Լրահոս
Օրվա լրահոսը

«Չերյոմուխա 7»-ի առեղծվածը

Հունվար 24,2009 00:00

Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովը երկարատեւ դադարից հետո երեկ վերսկսեց իր հրապարակային գործունեությունը եւ լրատվամիջոցներին «մատուցեց» իր հերթական «բացահայտումը»՝ «Չերյոմուխա 7-ի» վերաբերյալ ռուսական փորձագետների կողմից կատարված փորձագիտական ուսումնասիրության արդյունքները:

Իսկ այն, ինչ պարզվեց այդ «բացահայտումից», արդեն բոլորին էր հայտնի, եւ Մարդու իրավունքների պաշտպանի բացատրությամբ՝ մարդիկ պարզ, շատ հստակ ասել են, որ եթե այդ չարաբաստիկ «Չերյոմուխան» գործածվի դիմահար, ապա կսպանի մարդուն, ինչը եւ եղել է մարտի 1-ի զոհերից 3-ի դեպքում: Ռուս փորձագետների այս «բացահայտումը» կարծես հնարավորություն է տալիս պարզելու, թե 10 զոհերից 3-ին ով կամ ովքեր են սպանել՝ սխալ կիրառելով «Չերյոմուխա 7-ը»: Մինչ այժմ հատուկ քննչական ծառայությունը եւ դատախազությունը հայտարարում էին, որ հնարավոր չէ նույնականացնել «Չերյոմուխա 7»-ի հրացաններն ու գազային փամփուշտները: Մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը երեկ հրապարակեց ՌԴ «Հատուկ տեխնիկա եւ կապ» փորձագիտական կենտրոնի պատասխանները, որ տրվել էին Հատուկ քննչական խմբի ուղարկած հարցերին: Կենտրոնը մանրամասն պատասխանել էր ՀՔԾ-ին հետաքրքրող բոլոր հարցերին, իսկ նույնականացման հնարավորության վերաբերյալ գրել էր. «Մեր կենտրոնն իրավասու չէ անցկացնել ձգաբանական փորձաքննություն եւ չունի տեղեկատվություն տվյալ տեսակի փամփուշտների եւ զենքի նույնականացման մեթոդիկայի վերաբերյալ: Նշված հարցով նպատակահարմար ենք գտնում դիմել ՌԴ ՆԳՆ փորձաքրեագիտական կենտրոն»: ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը, ով մինչ կներկայացներ պատճառները, թե ինչու է ինքը դատախազության նամակը տարել Մոսկվա, նախ հայտարարեց, որ եթե մամուլում տեղեկություններ կան, որ ինքը Մոսկվա է գործուղվել հանձնաժողովի կողմից, ուրեմն հանձնաժողովը պարտավոր է իրեն գործուղման գումար տրամադրել, իր ասելով՝ մոտ $3000, քանի որ ինքը հենց այդքան է ծախսել: Արամ Կարապետյանը նկատեց՝ «ինչքան էլ մերոնք աշխատել են, որ նման պատասխան չտրվի, կենտրոնի փորձագետը պատասխանատվություն չի վերցրել եւ ուղղորդել է, թե ուր կարելի է դիմել»:

Ի դեպ, մինչ այժմ դատախազությունն ասում էր, որ զոհեր եղել են, քանի որ հատուկ միջոցները ժամկետանց են եղել: Ռուսական կենտրոնի պատասխանը կարծես ամեն ինչ դրեց տեղը. «Պահպանման թույլատրելի ժամկետներն անցնելու դեպքում «Չերյոմուխա 7» եւ «Չերյոմուխա 7-Մ» տեսակի գազային նռնակներով փամփուշտների մոտ կարող է տեղի ունենալ տեխնիկական բնութագրերի փոփոխություն, արցունքաբեր ծխի արձակման նվազում, գազային նռնակի թռիչքի առավելագույն հեռավորության նվազում, փամփուշտի չօգտագործում՝ հրապատիճի խափանման պատճառով:

Ժամկետանց «Չերյոմուխա 7»-ի եւ «Չերյոմուխա 7-Մ» գազային փամփուշտների կիրառումը մարդկանց դեմ վնաս չի պատճառի մարդկանց կյանքին եւ առողջությանը»: Ուրեմն, ինչի՞ց են զոհվել մարդիկ: Հանձնաժողովի անդամ Նաիրա Զոհրաբյանի հարցը հնչեց այսպես. «Բայց հակասություն կա. այդ դեպքում ինչի՞ց են մահացել մարդիկ»: ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը բացատրեց. «Գազից չեն մեռել, մարդկանց գլխի մեջ է մտել նռնակը»: Իմիջիայլոց, երեկ հրապարակվեց նաեւ, թե որքան ժամկետանց են եղել մարտի 1-ին գործածված «Չերյոմուխաները»: Մեր հանրապետություն, ըստ հանձնաժողովի նախագահի հայտարարության, 1986-1987թթ. ի վեր «Չերյոմուխա» չի ներմուծվել:

Ռուսական պատասխանում հստակ նշված է, որ «Չերյոմուխա 7 »-ի եւ «Չերյոմուխա 7-Մ» գազային նռնակներով փամփուշտների կիրառման ժամանակ արգելվում է անմիջապես մարդու վրա կրակելը: Կրակը կարող է արձակվել տեղանքում գտնվող օբյեկտների վրա: Մարտի 1-ի զոհերից երեքի գլուխներին կրակվել է «Չերյոմուխա-7»-ից:

Սամվել Նիկոյանը հայտնեց, որ ՌԴ ՆԳ փոխնախարարին ուղղված իրենց նամակի պատասխանը դեռեւս պատրաստ չէ: Արամ Կարապետյանն առաջարկեց, որ ռուսական կողմից դատախազությանը տված հասցեով՝ ՌԴ ՆԳՆ փորձաքրեագիտական կենտրոնին դիմի հենց հանձնաժողովը՝ խնդրելով օգնել նույնականացման հարցում: Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը տեղից հոգոց հանեց. «Չե՞նք կարող այնպիսի մի տեղ ուղարկել փորձաքննության, որ մեր իշխանությունը չհասցնի խոչընդոտել»: Դաշնակցական Արծվիկ Մինասյանն էլ հիշեցրեց, որ հանձնաժողովը չունի զոհերի մարմիններից հանված կարաբինները, դրանք քննչական մարմնի մոտ են, պետք է դիմել քննչական խմբի ղեկավարին եւ դատախազին: Որոշվեց, որ առաջիկա երկուշաբթի հանձնաժողովը նամակը կպատրաստի, կուղարկի դատախազություն եւ ՀՔԾ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել