Թիվ 112 դպրոցում դիմավորեցին ՀՀ նախագահին, իսկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ամփոփեցին «Թվային տեխնիկական միջոցները՝ արդյունավետ կրթության գործիքներ» ստուգատեսը:
Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց թիվ 112 փորձարարական ավագ դպրոց՝ ծանոթանալու ավագ դպրոցների համակարգի ներդրման խնդիրներին: «Առավոտին» դպրոցի աշակերտներն ասացին, որ իրենք 2 ամիս սպասում էին նախագահի այցին, որն անընդհատ հետաձգվում էր: Չնայած երեխաները վաղուց էին սպասել նախագահին, բայց այդպես էլ չկարողացան նրա հետ շփվել, միայն մեկ շարքով ձիգ կանգնած դիմավորեցին «Բարի գալուստ, պարոն նախագահ» նախադասությամբ: Բայց մինչ նախագահին դիմավորելը, երեխաներն ականատես եղան, թե նրա մանկլավիկներն ինչպես էին դպրոցի նախասրահից ուսուցիչներին դուրս հրավիրում՝ «Ով ստեղ խնդիրներ չունի, թող մտնի դասարանները» արտահայտությամբ, եւ լրագրողներին հեռացնում՝ «Դուք էլ հլը ստեղից գնացեք» արհամարհական տոնով: Հետո նախագահը դիտեց երեխաների պատրաստած նկարչական ցուցահանդեսը, իսկ աշակերտներից մեկը նրան իր նկարներից նվիրեց, որտեղ պատկերել էր Ակսել Բակունցի «Մթնաձորը»: Նշենք, որ այս ամենին լրագրողներին հնարավորություն չտրվեց հետեւել, կարծես թե հույժ գաղտնի գործով էին զբաղված:
Այնուհետեւ կոնֆերանսների դահլիճում ՀՀ նախագահը, ԿԳ նախարարը ծնողների եւ ուսուցիչների հետ քննարկեցին ավագ դպրոցների համակարգին վերաբերող հարցեր: Այս քննարկումը տեղի ունեցավ փակ դռների հետեւում՝ դրան եւս լրագրողներին արգելվեց մասնակցել: ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանն ասաց, որ ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը լրագրողներին հետո կպատմի քննարկման մասին: Վերջինս փոխանցեց, որ ՀՀ նախագահը տեղում մի քանի հանձնարարական է տվել երեխաների ընդհանուր գեղագիտական դաստիարակության ուղղությամբ. հնարավոր է նոր առարկաների ներմուծում հումանիտար հոսքեր ընտրած աշակերտների համար, պետք է ուշադրություն դարձնել արտադասարանական աշխատանքներին, ռազմահայրենասիրական դաստիարակությանը: ԿԳ նախարարը հիմնախնդիրներից առանձնացրեց. «Պետք է ունենալ տարբերակված դասագրքեր. սեպտեմբերի 1-ին ավագ դպրոց կմտնի յուրաքանչյուր առարկայից երկու տիպի դասագիրք՝ հոսքային եւ խառը հոսքերի համար»: Քանի դեռ նախագահը ոտք չէր դրել թիվ 112 դպրոց, «Առավոտը» զրուցեց դպրոցի տնօրեն Սարգիս Քարամյանի, ծնողների, ուսուցիչների եւ աշակերտների հետ: Տնօրենն ասաց. «Այժմ միայն ավագ դասարաններ ունենք, իսկ 2011-2012 ուստարում ամբողջովին կդառնանք ավագ դպրոց: Դպրոցում գործում են հումանիտար, բնագիտական, ֆիզմաթ եւ տնտեսագիտական հոսքեր եւ ենթահոսքեր: Կազմակերպվում է համապատասխան առարկաների գծով խորացված ուսուցում: Այնպես որ, բուհ ընդունվելու համար երեխաներն այլեւս կարիք չեն ունենա կրկնուսույցների մոտ պարապելու: Սակայն խնդիրներ դեռ կան: Օրինակ՝ ֆիզմաթ հոսքում սովորող աշակերտի հայոց պատմության դասագիրքը պիտի տարբերվի հումանիտար հոսքում սովորողի դասագրքից: Ավագ դպրոցում պարապում են հիմնականում որակավորված ուսուցիչներ եւ այլ հաստատություններից մասնագետներ»: «Առավոտի» հետ զրուցած աշակերտների եւ ծնողների խոսքից պարզ դարձավ, որ կողմ են ավագ դպրոցների համակարգին, բայց դեռ չգիտեն, արդյոք դա բավարար կլինի՞ առանց կրկնուսույցի մոտ պարապելու բուհ ընդունվելու համար: «Երաշխիքներ չունենք, պարզապես վստահում ենք մեր ուսուցիչներին»,- «Առավոտին» ասաց ծնող Լուսինե Հախվերդյանը:
Իսկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ամփոփում էին հունվարի 19-22-ն անցկացված՝ «Թվային տեխնիկական միջոցները՝ արդյունավետ կրթության գործիքներ» խորագրով հանրապետական ստուգատեսի արդյունքները: Այդ ընթացքում ցուցադրվել է սովորողների եւ դասավանդողների հեղինակած ավելի քան 200 նյութ, որոնցից որոշները 10 անվանակարգերում արժանացան մրցանակների: Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը նկատեց. «Կրթությունն իր գրավչությամբ պիտի գերազանցի փողոցին»: Հետո նշեց. «Առանց մեր սաների, ուսուցիչները տեխնիկայից գլուխ չէին հանի: Տեխնիկայի վրա կողպեք դնել պետք չէ: Մենք փորձում ենք ապահովել անընդհատ եւ անհապաղ կրթություն: Եթե երեխան ուզում է հենց այժմ սովորել, նա կարող է իր տնային աշխատանքներն ուղարկել համապատասխան էլեկտրոնային փոստին, եւ ուսուցիչը պիտի անհապաղ պատասխանի նրա բոլոր հարցերին»: «Մխիթար Սեբաստացի»-ում սովորողներն էլեկտրոնային գրատախտակներից են օգտվում: Օրինակ՝ Ալեքսանդր Հարությունյանը դրա միջոցով նկարել էր «Գնդլիկ Բոքոնիկը» մուլտֆիլմը: Նա «Առավոտին» պատմեց. «Սկզբում լուսանկարել եմ հերոսներին, հետո գցել համակարգիչ: Այնուհետեւ իմ ձայնով կարդացել եմ նրանց խոսքերը եւ համադրել»: Զրուցեցինք նաեւ «Ալֆա» ընկերության նախագահ Ռուբեն Եսայանի հետ: Նա նկատեց. «Անդրկովկասում առաջինն այս կրթահամալիրն է, որ ունի էլեկտրոնային կահավորմամբ 11 լսարան, իսկ Մեծ Բրիտանիայում դասասենյակների 70%-ն ունի այսպիսի գրատախտակներ: ՀՀ հանրակրթական դպրոցներից միայն 8-ն ունի այսպիսի գրատախտակներ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդ ընկալում է ձայնային ինֆորմացիայի 20%-ը, իսկ աչքերով ստացված ինֆորմացիան ընկալվում է 80%-ով: Ուստի այս գրատախտակների շնորհիվ աշակերտների՝ դասի ընկալումը մեծանում է»: