Արտասահմանյան հեղինակավոր բուհերում սովորող հայաստանցի եւ սփյուռքահայ ուսանողներին օժանդակելու համար ստեղծված հիմնադրամը, հակառակ հայտարարվածին, առայժմ թափանցիկ չի գործում:
Անցած աշնանը մեծ աղմուկով, հանդիսավորությամբ հայտարարվեց արտասահմանյան հեղինակավոր բուհերում սովորող հայաստանցի եւ սփյուռքահայ ուսանողներին պետականորեն աջակցելուն, նրանց կրթական ծախսերը հոգալուն ուղղված ծրագրի գոյության մասին: Դեռ 2007-ին էր տրվել այդ նախագծի մեկնարկը՝ այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Հետագայում մշակվեց ծրագիրը, գրվեց հայեցակարգ, ստեղծվեց հատուկ հիմնադրամ՝ «Լույս», որին իրենց մասնակցությունն ունենալու պատրաստակամությունը հայտնեցին տասնյակից ավելի բարեգործական կազմակերպություններ եւ անհատներ:
Այս ծրագրի հիմքում մի քանի կարեւորագույն սկզբունքներ էին դրված, որոնցից գլխավորը, թերեւս, հիմնադրամի գործունեության եւ ընդհանրապես ծրագրի կատարման թափանցիկությունն ու եվրոպական գործելակերպի չափանիշներին համապատասխանությունն էր: Թվում էր, թե երկրի նախագահի եւ վարչապետի բարձր հովանավորությունը (նախագահը «Լույսի» հոգաբարձուների խորհրդի նախագահն է, իսկ հիմնադրամը գրանցված է վարչապետի բնակության հասցեում) պիտի լիներ դրա երաշխավորը, սակայն ծրագրի հենց մեկնարկից ծագած կասկածները՝ դրա հաջողության վերաբերյալ, կարծես հաստատվում են: Որտեղ մեծ գումարներ են պտտվում, այնտեղ միշտ առկա են կասկածներ, անվստահություն: Դրանից խուսափելու համար գործունեության թափանցիկությունը պարտադիր պայման էր: Այնինչ, հենց սկզբից ծագած խնդիրները միայն խորացնում են անվստահությունը: Այս ամենի մասին, սկսած դեռ 2007-ից, երբ նոր-նոր հայտնի դարձավ ծրագրի մասին, շատ մանրամասն անդրադարձներ են եղել մամուլում, այդ թվում՝ «Առավոտում»՝ ծրագրի հեղինակ, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, հայտնի ֆիզիկոս Արթուր Իշխանյանի շնորհիվ: Ամեն անգամ, երբ ինչ-որ շեղումներ էին լինում նախանշված թափանցիկ ուղուց, պարոն Իշխանյանը բարձրաձայնում էր այդ մասին: Իսկ խնդիրներ ծագել են բազմիցս: Նախ, նախնական ժամանակացույցից են եղել պարբերական շեղումներ, ապա մութ շղարշով էր ծածկվել հիմնադրամի Կրթական ծրագրերի գլխավոր տնօրենի ընտրության հարցը, եւ հետո՝ չգիտես թե ում որոշմամբ, հիմնադրամի բյուջեում արդեն մուտք արված գումարները ծախսվեցին ամենեւին այդ հիմնադրամի հետ առնչություն չունեցող միջոցառման վրա. Ջիվան Գասպարյանի ծննդյան 80-ամյակը հավուր պատշաճի նշելու համար հիմնադրամից «հոսեց» 220 մլն դրամ: Այս պայմաններում խոսել թափանցիկության եւ ծրագրի՝ նպատակին ծառայելու մասին, առայժմ անիմաստ է: Շրջանառվում են տեղեկություններ, որ հիմնադրամում եղած ողջ գումարը՝ 460 մլն դրամ (որից միայն 54 միլիոնն էր հատկացված պետբյուջեից՝ կառավարության պահուստային ֆոնդից, իսկ մնացածը նվիրատուների գումարներն են, որոնք նվիրաբերվել էին հատուկ ուսանողներին աջակցելու նպատակով), արդեն իսկ մսխվել է, այդպես էլ չծառայելով գոնե մի ուսանողի օժանդակելուն:
Ամենահետաքրքիրն այն է, որ դեռեւս հոկտեմբերի սկզբից հայտարարված մրցույթը՝ «Լույսի» Կրթական ծրագրերի գլխավոր տնօրենի թափուր տեղի համար, դեռեւս հայտնի չէ, թե ինչ ավարտ է ունեցել: Թափանցիկություն չկա այս պարագայում եւս:
ՀՀ ԱԺ մշակույթի, գիտության, կրթության, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը վերոհիշյալ գլխավոր տնօրենի ընտրության համար հայտարարված մրցույթի մրցութային հանձնաժողովի անդամ էր, եւ երեկ նրանից տեղեկացանք, որ մրցույթն, այնուամենայնիվ, կայացել է, տնօրենն, այնուամենայնիվ, ընտրվել է: 180 սկզբնական հայտերից 2-րդ փուլ է անցել 4-ը, եւ վերջապես ընտրվել է գլխավոր տնօրենը: Սակայն տիկին Բախշյանը հրաժարվեց ասել ընտրյալի անունը, քանի դեռ նախագահը չի հաստատել նրան այդ պաշտոնում. «Քանի դեռ նրա հետ պայմանագիր չեն կնքել, չեն հաստատել այդ պաշտոնում, ես ինչպե՞ս տամ նրա անունը, բա որ հանկարծ ինչ-որ բան չստացվի՞»: Մի բան է միայն հաստատ՝ Արթուր Իշխանյանը, որը կանգնած էր այդ ծրագրի ակունքներում՝ հեղինակել է ծրագիրը, հայեցակարգը, գտել հովանավորներին, եւ այս ողջ ընթացքում «աղմկում» էր ծրագրի կատարման առջեւ հայտնված խոչընդոտների կապակցությամբ, չի մտել նույնիսկ «լավագույն քառյակի» մեջ:
Կարելի է մխիթարվել միայն նրանով, որ ընտրված գլխավոր տնօրենը, հավանաբար, արժանավոր մարդ է, քանի որ, ինչպես Ա. Բախշյանն ասաց՝ այդ անձն առնվազն 20 միավորով բարձր բալեր է հավաքել իրեն հաջորդած մյուս թեկնածուից: Մեր փորձերը, գոնե ինչ-որ բան իմանալ հաղթող թեկնածուի մասին, ավարտվեցին նրանով, որ պարզեցինք՝ այդ անձը լայն հանրությանն առանձնապես հայտնի չէ:
Ինչ վերաբերում է հիմնադրամի գումարներին, ապա այդպես էլ չկարողացանք պարզել, թե ո՞վ է դրանք տնօրինում: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Դիանա Մնացականյանը այդ հիմնադրամի մասին մեր բոլոր հարցերը վերահասցեավորում էր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովին: Երբ նկատեցինք, որ գումարների տնօրինումը դժվար թե մրցութային հանձնաժողովի գործառույթների մեջ մտներ, տիկին Մնացականյանը պնդեց. «Լույսի» հետ կապված ողջ փաթեթն այդ հանձնաժողովի մոտ է»:
Ահա այսպիսի թափանցիկ հիմնադրամ: Հետաքրքիր է, գոնե 2010-ին այն կիրականացնի՞ իր հիմնական նպատակը՝ կօժանդակի՞ արտասահմանյան հեղինակավոր բուհերում սովորող ուսանողներին: