Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանին պատասխան կտա

Հունվար 24,2009 00:00

Սիսիանի քաղաքապետարանում ստեղծված քաոսային իրավիճակի համար քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը պատրաստ է նախագահին պատասխան տալու:

Անցած տարվա հոկտեմբերին, Սիսիանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, իշխանական ուժերը միավորվեցին ու, պայքարելով դաշնակցական Տիգրան Պողոսյանի դեմ, սատարեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Աղասի Հակոբջանյանին: Վերջինս քաղաքապետ ընտրվելուց հետո, թերեւս, մոռանալով, թե ինչպես է «վաստակել» հաղթանակը՝ իսկույն սկսեց ազատվել նախորդ քաղաքապետ Լավրենտի Սարգսյանի կադրերից, որոնց մի մասը ակտիվ հանրապետական է: Մեր տեղեկություններով՝ նորընտիր քաղաքապետը նրանց զգուշացրել է, որ «եթե չգրեք ազատման դիմումներ՝ կկիրառվեն այլ միջոցներ»:

Իսկ թե կոնկրետ ինչ միջոցների մասին է խոսքը՝ Ա. Հակոբջանյանը չի մանրամասնել: Երբ համայնքային ծառայողները հրաժարվել են դիմումներ ներկայացնել, քաղաքապետը դիմել է համայնքի ավագանուն՝ քաղաքապետարանում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու առաջարկով: Մասնավորապես, առաջարկել է լուծարել ֆինանսատնտեսագիտական կառավարման եւ համայնքային ծառայությունների կարգավորման բաժինները, որտեղ աշխատում է 17 մարդ: «Նպատակը մեկն է՝ ազատվել մեզանից ու նոր մարդիկ բերել, չէ՞ որ մինչեւ ընտրվելը խոստումներ է շռայլել, հիմա էլ նրան «խեղդում» են, որ խոսքին տեր կանգնի»,- «Առավոտի» հետ զրույցում նշեցին քաղաքապետարանի մի քանի աշխատակիցներ, որոնք խուսափեցին ներկայանալ: Չնայած ներկայումս համայնքային ծառայողների պաշտոնների անվանացանկում փոփոխությունների հարցը դեռեւս քննարկվում է տարածքային կառավարման նախարարությունում, եւ որեւէ որոշում չի կայացվել, սակայն Սիսիանի ավագանին արդեն հաստատել ու հավանություն է տվել քաղաքապետի մտքերին: Նշենք, որ ԲՀԿ-ական քաղաքապետի նորույթները համայնքի բյուջեից կկորզեն 14-15 մլն դրամ: «Նա փող շատ ունի, կարող է իր գրպանից էլ տա, մենակ թե իր թիմակիցներին գործի դասավորի»,- նշեցին քաղաքապետարանի աշխատակիցները:

Մեր աղբյուրների հավաստմամբ՝ Ա. Հակոբջանյանը անողոք պայքար է սկսել հատկապես աշխատակազմի քարտուղար Վաչե Միրաբյանի դեմ ու ամեն կերպ փորձում է ազատվել առաջին հերթին նրանից: Ըստ լուրերի՝ անգամ անհաջող մի քանի փորձ է արվել՝ նրա վրա «գործ» սարքելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Սիսիանի քաղաքապետի այս գործելաոճից դժգոհ աշխատակիցները պատրաստվում են դիմել ՀՀ նախագահին եւ տարածքային կառավարման նախարարին. «Ի վերջո, համայնքային ծառայությունն անկախ մասնագիտական գործունեություն է եւ կապ չունի քաղաքական ուժերի փոփոխության կամ ընտրությունների արդյունքների հետ»:

Քաղաքապետ Ա. Հակոբջանյանն «Առավոտին» փոխանցեց, որ այս պահին դեռ ոչ մի աշխատակից չի կրճատվել. «Մենք կառուցվածքային փոփոխություններ ենք կատարում եւ նոր բաժիններ ենք ստեղծում, հետագայում կպարզվի՝ աշխատակիցները կկրճատվե՞ն, թե՞ կտեղափոխվեն այլ աշխատանքի: Ինչ վերաբերում է աշխատակազմի ղեկավարին, ես նրան առաջարկել եմ դիմում գրի՝ աշխատանքից ազատվի, քանի որ ես նոր եմ ընտրվել եւ իրավունք ունեմ իմ աշխատակազմի ղեկավարն ունենալ, ինքը չի համաձայնել ու մինչեւ հիմա աշխատում է»: Այն հարցին, թե որքանո՞վ է նպատակահարմար 15 մլն դրամ արժեցող ծրագրի իրագործումը, Ա. Հակոբջանյանն ասաց. «Կարող ա՞ էդ 15 միլիոնը մեր տուն եմ տանում, էլի համայնքի ժողովրդի համար է: Ես կամայական ոչ մի կրճատում չեմ անի, բոլորը կհիմնավորեմ: Քաղաքապետարանում ընդամենը 2 բաժին է գործում՝ կառավարման եւ կազմակերպչական, եւ բոլորին 1 բաժնում պահելը ճիշտ չէ, քանի որ մինչ օրս չունենք կրթության, քաղաքաշինության բաժիններ: Քաղաքում լրիվ քաոս է, մայթերին են կառուցապատումներ արել, ի՞նչ է, նոր բաժին ստեղծելը սխա՞լ է»:

Իսկ նախարարությունում տեղի ունեցող քննարկումների վերաբերյալ պարոն Հակոբջանյանն ասաց. «Դեռ պատասխան չենք ստացել: Եթե օրենքով սահմանված կարգով կրճատումից հետո աշխատակիցները կդժգոհեն, իրենց իրավունքն է, ուզում են՝ թող դիմեն հանրապետության նախագահին, ես նրան կպատասխանեմ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել