Կրկին Հայաստանին «ձայնազրկելու» մասին
Մինչ հունվարի վերջին կայանալիք ԵԽԽՎ նստաշրջանում Հայաստանին վերաբերող հարցը կգտնի իր լուծումը, հայ մտավորականները շարունակում են քննարկել եւ իրենց տեսակետները ներկայացնել հանրությանը:
«Մեր առջեւ դուռը կբացե՞ն, թե՞ կփակեն, կզրկե՞ն ձայնի իրավունքից, թե՞ ոչ, ինձ համար դա էական չէ: Մենք շատ այլ ավելի մեծ խնդիրներ ունենք: Այդքան չեմ կարեւորում ԵԽ որոշումը: Քաղաքական հարց է, քաղաքականություն է: Կյանքի կարգն է այդպես, այս դուռը կփակվի, մյուսը կբացվի,- երեկ «Տեսակետ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց դերասան Երվանդ Մանարյանն ու շարունակեց:- Իհարկե, դա շատ կարեւոր հարց է, բայց մե՛նք էլ կարեւոր հարցեր ունենք: Եկեք դրսում խնդիրներ չփնտրենք՝ ներսի խնդիրները չլուծած: Տեսեք՝ ի՞նչ է կատարվում մեր հասարակության ներսում»:
Գրող Ռազմիկ Դավոյանը նկատեց. «Մեր մասին Եվրախորհրդի կարծիքը ի՞նչ է… մենք վատ սովորող դասարա՞ն ենք, որ մեզ պետք է կրթություն տալ, չգիտեմ ինչեր… Եվրախորհուրդը մեր պատմության, հոգեկերտվածքի մասին պատկերացում ունի՞, որ իրեն իրավունք է վերապահում այդպիսի որոշումներ ընդունել եւ Հայաստանին այսպիսի իրավիճակի մեջ գցել»:
Երվանդ Մանարյանն էլ, թե. «Հաճելի կլինի, որ չզրկեն, բայց այդ չզրկելը չլինի այլ կորուստների հաշվին»: Ռ. Դավոյանը խորհուրդ է տալիս Եվրախորհրդին՝ որոշումը կայացնելուց առաջ հարցը հիմնավորապես ուսումնասիրել:
Ըստ Ե. Մանարյանի, Եվրախորհրդի հունվարյան նստաշրջանի որոշման պատասխանը պետք է փնտրել մեր մեջ. «Եվրախորհրդի կազմում կա՞ մի այնպիսի պետություն, որն ունենա քաղաքական հայացքների համար դատապարտված բանտարկյալներ… Պարսիկ ընկերներ եմ ունեցել եւ որպես հետաքրքրասեր մարդ միշտ ուզել եմ իմանալ, օրինակ՝ իրենց Մեջլիսում ի՞նչ են անում: Ոչ ոք չի արգելում ու չի ասում, որ քրիստոնյան իրավունք չունի Մեջլիս մտնելու, ասում են՝ մտիր, բայց կոշիկներդ պիտի հանես: Ուզում ես մտնե՞ս, տեսնե՞ս, ծանոթանա՞ս, աղոթե՞ս, խնդրեմ՝ միայն կոշիկներդ հանիր: Հիմա սա նույնն է, ինչ Եվրախորհրդի հետ կապված այս պատմությունը. մի բանի հասնելու համար միշտ մյուս բանից պետք է զրկվես: Հայերն էլ ասում են՝ չէ, ես այսպես՝ կոշիկներով կմտնեմ: Դե, եթե չէ, ուրեմն՝ չէ, չպետք է մտնես…»: Նրա կարծիքով, նախքան մի քայլ նախաձեռնելը, սկզբից պետք է լավ չափուձեւ անել. «Սկզբից պետք է մտածեինք՝ ուր էինք գնում, ինչի էինք Եվրախորհրդի կազմի մեջ մտնում եւ, եթե ինչ-որ մի օր, ինչ-որ հարցում դրանց չափուձեւին հակառակ պետք է գնայինք, չպետք է իզուր նրանցից նեղանայինք: Էն մարդը ասել է՝ քեզ մոտ քաղբանտարկյալներ չպետք է լինեն, դու էլ ասել ես՝ այո, չպետք է լինեն: Հիմա ունես՝ դե գնա ու պատասխան տուր»: