Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՉԱՐԱՇԱՀԵԼ Է ԴԻՐՔԸ

Հունվար 24,2009 00:00

\"\"Լծակների գործադրումո՞վ ամուսնություն

Իմ առաջին սերը մանկապարտեզում է եղել: 6 տարեկանում սիրահարվել էի դաստիարակչուհուս՝ տիկին Ալվինային: Նրան սիրո խոստովանություն չեմ արել, պարզապես ասել եմ, որ շատ գեղեցիկ աչքեր ունի… Հետո առաջին դասարանում սիրահարվել եմ դասընկերուհուս՝ Արմինեին, նրան նույնիսկ մեր տուն եմ հրավիրել: Իմ հիշելով՝ Արմինեին նույնպես բառերով չեմ արտահայտել իմ սերը՝ պայուսակն եմ պահել, վերարկուն հագնելիս օգնել եւ այլն: Նրան մոտ մեկ տարի սիրել եմ, հետո արդեն պատանեկան ու երիտասարդական տարիքում եմ սիրահարվել: Հետաքրքիր մի բան կար, աղջիկների հետ մտերմություն էի անում, ընկերանում էի, բայց բաժանվելուց անմիջապես հետո նրանք ամուսնանում էին… Իսկ կնոջս հետ ծառայողական դիրքի չարաշահումով եմ մտերմացել: Ֆիզկուլտ ինստիտուտում էի աշխատում, ինքն էլ ուսանող էր, չգիտեմ՝ պատահականություն էր, թե ինչ, բայց նրա պրակտիկայի ղեկավարը ես դարձա: Մինչ այդ նրան շատ էի տեսել, սակայն իմ ուշադրությանը չէր արժանացել: Երբ եկավ պրակտիկայի իմ ջոկատ, ավելի մոտիկից նրա հետ ծանոթացա, հրավիրեցի զբոսանքի, հենց այդ ժամանակ էլ սիրո խոստովանություն եմ արել: Մեզ մոտ ընկերություն անելը կարճ է տեւել՝ ընդամենը 3-4 ամիս, կարծում եմ՝ ճիշտը դա էր… Ասեմ, որ հարսանիքից շուտ եմ կնոջս մեր տուն բերել՝ եղբայրս բանակում էր, հայրս արտերկրում, բնական է՝ առանց նրանց հարսանիք չէի անի: Բայց մի քանի ամիս անց մեծ հարսանիք ենք արել: Ինձ ավելի շատ դուր են գալիս ինտելեկտուալ եւ համեստ աղջիկները: Կնոջ մազերի գույնից չեմ հիասթափվի, բայց վուլգարությունից հաստատ կհիասթափվեմ, նման մարդկանցից ինձ մոտ միանգամից վանողական տրամադրություն է ստեղծվում: Կինն իրեն կարող է ազատ պահել, սակայն վուլգար չլինել, դրանք տարբեր բաներ են…

Չի խմում, չի հարբում…

Ալկոհոլ շատ քիչ եմ օգտագործում, ինչն էլ իմ բարեկամների շրջանում բացասական խոսակցությունների առիթ է տալիս, ասում են՝ ոչ խմում ես, ոչ մեզ հետ ընկերություն ես անում… Քանի որ խմելիս էլ շատ քիչ եմ խմում, կյանքիս մեջ երբեք չեմ հարբել: Տարվա ընթացքում առավելագույնը կարող է 2-3 անգամ խմեմ, այն էլ բարձրորակ օղի կամ կոնյակ:

Մեղավո՜ր եմ, մեղավո՜ր…

Կինս ինձնից շատ չի դժգոհում, բայց նրան թվում է, թե ես մի փոքր անուշադիր եմ իր նկատմամբ, սակայն իրականում ոչ թե անուշադիր եմ, այլ խիստ զբաղված եմ, եւ ընտանիքիս հատկացվելիք ժամանակը քիչ է: Դժգոհում է, որ իր հետ քիչ եմ խոսում, բայց երեւի հասկանում է, որ աշխատանքից ելնելով՝ օրվա ընթացքում այնքան շատ եմ խոսում, որ տանը խոսելու այլեւս էներգիա չեմ ունենում: Միշտ էլ քչախոս եմ եղել եւ կնոջս բողոքը առարկայական հիմք ունի: Մեր հարաբերությունների միակ բացասական երեւույթը սա է… Իհարկե, արդարացում չէ, քանի որ երեխաներիս էլ քիչ ժամանակ եմ հատկացնում: Ահավոր աշխույժ աղջիկներ ունեմ, մի րոպեում կարող են ամբողջ տունը տակնուվրա անել, ու միշտ կարոտի զգացում եմ ունենում, ուզում եմ նրանց գրկել… Բայց խնամքի առումով իմ բացը լրացնում են քույրս ու եղբայրս: Կնոջս, բացի տոնական օրերից, հաճախ ծաղիկներ եմ նվիրում, տոնական օրերին չեմ սիրում նվիրել: Հիմնականում դաշտային ծաղիկներ՝ հատկապես չինական մեխակ շատ եմ սիրում: Ինչ պատգամավոր եմ ընտրվել՝ հանգիստ չունեմ, բայց եթե մի քանի օր ազատ եմ լինում՝ նախընտրում եմ ծնողներիս այցի գնալ գյուղ: Աղմկոտ վայրեր չեմ հաճախում, հաճախ ենք ընկերներով հանդիպում, նաեւ Ազգային ժողովում եմ նոր ընկերներ ձեռք բերել՝ Արծվիկ Մինասյան, Շիրակ Թորոսյան ու Արտակ Դավթյան, էլ չեմ ասում մեր խմբակցության պատգամավորների մասին…

Պատգամավոր՝ շինարարի կամ բժշկի փոխարեն…

Հետաքրքիր երազանք եմ ունեցել դեռեւս դպրոցական տարիներին՝ ցանկանում էի բեւեռախույզ լինել եւ գնալ սպիտակ արջերի մոտ: Այն ժամանակ, երբ ծնողներս նեղացնում էին՝ նրանց սպառնում էի, ասելով, որ կգնամ սպիտակ արջերի մոտ: Հետո երազել եմ շինարար դառնալ, բժիշկ դառնալու ցանկություն շատ կար, բայց ընդունվեցի Ֆիզկուլտուրայի ինստիտուտ ու 22 տարեկանում ավարտելով՝ մինչ օրս դասավանդում եմ այնտեղ: Ներկայիս աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանի հետ աշխատել եմ Արցախում՝ ես ֆիզկուլտուրայի, իսկ Արսենը՝ պատմության ուսուցիչ: Այդ ժամանակ 3-րդ կուրսում էի սովորում, ինստիտուտից հեռացնում էին բացակայությունների պատճառով, ստիպված թողեցի աշխատանքս: Ցանկանում էի նաեւ Արցախի ազատամարտին մասնակցել, բայց չթողեցին: Հետաքրքիր է, ինչ կլիներ ինձ հետ, եթե ազատամարտիկ լինեի, հնարավոր է մինչեւ հիմա Ղարաբաղում լինեի…

Ի՜նչ խանդ, ի՜նչ բան…

Երբեք կնոջս չեմ խանդել: Կարծում եմ՝ վստահությունը լավագույն տարբերակն է կնոջ եւ տղամարդու հարաբերությունների համար: Խանդն անիմաստ երեւույթ է, պարզապես երկու մարդկանց միջեւ կոնֆլիկտ ստեղծելու եւ սեփական հոգին կրծելու գործընթաց: Կինս էլ է ասում, որ ինքը խանդոտ չէ, բայց լավ էլ խանդում է…

Դոստոեւսկի, Թումանյան, Սեւակ…

Հիմա քիչ եմ խոհանոցում լինում, բայց շատ եմ սիրում պատրաստել մսային կերակուրներ: Երբ Կապանում էի ծառայում, 3-4 ամիս զորամասի խոհարարն եմ եղել, բայց քանի որ բնավորությամբ լճացած վիճակ չեմ սիրում՝ հրաժարվեցի այդ աշխատանքից: Շատ եմ սիրում նաեւ գիրք կարդալ, ինձ համար «էտալոնային» են համարվում ռուս դասական գրողները, մանավանդ՝ Դոստոեւսկին, ժամանակակից գրողների նույնպես սիրում եմ: Իսկ հայ գրողներից կառանձնացնեմ Սեւակին ու Թումանյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել