկեղեցում պսակվելը հատկապես հայերի համար ամենաանհրաժեշտ երեւույթն է: Ինձ թվում է՝ դա հայեցի է, եւ հայերը պետք է մեծ տեղ տան եկեղեցական պսակադրության արարողակարգին»: 20-ամյա Լուսինեն էլ գտնում է. «Եկեղեցում խորանի առջեւ խոստումներ տալը մի տեսակ միստիկ բնույթ է կրում: Նույն հաջողությամբ կարելի է տանն էլ իրար խոստանալ, որ հնազանդ կլինես, կսիրես: Ինձ համար եկեղեցական արարողությունը պարտադիր պայման չէ, ոչ էլ այնքան ցանկալի, որ, ասենք, ապագա ամուսնուս ստիպեմ եկեղեցով ամուսնանալ: Ես ընկեր ունեմ, եւ մենք երկուսս էլ այն մտքին ենք, որ դա ուղղակի ժամանակի վատնում է, կարեւորը սերն է»:
Թեմայի շուրջ մանրամասներն «Առավոտը» փորձեց պարզել Նուբարաշեն համայնքի հոգեւոր հովիվ տեր Բաբկեն քահանա Հայրապետյանից, որի փոխանցմամբ. «Աստված ինքը հաստատեց տղամարդու եւ կնոջ միասնությունը՝ դրախտում Ադամի երջանկության համար ստեղծելով Եվային: Դրանով իսկ պսակի խորհուրդը դրեց դրախտում: Պետրոս առաքյալը ամուսնությունը՝ սուրբ պսակը, նմանեցնում է Քրիստոսի եւ եկեղեցու սիրո, այսինքն, Քրիստոսը՝ փեսա, եկեղեցին՝ հարս: Պսակադրության խորհուրդը դրա մեջ է: Բոլոր ժողովուրդները մկրտությամբ ծնվում են եկեղեցու արգանդից: Պողոս առաքյալն էլ բոլոր ժողովուրդների հարաբերությունները Քրիստոսի հետ բացատրում է պսակի խորհրդով»: Տեր Բաբկենը հավելեց. «Քրիստոսն ասում է՝ երբ տղամարդն ամուսնանում է կնոջ հետ, թողնում է իր հորն ու մորը, կտրվելով ընտանիքի անդամ լինելու կապից, բայց ոչ թե ուղղակի իմաստով, այլ՝ հոգեւոր առումով: Կտրվելով՝ միանում է իր կնոջը, դառնալով նրա հետ միություն՝ մեկ մարմին: Սա խորհուրդ է…»: Տեր Բաբկենի փոխանցմամբ՝ եկեղեցին ունի 7 խորհուրդ, որոնցից ամենակարեւորը պսակադրության խորհուրդն է. «Պսակի խորհուրդը ամենաառաջինն է, որ Աստված դրեց դրախտում: Պսակադրությունը մեծ կապ ունի մարդու հավատքի հետ: Եթե մարդ անհավատ է, եթե չկա սերն ու մղումը առ Աստված, նրա հետ չարժե պսակադրություն անել: Պսակվելիս պարտադիր չէ՝ լինեն ճոխ սեղաններ… Պսակի խորհուրդը հենց Աստծո առաջ եկեղեցում երդում տալն է՝ տեր եմ, հնազանդ եմ մինչ ի մահ… Երդում տալով՝ զույգերն Աստծուց հրեշտակ են խնդրում՝ պահապան հրեշտակ: Աստված օրհնելով նրանց միությունը՝ հրեշտակ է կարգում նրանց, որ պահի եւ պահպանի նոր ստեղծվող ընտանիքը: Եկեղեցում ամուսնական ուխտ ընդունելն իր պայմաններն ունի՝ փոխադարձ սեր, չափահաս տարիք եւ պարտադիր մկրտվածություն: Պսակադրության ժամանակ առաջին հարցը մկրտված լինելու մասին է լինում: Եթե զույգերից մեկը մկրտված չէ, ուրեմն նա դեռ քրիստոնյա չէ, եւ մկրտվելուց հետո միայն ամուսինները իրավունք են ունենում մտնել սուրբ անկողին»: Տեր Բաբկենը երիտասարդներին խորհուրդ է տալիս պսակադրությունից առաջ լավ մտածել, քանի որ ուխտն ընդունելուց հետո բաժանումը բարդ եւ եկեղեցու կողմից չխրախուսվող երեւույթ է. «Ընտրեք ձեզ համապատասխան զույգ, սիրեք իրար, ամուսնացեք եկեղեցով՝ ստանալով Աստծո օրհնությունն ու պահապան հրեշտակը»: