Հելսինկիում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում երեկ կարճ
ծրագրի կատարումով սահադաշտ մտան նաեւ մենասահորդուհիները:
Հայաստանը ներկայացնող Անի Վարդանյանը, ինչպես եւ սպասվում էր ու այդ մասին գրել էինք երեկվա «Առավոտում», տեղ զբաղեցրեց վերջին հորիզոնականներում:
Երեկ երեկոյան, երբ կարճ ծրագրի վերջնական արդյունքները դեռ հայտնի չէին, մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը մեզ ասաց հետեւյալը. «Որ Անին տեղ էր գրավելու ստորին հորիզոնականներում, մեզ համար անակնկալ չէր: Ինձ համար ավելի կարեւոր էր, որպեսզի նա իր ունակությունները լրիվ դրսեւորեր, թեեւ այդ դեպքում էլ եզրափակիչ փուլ մտնելու հույսեր նախապես չունեինք: Բայց, որքան տեղեկացա հավաքականի մարզիչ Արմեն Ասոյանի հետ հեռախոսազրույցից, Անին, ինչպես եւ նախորդ օրը Գեղամ Վարդանյանը, իր իրական հնարավորություններից ցածր է հանդես եկել: Դա մի կողմից՝ ցավալի, բայց մյուս կողմից էլ բնական է: Արդարանալու համար չէ, սակայն կրկնվելու եմ. պատճառը մարզումային գոնե նվազագույն պայմանների բացակայությունն է ու մրցափորձի պակասը: Կհարցնեք մարզիչների մասի՞ն: Վստահեցնում եմ, որ գոնե Արմեն Ասոյանը համապատասխանում է ժամանակակից պահանջներին: Բայց որքան էլ նա որակյալ մասնագետ լինի, արդյունք տալ կարող է միայն համապատասխան գոնե նվազագույն պայմանների առկայության դեպքում: Մի բան, որից մենք մինչեւ այժմ զրկված ենք: Վերադառնալով Անիին եւ նախորդ օրը սահադաշտ մտած Գեղամին, որքան էլ տարօրինակ հնչի, զուտ մասնագիտական առումով պիտի ասեմ, որ կարեւորում եմ այն, որ նրանք, թեեւ ձախողումներով, ծրագիրը կատարեցին մինչեւ վերջ: Իհարկե, երկուսն էլ կարող էին ավելի բարձր տեղ գրավել, բայց որ չստացվեց, դրանում առանձնապես մեծ ողբերգություն չեմ տեսնում: Ես այս ամենին նայում եմ ապագայի տեսանկյունից: Չեմպիոններ տալ չեմ խոստանում, բայց բարձր տեղեր գրավելը հնարավոր է: Միայն թե՝ դրա համար որոշ խնդիրներ պետք է լուծել: Նկատի ունեմ տեղում մարզումային նորմալ պայմանների ստեղծումը եւ միջազգային մրցումներին հնարավորին չափ հաճախակի մասնակցելը»: