Վիրավորեց եւ ապաշխարեց
Հիգշաբթի օրը լեհական Սեյմի (խորհրդարանի) էթիկայի հանձնաժողովը նախազգուշացրեց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Գուրսկուն՝ այժմ արդեն գործող նախագահ Բարաք Օբամայի հասցեին իր արտահայտությունների համար: Ըստ «Վրեմյա նովոստեյ» թերթի՝ անցած տարվա նոյեմբերին պարոն Գուրսկին հայտարարեց, որ Օբաման «վերահաս աղետ է» եւ «սպիտակ մարդկանց քաղաքակրթության վերջը»: Դա առաջին վիրավորանքը չէր, որը հիշյալ պատգամավորը հասցրել էր ԱՄՆ նախագահին, եւ Սեյմի շատ անդամներ կարծում են, որ նախազգուշացումը չափից դուրս մեղմ պատիժ է: Որպես արդարացում ներկայացվում է այն հանգամանքը, որ Գուրսկին բազմիցս ներողություն է խնդրել եւ ապաշխարել է իր ելույթների համար:
Այնուամենայնիվ, Լեհաստանում ընդունում են, որ նման արտահայտությունները «վատ կարծիք են ստեղծել երկրի մասին եւ անդրադարձել են միջազգային շփումների վրա»: Այդ երկրում շատ են կարեւորում հարաբերությունները ԱՄՆ-ի հետ եւ հենց այդ պատճառով էլ ցավագին են ընդունել այն փաստը, որ նախորդ նախագահ Ջորջ Բուշը Սպիտակ տնից հեռանալիս զանգել է բազմաթիվ երկրների ղեկավարներին, սակայն Լեհաստանի նախագահ Կաչինսկուն «ցտեսություն չի ասել»: Վարշավան առաջինն էր, որ իր զինվորներին ուղարկեց Իրաք, սակայն դրա դիմաց չստացավ ԱՄՆ-ից՝ այդ երկրում տնտեսական գործունեություն ծավալելու լայն արտոնություններ, ինչպես նաեւ ձեռք չբերեց առանց վիզաների Ամերիկա մուտք գործելու հնարավորություն: Կաչինսկին մեծ խանդավառությամբ է ընդունել իր երկրում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության տեղադրման ծրագրերը, որոնք, սակայն, Օբամայի վարչակազմի օրոք կարող են սառեցվել:
Ժամանակավորապես անհասանելի է
Ռուսաստանյան իրավապահները պատրաստվում են հետախուզում հայտարարել «Եվրոցանց» ընկերության նախկին համասեփականատեր, «Պրավոյե դելո» կուսակցության մոսկովյան բաժանմունքի ղեկավար Եվգենի Չիչվարկինի նկատմամբ: Նա մեղադրվում է դրամաշորթության մեջ: Չիչվարկինը Նոր տարուց առաջ մեկնել է Լոնդոն եւ այնտեղից չի վերադարձել՝ հավանաբար ենթադրելով իրավիճակի նման զարգացումների մասին: Հեռանալով երկրից՝ նա չէր զգուշացրել իր կուսակցական ընկերներին՝ Ռուսաստանից երկար ժամանակով բացակայելու մասին: Հունվարի կեսերին բիզնեսմենը պատրաստվում էր անցկացնել կուսակցության մոսկովյան բաժանմունքի հիմնադիր կոնֆերանսը: Այժմ կուսակցության ղեկավարները չեն կարողանում կապվել Չիչվարկինի հետ, քանի որ նրա հեռախոսը անհասանելի է:
Ի դեպ, «Եվրոցանց» ընկերությունը զբաղվում էր հենց բջջային հեռախոսների ներկրմամբ ու վաճառքով: «Պրավոյե դելո» կուսակցության գործկոմի նախագահ Անդրեյ Դունաեւը չի բացառում, որ Չիչվարկինին մեղադրելու պատճառները հեռու են իրավական ոլորտից: «Ես չեմ ուզում մեղադրել իրավապահ մարմիններին, սակայն պրակտիկան հաճախ ցույց է տալիս, որ նրանց աշխատանքում լինում է ե՛ւ կողմնակալություն, ե՛ւ պատվեր»,- ասաց նա: Դունաեւը հայտնեց նաեւ, որ անհետացած բիզնեսմենի կուսակցական պարտականությունները կատարելու է մեկ այլ գործիչ:
Վերանայում է Բուշի ժառանգությունը
ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբաման, թեեւ իր պարտականությունները ստանձնել է երեքշաբթի օրը, արդեն իսկ ստորագրել է մի քանի հրամանագրեր, որոնք մի շարք ուղղություններով 180 աստիճանով տարբերվում են իր նախորդի քաղաքականությունից: Դրանով իսկ Օբաման, ըստ վերլուծաբանների, սկսել է կատարել իր նախընտրական խոստումները: Այդ հրամանագրերի շարքում ամենակարեւորն այն է, որ ԱՄՆ նախագահը հանձնարարել է փակել աշխարհով մեկ սփռված ամերիկյան բանտերը, որտեղ պահվում են ահաբեկչության մեջ մեղադրվող մարդիկ: Խոսքը վերաբերում է նաեւ Գուանտանամո ռազմաբազայում գտնվող հատուկ բանտին, որը փակվելու է այս տարվա ընթացքում: Առանձին հրամանագրով Օբաման արգելել է այդպիսի բանտերում կալանավորների խոշտանգումը, որն, ըստ էության, թույլատրվել էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո: Սպիտակ տունը որոշակի փոփոխություններ է արել նաեւ իր գործունեության ներքին կանոնակարգում: Ներկայիս նախագահը վերացրել է այն արգելքները, որոնք Ջորջ Բուշը դրել էր նախագահականին վերաբերող փաստաթղթերի հրապարակայնության հետ կապված: Օբաման նաեւ սահմանափակել է պետական ծառայությունից դուրս եկած լոբբիստների գործունեությունը, ինչպես նաեւ սառեցրել է Սպիտակ տան աշխատակիցների աշխատավարձերի աճը, այն դեպքում, եթե տարեկան եկամուտը կազմում է ավելի քան $100 հազար: Gazeta.ru-ի տեղեկություններով, նոր նախագահի հաջորդ քայլը կարող է լինել բջիջների հետ կապված կենսաբանական հետազոտությունների թույլատրումը, որի վերաբերյալ արդեն 10 տարուց ավելի վիճում են գիտնականներն ու եկեղեցականները: