Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հունվար 24,2009 00:00

ՂՈՒՐԲԱՆԳՈՒԼԻՆ ԸՆՏՐԵԼՈՒ Է ԱՐԵՎՄՈ՞ՒՏՔԸ

2007 թվականին իշխանության եկած Թուրքմենստանի նախագահ Ղուրբանգուլի Բերդիմուհամեդովը, հրաժարվելով իր նախորդի՝ հանգուցյալ Թուրքմենբաշու առավել անընդունելի որոշումներից եւ վերադարձնելով բնակչությանը թոշակներ, բարձրագույն կրթություն եւ ինտերնետ, այժմ անցել է կադրային փոփոխությունների: Թուրքմենստանի նախագահը աշխատանքից ազատել է մի շարք նախարարների, ինչպես նաեւ «Թուրքմեննավթ» պետական կոնցեռնի ղեկավարին: Ոմանք հեռացվել են «առողջական խնդիրների» պատճառով, իսկ ոմանք էլ՝ «անբավարար աշխատանք» ձեւակերպումով: Ըստ «Վրեմյա նովոստեյ» թերթի, փոփոխություններ են սպասվում նաեւ Աշգաբադի արտաքին քաղաքական կուրսում: Ռուսաստանն ու Արեւմուտքը մրցակցում են Բերդիմուհամեդովի վրա ազդեցության հարցում, քանի որ վերջինս միանձնյա տնօրինում է երկրի հսկայական գազային պաշարները: Թուրքմենստանի նախագահը ոչ մեկին չի մերժում, սակայն վերջին ժամանակներս հակվում է «Նաբուկկո» գազատարի գաղափարին, որով Կենտրոնական Ասիայի եւ մասնավորապես Թուրքմենստանի գազը պետք է Եվրոպա հասնի Ադրբեջանով եւ Թուրքիայով՝ շրջանցելով Ռուսաստանը: Ռուսաստան-Ուկրաինա գազային պատերազմից հետո եվրոպացիներն ու ամերիկացիները ակտիվացրին այդ գազատարի կառուցման շուրջ իրենց ջանքերը, եւ Բերդիմուհամեդովը պատրաստակամություն հայտնեց դրանց միանալու: Հանուն գազային հարստությունների՝ Արեւմուտքը պատրաստ է աչք փակել Թուրքմենստանում մարդու իրավունքների խախտումների ճչացող դեպքերի վրա:

ՖԻԴԵԼԻ ՊԱՏԳԱՄԸ

\"\"Կուբայի նախկին ղեկավար Ֆիդել Կաստրոն հանդես է եկել հերթական հոդվածով, որը հրապարակել են տեղական ԶԼՄ-ները: «Այժմ ես ինձ լավ եմ զգում,- գրում է Ֆիդելը,- բայց պնդում եմ, որ երկրի ներկայիս ղեկավարությունից ոչ ոք կախվածություն չզգա իմ պարբերական հրապարակումներից, առողջական վիճակից կամ էլ իմ հնարավոր մահվանից»: Կաստրոն նաեւ պարզաբանում է, որ վերջերս նա զգալիորեն կրճատել է մամուլի հրապարակումները, քանի որ չի ուզում խանգարել իր գործընկերներին՝ կուսակցության մեջ եւ կառավարությունում: «Այժմ ես վերլուծում եմ վերջին կես դարում իմ ելույթներն ու հրապարակումները, ինչպես նաեւ մտորում եմ ստացվող տեղեկատվության շուրջ: Հավանաբար, ես այդ հնարավորությունը չեմ ունենա, երբ լրանա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի 4 տարվա ժամկետը»,- կատակում է Կուբայի նախկին առաջնորդը:

«Իզվեստիա» թերթը հիշեցնում է, որ Ֆիդել Կաստրոն 2006 թվականին աղիքային ծանր վիրահատություն տարավ, որից հետո այլեւս չի երեւում հասարակական վայրերում եւ պարբերաբար հանդես է գալիս տեղական մամուլում: Վերջին շրջանում լուրեր են տարածվել, որ Կաստրոյի առողջությունը կտրուկ վատթարացել է, սակայն այդ տեղեկատվությունը կտրականապես հերքել է նրա եղբայր Ռաուլը, որն այժմ ղեկավարում է երկիրը:

ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ԿՐԿԻՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԴԱՏԵԼ

Մոսկվայի դատարաններից մեկը վերսկսել է Յուկոսի նախկին փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանի դատավարությունը: Ըստ «Կոմերսանտ» թերթի, դատավորը պահանջել է Ալեքսանյանի բժշկական թղթերը, եւ եթե համոզվի, որ նրա բուժումն ավարտված է, ապա կսկսի դատական լսումները: Ալեքսանյանը մեղադրվում է արժեթղթերի եւ գույքի յուրացման, ինչպես նաեւ հարկերից խուսափելու մեջ: Անցած տարվա փետրվարի 6-ին դատարանը դադարեցրել է Յուկոսի նախկին փոխնախագահի դատավարությունը, քանի որ պարզվել է, որ Ալեքսանյանը հիվանդ է սպիդով եւ լիմֆատիկ համակարգի քաղցկեղով: Դեկտեմբերի 8-ին ամբաստանյալին ազատ են արձակել 50 միլիոն ռուբլի գրավի դիմաց, իսկ այս տարվա հունվարի 11-ին Ալեքսանյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Ըստ նրա փաստաբանների, դատավարությունը չի կարող շարունակվել, քանի որ հիվանդի վիճակն անբավարար է, նրա իմունիտետը թուլացած է, եւ բժիշկները չեն թույլատրում ամբաստանյալին մասնակցել որեւէ միջոցառման, այդ թվում՝ դատական նիստերին եւ քննչական գործողություններին, քանի որ նման հիվանդների մոտ ցանկացած վարակ կարող է ճակատագրական լինել: Սակայն այդ բացատրությունները դատարանը, հավանաբար, հիմնավոր չի համարել, եւ հաջորդ դատական նիստը կայանալու է հունվարի 28-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել