Լրահոս
Օրվա լրահոսը

64 ՎԱՆԴԱԿ

Հունվար 24,2009 00:00

Հունվարը Հայաստանի շախմատիստների համար ծանրաբեռնված եւ պատասխանատու մրցելույթների ամիս է

ԱՐՈՆՅԱՆՆ ՍԿՍՈՒՄ Է ԱԿՏԻՎԱՆԱ՞Լ

Եվ այսպես, հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող շախմատի 19-րդ կարգի «Corus» անվանումը կրող գերմրցաշարում չորս անընդմեջ ոչ-ոքիից հետո 5-րդ տուրում վաստակեց իր անդրանիկ հաղթական միավորը: Հետաքրքիր է, որ Լեւոնի առաջին «զոհը» դարձավ մինչ այդ մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում ընթացող նրա հայրենակիցը՝ Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը, որը ժամացույցը կանգնեցրեց 58-րդ քայլին:

\"\"Այս հաղթանակից հետո մրցաշարային աղյուսակում մասնակիցների վերադասավորություն կատարվեց: Հինգ տուրից հետո ուկրաինացի Սերգեյ Կարյակինը 3,5 միավորով պահպանեց առաջատարի դիրքը: Իսկ ահա Արոնյանը 3,0 միավորով դուրս եկավ երկրորդ հորիզոնական: Ճիշտ է, նույնքան միավոր վաստակել են նաեւ Գատա Կամսկին (ԱՄՆ), Լանյեր Դոմինգեսը (Կուբա) եւ Յան Սմիթսը (Հոլանդիա): Նորվեգացի Մագնուս Կարլսենը, տանտերերից Լյուկ վան Վելին, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը եւ Սերգեյ Մովսիսյանը 2,5-ական միավորով բաժանում են 6-9-րդ հորիզոնականները: Այնուհետեւ գալիս են՝ 10-13. Դանիել Ստելվագեն (Հոլանդիա), Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա), Մայքլ Ադամս (Մեծ Բրիտանիա) եւ Վան Յուե (Չինաստան)՝ 2,0-ական միավոր: Եվ մրցաշարային աղյուսակը 1,4 միավորով եզրափակում է աշխարհի ներկայիս ուժեղագույն գրոսմայստերներից մեկը՝ ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզեւիչը:

Երեկ կայացած վեցերորդ տուրում միմյանց դեմ խաղում էին Արոնյանը եւ Իվանչուկը, Մովսիսյանը եւ Մորոզեւիչը, Սմիթսը եւ Դոմինգեսը, Վան Յուեն եւ Ադամսը, Ռաջաբովը եւ Կամսկին, Ստելվագենը եւ Վելին, Կարլսենը եւ Կարյակինը:

ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՂՎԱԾՔ Է

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն ընթացող շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց բարձրագույն խմբերի առաջնություններում պայքարը գնալով սրվում է: Մրցաշարային աղյուսակներում տարանջատվում են երկուական խմբեր. նրանք, ովքեր շարունակում են հավակնել մեդալներին, եւ նրանք, ովքեր արդեն կորցրել են հույսերը:

Կանանց մրցաշարում հերթական հաղթանակները տարան չեմպիոնության եւ մրցանակային տեղերի համար պայքարող միջազգային վարպետներ Լիլիթ Գալոյանը, Սիրանուշ Անդրիասյանը, որոնք առավելության հասան, համապատասխանաբար, Զոզան Շաքրյանի եւ Նաիրա Մովսիսյանի նկատմամբ: Իսկ մինչ այդ երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Աննա Հայրապետյանը միավորը բաժանեց Անի Խանամիրյանի հետ: Գալոյանը շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ 5,5 միավոր: Սիրանուշը 4,5 միավորով հավասարվեց Հայրապետյանին, սակայն լրացուցիչ գործակիցներով շրջանցեց նրան՝ հանգրվանելով երկրորդ տեղում:

Յոթերորդ տուրում, որ կայացավ երեկ, առավել մեծ հետաքրքրություն էին ներկայացնում Նարինե Գասպարյան-Սիրանուշ Անդրիասյան, Նաիրա Մովսիսյան-Աննա Հայրապետյան եւ Լիլիթ Գալոյան-Լիա Մարտիրոսյան պարտիաները:

Տղամարդկանց պայքարի 10-րդ տուրում, չնայած Արման Փաշիկյանից կրած պարտությանը, Տիգրան Քոթանջյանը շարունակում է 7,0 միավորով միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Անհաջողության մատնվեց նաեւ բազմափորձ Աշոտ Անաստասյանը, որը սպիտակներով տանուլ տվեց Հրանտ Մելքումյանին եւ միանգամից նահանջեց 5-րդ հորիզոնական: Միավորի անհրաժեշտության պահանջից դրդված՝ ասպետ չգտնվեց Ավետիք Գրիգորյանը, որը մեկ միավոր կորզեց տղամարդկանց առաջնության միակ կին մասնակից Էլինա Դանիելյանից: Մրցաշարային աղյուսակում իրենց դիրքերը որոշ չափով բարելավեցին նաեւ Զավեն Անդրիասյանն ու Տիգրան Պետրոսյանը:

Երեկ, ուշ երեկոյան, ավարտվեց նաեւ 11-րդ տուրը, որը նոր վերադասավորումներ կատարեց մրցաշարային աղյուսակում: Գրանցվեցին հետեւյալ արդյունքները. Լեւոն Բաբուջյան-Աշոտ Անաստասյան՝ 1:0, Արթուր Չիբուխչյան-Զավեն Անդրիասյան՝ 0,5:0,5, Էլինա Դանիելյան-Սամվել Տեր-Սահակյան՝ 0:1, Տիգրան Նալբանդյան-Ավետիք Գրիգորյան՝ 0,5:0,5, Արա Մինասյան-Արտաշես Մինասյան՝ 0:1, Տիգրան Քոթանջյան-Տիգրան Պետրոսյան՝ 0,5:0,5, Հրանտ Մելքումյան-Արման Փաշիկյան՝ 0:1:

Նախավերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի.

1. Տիգրան Քոթանջյան 7,5

2. Արթուր Չիբուխչյան 7,0

3. Արման Փաշիկյան 7,0

4. Զավեն Անդրիասյան 6,5

5. Ավետիք Գրիգորյան 6,5

6. Տիգրան Պետրոսյան 6,5

7. Լեւոն Բաբուջյան 6,0

8. Աշոտ Անաստասյան 6,0

9. Արտաշես Մինասյան 6,0

10.Հրանտ Մելքումյան 5,0

11.Էլինա Դանիելյան 4,0

12.Սամվել Տեր-Սահակյան 3,5

13.Տիգրան Նալբանդյան 3,0

14.Արա Մինասյան 2,5

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել