Հայաստանի համայնքների ասոցիացիայի երեկվա խորհրդի նիստին մասնակցող համայնքապետերը, թեեւ քննարկվող հարցերի հետաքրքրությանը, ձանձրանում էին մինչեւ այն պահը, երբ նիստի աշխատանքներին
միացավ ՀՀ վերահսկիչ պալատի անդամ Սեյրան Ավագյանը:
Հայաստանի համայնքների ասոցիացիայի վարչության համակարգող Էմին Երիցյանը ներկաներին պատմում էր, թե ինչ ապագա է սպասվում համայնքներին, եթե Հայաստանում, Եվրոպայի օրինակով, զարգանա անդրսահմանային համագործակցությունը՝ իրականացվեն հարեւան երկրների սահմանամերձ բնակավայրերի համատեղ զարգացման ծրագրեր, ներկայացնում էր ՀՀ տարածքային կառավարման նախարարի արտասահմանյան այցի մանրամասները, խոսում էր միջազգային ճգնաժամի անխուսափելի ազդեցությունը մեղմելու համար ՀՀ կառավարության հետ միջոցառումների պլան մշակելու մասին, որովհետեւ հաշվարկված է՝ համայնքների բյուջեները կարող են մինչեւ 30%-ի հասնող վնասներ կրել, առաջարկում էր Երեւանում ՏԻՄ մասին օրենքի որոշ դրույթներ ՏԻՄ ընտրությունների մասին օրենքում ներառելու ուղղությամբ աշխատել: Համայնքապետերը ձանձրանում էին: Եվ եկավ Սեյրան Ավագյանը:
Սեյրան Ավագյանը նախ արձանագրեց իրենց ստուգումների արդյունքում ամենուր բացահայտվող խնդիրները՝ համայնքներում ֆինանսական հաշվետվությունների համակարգը չի գործում, չկա գույքագրում, չկա հաշվապահական հաշվառում, Վերահսկիչ պալատը, իր գործը թողած, գյուղապետարաններին բալանս կազմել է սովորեցնում, գնումների օրենքը աջուձախ խախտվում է, համայնքային իշխանությունների մեղքով անմշակ են մնում հարյուրավոր հեկտար հողեր՝ համայնքում քաղաքացին հանրային ծառայություն չի ստանում եւ այլն:
Սրան տեղերից արձագանքեցին շատերը, առանձնապես ակտիվ՝ Վանաձորի հանրապետական քաղաքապետ Սամվել Դարբինյանը, որը քաղաքապետության 8-րդ տարին է գլորում, եւ Սեւանի հանրապետական քաղաքապետ Գեւորգ Մալխասյանը: Համայնքապետերն իրենց հերթին դժգոհություններ ներկայացրին: Սամվել Դարբինյանը վստահ հայտարարեց, որ պետությունից օգնություն չկա եւ չի եղել, թողել են, որ ՏԻՄ համակարգը ինքնուրույն կայանա, օրենքն այնպիսին է, որ համայնքապետ կարող է ընտրվել բարձրագույն կրթություն չունեցողը կամ թաղային մի հեղինակություն, պետք է լինեն համայնքապետարանում աշխատողների մասնագիտական որակները բարձրացնելուն ուղղված դասընթացներ եւ այլն: Վերջում հանրապետական այս համայնքապետը արձանագրեց, որ սա իշխանության բացթողումն է: Իսկ Հայաստանում Հանրապետական կուսակցությունը վերջին 14 տարին մաս է կազմել իշխանության, վերջին 9 տարիներին եղել է իշխանության հիմնական կրողը:
Սեւանի հանրապետական քաղաքապետ Գեւորգ Մալխասյանը դժգոհեց, թե Մանուկ Թոփուզյանը իրեն պարտադրել է Սեւանի ափամերձ հողերը վարձակալության տալ, իսկ Վերահսկիչ պալատն այդտեղ խախտումներ է բացահայտել: Դատախազությունը ուսումնասիրում է այդ խախտումները եւ Սեւանի քաղաքապետին է ուշադրության կենտրոնում պահում: Գեւորգ Մալխասյանը հատուկ լրագրողների համար ասաց, որ ՎՊ-ն իր պարագայում անձնական եւ քաղաքական հաշվեհարդար է տեսնում, բայց այդպես էլ չասաց, թե ՎՊ-ից ով իր հետ ինչ անձնական հարց ունի: Սեյրան Ավագյանը համաձայն էր, որ շատ հաճախ պարզվում է, թե այս կամ այն խախտման համար համայնքապետը մեղավոր չէ, բայց օրենքը մնում է օրենք: Համայնքապետերը առաջարկեցին ՎՊ անդամին ստուգումների արդյունքները չհրապարակել՝ առանց դատախազության ուսումնասիրությունների արդյունքների ամփոփման: Քիչ հավանական է, որ ՎՊ-ն ընդունի այս առաջարկը: Այս ամենին ոչ ոք չառարկեց, երբ Սեյրան Ավագյանը հայտարարեց, որ Հայաստանում ԶԼՄ-ները ինտրիգային են եւ ծուռ հայելի:
Հ. Գ. Սեյրան Ավագյանի խիստ գնահատականին արժանանալու ռիսկին ենթարկվելով, արձանագրեմ, որ Հայաստանի համայնքների ասոցիացիայի խորհրդի նիստից անհարգելի բացակայում էին քրեական պատմություններով պարուրված մի շարք քաղաքապետեր՝ Գյումրիի, Ստեփանավանի, Արմավիրի: Անհարգելի բացակա էր նաեւ Չարենցավանի քաղաքապետը, ով քաղաքապետ է դարձել միայն այն պատճառով, որ Կոտայքի մարզպետի որդին է: