Լրահոս
Օրվա լրահոսը

Էս գործն էլ «ջրվեց»

Հունվար 24,2009 00:00

\"\"Արմավիրի քաղաքապետ, ՀՀԿ անդամ Ռուբեն Խլղաթյանի նկատմամբ ՀՀ քրօրի 308 հոդվածով հարուցված քրեական գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության պատճառով:

Երբ երկու տարի առաջ ոստիկանության Արմավիրի քննչական բաժնում ՀՀԿ-ական քաղաքապետի նկատմամբ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով գործ հարուցվեց, հայրենի արդարադատության մասին արմավիրցիների վերաբերմունքում իրարամերժ կարծիքներ ձեւավորվեցին: Եթե լավատեսները հավատում էին, որ քաղաքապետի հանցավոր արարքները, ի վերջո, բացահայտվելու են, որի համար նա կանգնելու է դատարանի առաջ, ապա հոռետեսները դրա նախադեպը չէին տեսնում: Ասում էին՝ ջրի գործի նման դա էլ է «ջրվելու»:

Հիշեցնենք, որ Արմավիր քաղաքի եւ հարակից Ակնալիճ համայնքի խմելու ջուրն առայսօր պիտանի չէ՝ քաղաքապետի հանցավոր միջամտության պատճառով. գերմանացի ներդրողների հսկայական աշխատանքը ջուրն ընկավ այն պահից, երբ քաղաքի ջրատար ներքին համակարգի նոր խողովակաշարը Խլղաթյանը սառնասրտորեն փոխեց խոզաբուծական ֆերմայի օգտագործած խողովակներով: Ու թեեւ ջրագծի առիթով դատախազությունը համակողմանի ուսումնասիրություններ կատարեց, սակայն գործը տրամաբանական վախճանին չհասցրեց՝ չգտավ մեղավորին:

Ըստ ոստիկանության Արմավիրի քննչական բաժնից ստացված տեղեկության՝ հանցակազմ չգտնվեց նաեւ Խլղաթյանի հերթական անօրինություններն ուսումնասիրելիս: Քաղաքապետը հերթական անգամ անմեղ ճանաչվեց իր սեփականությունը հանդիսացող Արմավիրի շուկայում՝ պետությունից եկամուտները թաքցնելու, ինչպես նաեւ՝ ՀՀ հողային օրենսգրքով նախատեսված սահմանափակումների տիրույթում գտնվող տարածքների վաճառքի մեջ: Հերթական անգամ ջրից չոր դուրս եկավ:

Տարիներ ձգձգվող նախաքննությունն ինքնին ենթադրությունների տեղիք էր տալիս: Մի կողմից գործի նկատմամբ ՀՀԿ վերնախավի հետաքրքրությունը, մյուս կողմից՝ արմավիրցիների «ընտրյալի» ազդեցիկ շրջապատի շահագրգռությունը թույլ էին տալիս ենթադրելու, որ Խլղաթյանի գործն, այնուամենայնիվ, դատարան չի հասնելու (hայտնի է, որ Ռուբեն Խլղաթյանը խնամիական կապեր ունի Հանրապետական կուսակցության խորհրդի ազդեցիկ անդամներից մեկի հետ): Հոռետես, այս դեպքում՝ իրատես, արմավիրցիների կանխատեսումն իրականացավ:

Թե ինչու հայրենի իրավապահներն այնքան արիություն չունեցան, որ, ըստ նախաքննությանը մոտ կանգնած ոստիկանի՝ գրեթե բացահայտված գործը հասցնեին մինչեւ վերջ, քննչական բաժնի պետ Վարուժան Ղահրամանյանն ասաց. «Նախաքննության ընթացքն ուղղորդող որեւէ ցուցում որեւէ մեկի կողմից չի եղել»:

Իհարկե, կարելի է ենթադրել, որ քաղաքապետ Խլղաթյանը հայցով կդիմի դատարան՝ վերականգնելու իր բարի եւ ազնիվ անունը, պատիվն ու սասանված հեղինակությունը: Բայց սա քիչ հավանական է, քանի որ նա իր ուզածին հասել է. երկու տարի ձգձգված քրեական գործը կարճվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել