Վանաձորի հոգեբուժարանի հիվանդների մեծ մասը լքված է հարազատների կողմից
«Առաջ Հիսուսն էր աչքիս երեւում, տեսիլքներ էին գալիս: Ամուսնացած էի, երկրաշարժից հետո սկսեց Հիսուսը երեւալ ու, մտածելով, որ գժվել եմ, ինձ ամուսինս բերեց ստեղ: Դրանից հետո նա ինձանից հրաժարվեց: Էրեխեքս էլ նույն բանն արեցին: Նրանց ասել էին, որ ես «շաշ» եմ»,- «Առավոտի» հետ զրույցում իր՝ հոգեբուժարանում հատնվելն այսպես բացատրեց վանաձորցի 40-ամյա Նունե Պետրոսյանը. «Մարդ կա խուսափում է հիվանդանոցից, վախենում է սրսկվի, ես բոլորին ասում եմ, որ դրա մեջ վատ բան չկա: Ես էլ գիժ էի, աչքիս բաներ էին երեւում, բայց հիմա բուժվել եմ»: Նա արդեն մի քանի տարի է՝ ոչ ստացիոնար բուժում է ստանում Վանաձորի հոգեբուժարանում:
Քանի որ Նունեի հարազատները նրանից հրաժարվել են, ուստի, տուն չունենալու պատճառով, նա այժմ բնակվում է տնակում, իսկ սոցիալական խնդիրները լուծում է թոշակով: Սակայն երբ Նունեի հիվանդությունը ժամանակ առ ժամանակ գլուխ է բարձրացնում, ինչպես ականատեսներն են վկայում, նա թանկարժեք հագուստներով ու բավականին լավ շպարված կանգնում է Վանաձորի փողոցներից մեկում:
Հոգեբուժարանի տնօրեն, Լոռու մարզի գլխավոր հոգեբույժ Գայանե Քալանթարյանն «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ Նունեն հոգեբուժարանից դուրս գալուց հետո ընտանիքից մերժված է հենց դրսեւորած վարքի պատճառով, ինչը, սակայն, բժշկի վստահեցմամբ, հիվանդության արդյունքն է:
Նունեի խոսքերով, աշխատել չի կարողանում. «Գյուղերում էի ուզում աշխատել, գնացի Կալինինո, կով էի կթում, բայց կարոտը տանջում էր: Ո՞նց են ասում. «կարոտ, կարոտ, ինձ մի տանջի՞, քիչ էլ յարիս հասի՞»: Դրա համար ավելի լավ է մենակ թոշակով յոլա գնամ, բայց հանգիստ քնեմ: Հիմա մենակ էրեխեքս կողքս ըլնեն՝ էլ բան չեմ ուզում»:
Հոգեբուժարանում այս պահի դրությամբ ստացիոնար բուժում է ստանում շուրջ 25 հիվանդ: Ստացիոնար բուժում են ստանում նաեւ հարկադիր բուժման ենթակա հիվանդները:
55-ամյա Հովհաննես Մարյանի տանը ոստիկանության աշխատակիցները թմրանյութ են հայտնաբերել, բայց բժշկական զննման արդյունքում նա անմեղսունակ է ճանաչվել, ինչի հետեւանքով հայտնվել է հոգեբուժարանում: «Տանն ինձ համար նստած էի՝ էկան, ասի, այ տղեք, էս ութ ամիս ա չեմ քաշել, որ մեկ սկսի՝ պիտի սկսեմ հա քաշել: Ասի, դե փորձություն ա, պիտի անեմ»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ Հովհաննես Մարյանը: Այժմ նա 6 ամսով հարկադիր բուժում է ստանալու Վանաձորի հոգեբուժարանում: Հովհաննեսն այստեղ հասցրել է արդեն մի քանի անգամ լինել: «Ստեղ քրերս են, ինձ լավ նայում են, բայց դե ես արդեն առողջ եմ, տուն եմ գնալու, թոռներ ունեմ, մի տղա, որին սաղ ճանաչում են, հարսս էլ իմ հարազատ աղջիկն ա, էլի: Դե, կնիկս էլ շատ է ապաշխարել, կներեմ, ոչինչ,- ասում է Հովհաննեսը:- Մեկ-մեկ չգիտեմ ինչ անեմ. ապրեմ, զղջամ, ապաշխարեմ: Ցնդվել եմ, էլի: Ասածս էն ա, որ պետք ա օրենքով ապրենք, հանգիստ, լավ, համաձայն Սահմանադրության»:
Մեր զրուցակիցը ՀՀ Սահմանադրության մասին խոսելուց հետո անցավ Վենետիկին, Սուրբ Տիրամորը, Կարլ Մարքսին եւ զրույցը եզրափակեց Ֆրիդրիխ Էնգելսով:
Դիսպանսերի տնօրեն Գ. Քալանթարյանի խոսքերով, եթե Հովհաննեսի բախտը բերել է, ու նրա տղան հաճախ է այցելում հիվանդանոց, ապա մի շարք հիվանդների մոտ հիվանդության հետագա սրացումը կապված է հենց ընտանիքի անդամների բացակայությունով կամ էլ հարազատների կողմից լքված լինելով. «Հիվանդների մեծ մասը պահպանողական բուժում չի ստանում միայն այն պատճառով, որ ընտանիքից մերժված է: Հիվանդը դուրս է գրվում՝ չեն զբաղվում նրանով, ինչի հետեւանքով մեր ջանքերը փոշիանում են»:
Հոգեբուժարան մեր այցելության պահին դեղեր ստանալու նպատակով այնտեղ էր նաեւ Վլադիմիր Կարապետյանը, որի «ներվերը», ինչպես ինքն է ասում, «խառնվում է մենակ ու լքված լինելուց»:
Վլադիմիրի պատմելով. «Ծեծից հետո դիմեցի էստեղ: Ավելի ճիշտ՝ չգիտեմ, դա 7 տարի առաջ էր: Ես ոչինչ չէի հասկանում: Արդեն ինձ տիրապետում եմ, հասկանում եմ, թե ինչ եմ անում: Հիմա զբաղվում եմ նկարչությամբ, գիրք եմ կարդում: Ինձ մենակ են թողել, ինչից էլ ես գժվել եմ»:
Վլադիմիրը վստահ է, որ մի օր մայրն ու քույրը գալու են ու նորից իր հետ միասին են ապրելու. «Ես հիմա ագրեսիվ ոչինչ չեմ անում: Մենակությունից ես ավելի կհիվանդանամ: Ընկերներ չունեմ, իսկ հարեւաններն էլ չեն շփվում ինձ հետ: Մենակ բժիշկներն են ինձ հետ շփվում, իսկ մարդիկ, ովքեր ճանաչում են ինձ, հենց հանդիպում են՝ իրենց ճանապարհը փոխում են»:
Վանաձորի հոգեբուժարանի մեկ այլ հիվանդ էլ՝ Սաթենիկ Բուլղադարյանը, ամուսնացած է եղել, 2 տղա է ունեցել, սակայն երբ իմացել են իրենց մոր հիվանդության մասին՝ հոր հետ միասին նրան լքել են:
Նրա խոսքերով. «Ես էն ժամանակ մանկապարտեզի վարիչ էի: Ամուսնուս չէի սիրում, ավելին՝ ատում էի: Քույրս սաբաբ էղավ ու ամուսնացրեց ինձ դրա հետ: Իմ օժիտի փողերով իրա համար ավտո առավ, հետո ջարդեց, ու էդպես ես խորտակված ճակատագիր ունեցա»: Ամուսնալուծությունից հետո Սաթենիկը տոներին այցելել է զավակներին, սակայն, ինչպես նա է պատմում, երեխաները նրան տեսնել էլ չեն ցանկացել: Տարիներ առաջ, բուժման ընթացքում, հոգեբուժարանի բժիշկները մի օր հայտնաբերել են, որ Սաթենիկը երեխայի է սպասում: 3-րդ զավակի՝ Սեյրանի ծնվելուց հետո, Սաթենիկի կյանքը որոշ չափով փոխվում է. «Եթե Սեյրանչիկը չծնվեր, ես ինձ մի բան կանեի, կվերացնեի: Իսկ հիմա միայն իրա համար եմ ապրում»: Նրա պատմելով, նորածնին սկզբում մանկատուն են տեղափոխել, սակայն բժիշկների միջնորդությամբ նրան վերադարձրել են Սաթենիկին:
Այժմ Սաթենիկը որդու հետ ապրում է հանրակացարանում: «Ես հիմա ապրում եմ ավելի հանգիստ, եթե ինչ-որ բանով զբաղված լինեի՝ ավելի քիչ կմտածեի հիմար բաների մասին»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Սաթենիկը:
Ի դեպ, հոգեկան հիվանդների զբաղվածության հարցը մեծ խնդիր է, ինչպես նշեց Գայանե Քալանթարյանը՝ ֆինանսների բացակայության պատճառով իրենք չեն կարողանում կազմակերպել զբաղվածության խնդիրը: Ստացիոնար բուժում ստացող որոշ կանայք հոգեբուժարանի փոքրիկ արտադրամասում կարուձեւ են անում, իսկ տղամարդկանց զբաղվածության խնդիրն առայժմ առաջիկա ծրագրերի մեջ է:
Կարի արտադրամասի գլխավոր դերձակուհին հոգեբուժարանում ոչ ստացիոնար բուժվող Գայանե Մանուկյանն է, որը չի լսում եւ դժվարանում է խոսել: Ինչպես հոգեբուժարանի աշխատակիցները վստահեցրին, նրա կարած սավանները շատ կոկիկ են եւ ոչնչով չեն տարբերվում դրսի արտադրածից: Ավելին՝ Գայանեն կարել է սովորեցնում նաեւ մյուսներին եւ դրա համար լրացուցիչ վարձատրվում է: Գայանեն 19-ամյա մի տղա ունի եւ բնակվում է առողջական խնդիրներ ունեցող մոր հետ: Նա իր ստացած աշխատավարձով որոշ չափով հոգում է ընտանիքի հոգսերը:
Իսկ Սայադը, որը նույնպես ոչ ստացիոնար բուժում է ստանում հոգեբուժարանում, Վանաձորի շախմատի տան առաջամարտիկներից է, ընտանիք ունի, որտեղ նրան հասկանում եւ ամեն հարցում օգնում են:
Նա նաեւ մասնակցել է «Հոգեկան առողջության հիմնադրամի» կազմակերպած սեմինարներին, «ինքնօգնության խմբի» ակտիվ անդամ է եղել եւ ուրախացած նշում է, որ մի անգամ էլ նույնիսկ $70 է վաստակել: Մեկնել է Սլովենիա: «Ափսոս, անգլերեն չգիտեմ, թե չէ՝ ավելի շատ բան կհասկանայի: Բայց մենակ այդ երկրի խաթեր՝ արժեր գնալ»,- ասում է Սայադը:
Սայադի պնդմամբ՝ միայն հիմնական զբաղմունքն է, որ օգնում է ազատվել հիվանդ մտքերից: Ինչպիսին՝ աշխարհի վերջն է, ինքն էլ շուտով մեռնելու է: Սայադի խոսքերով. «Առաջ խանդի տեսարաններ էի սարքում, մոտ ընկերներիս հյուր գալն արդեն աչքիս տարօրինակ էր թվում: Գալիս էի տուն, մտածում էի՝ ճաշի մեջ թույն են լցրել, իսկ հիմա ծաղիկներ եմ հավաքում: Մեծ հավաքածու ունեմ: Մեկ-մեկ հենց ձեռս փող ա ընկնում՝ գալիս եմ Երեւան ու նոր ծաղիկների սորտեր եմ առնում»:
Գայանե Քալանթարյանի ներկայացմամբ, ինչպես դրսում, հոգեբուժարանում նույնպես մարդիկ ապրում են միմյանց հետ շփվելով, այստեղ էլ են սիրահարվում, հիասթափվում, տխրում եւ ուրախանում: Հիվանդներից շատերն էլ բժշկի ցուցումները կատարում են մեծ խնամքով եւ անհապաղ, որպեսզի քայլ առաջ բուժվեն եւ իրականացնեն իրենց երազանքները:
39-ամյա Թորգոմ Գեւորգյանն էլ բուժվելուց հետո որոշել է Ռուսաստան գնալ, աշխատել, ամուսնանալ ռուս աղջկա հետ: «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ է որոշել հատկապես ռուս կին ընտրել, Թորգոմը պատասխանեց. «Հայ կնանիք շատ են փող սիրում, նրանց մենակ էդ ա հետաքրքրում»:
Թորգոմն այստեղ իր ապագան ոչ մի կերպ չի պատկերացնում, քանի որ շատ քիչ է կարողանում վաստակել. «Գլխիս խշշոցը կամաց-կամաց քչանում է, ես գիտեմ, որ բուժվելու եմ ու գարնանը ընկերներիս հետ գնամ Ռուսաստան: Շատ մի տխրեք՝ հենց շատ աշխատեմ, շատ փող ունենամ, հայ աղջկա հետ կամուսնանամ»: