Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԹԱՐԻՑ» ԽԱԲՎԱԾՆԵՐԸ

Հունվար 24,2009 00:00

\"\"«Սթար» սուպերմարկետների ցանցում զեղչված ներկայացված ապրանքներն իրականում վաճառվում են չզեղչված գնով: \"\"

Հաշվի առնելով այն, որ հատկապես Ամանորի տոներին մեծ քանակությամբ ապրանքներ են սպառվում, «Սթար» սուպերմարկետների ցանցը հայտարարեց, որ, ի շահ սպառողների, գրեթե բոլոր ապրանքատեսակները վաճառվելու են մեծ զեղչերով: Սակայն, ինչպես պարզվեց, դա ընդամենը աչքակապություն է՝ հաճախորդներ գրավելու համար:

Խանութներում շարված ապրանքների վրա նշված է հին գինը եւ ապա նոր՝ իբր զեղչված գինը: Սակայն, գնելով «զեղչված» ապրանքատեսակների շարքից որեւէ մթերք, սպառողն իրականում վճարում է նախկին՝ չզեղչված գինը: Բանն այն է, որ դրամարկղերում տեղադրված համակարգիչներում պահպանվում են նախկին՝ հին գները, եւ հաշվարկն էլ կատարվում է հենց այդ գներով: Դրա վառ ապացույցը դրամարկղերում տրվող կտրոնն է, որի վրա մանրամասն գրված է, թե գնորդը տվյալ օրը ինչ ապրանք է գնել եւ ինչ գնով: Այս մասին «Առավոտը» բազմաթիվ ահազանգեր է ստացել: Սպառողներից ոմանք նկատել էին, որ մեծաքանակ առեւտրի դեպքում իրենք վճարում են նույնքան գումար, որքան նախկինում եւ «զեղչված» գները կտրոնի վրայի գների հետ համեմատելուց հետո պարզել են, որ իրենց պարզապես խաբում են եւ գանձում են այնքան գումար, որքան բոլոր մյուս սուպերմարկետներում, իսկ որոշ դեպքերում նույնիսկ մի բան էլ ավելի: Գուցե ակցիայի առաջին օրերին զեղչեր իրոք եղել են՝ սպառողների վստահությունը շահելու համար, սակայն հետագայում, շահույթներ ստանալու ակնկալիքով, սկսել են կիրառել հին գները:

Համոզվելու համար, որ «Առավոտին» դիմած սպառողների բողոքները համապատասխանում են իրականությանը, 2 օր առաջ «Առավոտը» գնումներ կատարեց Ամիրյան փողոցում գտնվող «Սթար» սուպերմարկետից: Գնեցինք աղցաններ, որոնց գները զեղչված չէին եւ «զեղչված» ապրանքատեսակների շարքից մսի պաշտետ եւ վարսակի փաթիլներ: Խանութի ցուցափեղկում 180 դրամ ներկայացված պաշտետը մենք գնեցինք նախկին գնով՝ 200 դրամով, իսկ վարսակի փաթիլները 325 դրամի փոխարեն՝ 360 դրամով: Գուցե 1 կամ 2 ապրանք գնելու դեպքում այդ 20-30 դրամը էական նշանակություն չունի, բայց «Սթարից» հաճախակի օգտվող եւ մեծաքանակ գնումներ անող մարդիկ յուրաքանչյուր առեւտրի ժամանակ մի քանի հարյուրից մինչեւ մի քանի հազար դրամով խաբվում են:

Փաստորեն, բարի համբավ վայելող «Սթար» սուպերմարկետների ցանցը չարաշահել է սպառողների վստահությունը եւ, համոզված լինելով, որ նրանք ուշադրություն չեն դարձնի կտրոնի բովանդակությանը, մինչ խաբեության «ջրի երես դուրս գալը»՝ շարունակել է նույն սկզբունքով աշխատել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել