Հիմա ՀՀ կառավարությունը ակնկալում է թեկուզ $250 միլիոն
Երբ անցյալ տարեվերջին հայաստանյան ընդդիմությունը մեղադրում էր հայրենի իշխանություններին խոցելի տնտեսություն ունեցող մեր երկրում համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքները մեղմելուն միտված քայլեր չանելու, այդ ճգնաժամի վտանգավորության աստիճանը չգիտակցելու համար, իշխանությունն ու վարչապետ Տիգրան Սարգսյանն ասում էին, թե Հայաստանում ճգնաժամ չկա, մեր տնտեսությունը կայուն է, իսկ նրանք, ովքեր խոսում են ՀՀ-ում տնտեսական ճգնաժամի կամ դրա հետեւանքների վտանգավորության մասին՝ չարախոսներ են: Ու թեեւ ՀՀ-ում այդ ճգնաժամը կար դեռ հոկտեմբերին, ինչն արտահայտվել էր ինչպես դրսից փոխանցվող տրանսֆերտների կամ ներդրումների նվազման, այնպես էլ տնտեսության համար կարեւոր նշանակություն ունեցող եւ եկամուտներ ապահովող ընկերությունների փակման եւ աշխատատեղերի կրճատման տեսքով, բայց ՀՀ կառավարությունն այդպես էլ ճգնաժամը մեղմելուն ուղղված որեւէ քայլ չարեց: Որպես իշխանությունների անգործության դրսեւորում՝ ընդդիմությունը շեշտեց 2009թ. բյուջեն փոփոխությունների չենթարկելը, հարկային բեռը չթեթեւացնելը եւ այլն: Միայն ամիսներ անց ՀՀ կառավարությունը դռնեդուռ ընկած ու արդեն ստիպված դիմում է ՀԲ-ին, Ռուսաստանին, Չինաստանին, անգամ ԱՊՀ երկրներին՝ «Հայաստանում ֆինանսական ճգնաժամի հետեւանքները մեղմելու համար կայունացման վարկ ստանալու խնդրանքով»:
ՌԴ-ից այդպիսի վարկ ստանալու հարցով սկսված բանակցությունների փաստը հունվարի 22-ին հաստատել էր այդ երկրի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը՝ չմանրամասնելով ո՛չ վարկի գումարի չափը եւ ո՛չ էլ այն ստանալու պայմանները: Երեկ այդ փաստը Reuters գործակալությանը տված հարցազրույցում հաստատել է նաեւ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նախարարի ասելով՝ ստացվելիք միջոցներն ուղղվելու են, մասնավորապես, փոքր եւ միջին բիզնեսին օժանդակելուն:
«Առավոտի» տեղեկություններով, հայկական կողմը ՌԴ-ից նախ $2 մլրդ ստանալու ակնկալիք է ունեցել, բայց երբ ռուսական կողմը հայտարարել էր, որ այդքան գումար ՀՀ-ին չի տա, մերոնց ախորժակը դարձել էր ավելի համեստ՝ $1 մլրդ: Կրեմլից ինչ-որ մեկը պաշտոնական Երեւանին ակնարկել էր ընդամենը $170 մլն տրամադրելու հնարավորության մասին: Մեր աղբյուրների ասելով՝ կողմերի միջեւ սակարկությունների արդյունքում, կարծես թե, հաջողվել է գումարը մի քիչ էլ ավելացնել՝ կանգ առնելով $250 մլն-ի վրա:
Հայաստանյան փորձագետներից երկուսը, որոնց հետ մենք զրուցեցինք, «կայունացման» վարկ ստանալու ՀՀ կառավարության խնդրագիրը անխուսափելի, բայցեւ վտանգավոր համարեցին: Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, ՀՀ առաջին նախագահի՝ տնտեսական հարցերով խորհրդական Վահագն Խաչատրյանը նախ կարծիք հայտնեց, որ այդ գումարները հարկավոր են եղել ներդրումներ անելու, գործազրկությունը մեղմելու, նաեւ՝ աղետի գոտու շինարարությանն ուղղելու համար, որովհետեւ մեր բյուջեն դրա համար միջոցներ չունի: «Խոշոր հաշվով, այդ գումարներն այսպես, թե այնպես ուղղվելու են բյուջեի բացը փակելու համար: Ի սկզբանե պարզ էր, որ 2008թ. համեմատ՝ 2009-ի բյուջեի ավելացումը շուրջ 940 մլրդ դրամով, այն էլ՝ այս ճգնաժամի պայմաններում, մեր իշխանությունը հեշտությամբ չէր մարսելու»,- նկատեց Վ. Խաչատրյանը:
«Պոլիտէկոնոմիկա» հ/կ նախագահ, վերլուծաբան Անդրանիկ Թեւանյանը մեզ հետ զրույցում տարակուսանք հայտնեց ՀՀ իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության վերաբերյալ. «Եթե կառավարությունը հույսը դնում է վարկային միջոցների վրա, ապա ինչո՞ւ է նախորդ տարվա համեմատ 2009-ի համար ավելի մեծ չափի բյուջե ընդունել: Այսինքն՝ ծախսային այն ծրագրերը, որի մասին կառավարությունը հայտարարել է՝ տնտեսական աշխուժություն առաջացնելու համար, թող աներ բյուջեի հաշվին, իսկ եթե հույսը դրել է վարկ ստանալու վրա, ապա ակնհայտ է, որ այդ բյուջեն պետք է կրճատել՝ սեկվեստրի ենթարկել, եւ բիզնեսի վրա դրված հարկային բեռը թեթեւացնել: Կառավարությունը հիմա հակառակ բանն է անում՝ 2008-ի համեմատ մոտ $700 միլիոնով ավելի բյուջե է ընդունում, ավելացնում է հարկային բեռը, հետո պարզվում է, որ այդ բյուջեում ոչ մի էական, ծախսային լուրջ քաղաքականություն, որը կարող է անդրադառնալ տնտեսության աշխուժացման վրա, նախատեսված չէ: Կառավարությունն այդ ծրագրերն ուզում է իրականացնել վարկային միջոցների հաշվին: Բյուջեն, փաստորեն, մի կողմից օգտագործվելու է որպես հարկային մահակ՝ վերջնական նպատակ ունենալով սեփականության վերաբաշխումը, մյուս կողմից էլ՝ քանի որ կառավարությունը հասկանում է, որ տնտեսության մեջ ռեալ ճգնաժամ կա, դա ուզում է հաղթահարել մեր բոլորի հաշվին՝ պետական վարկ վերցնելով: Այդ վարկը վաղը մեր պետությունը, մենք ենք մարելու: Իրենք այսօր իշխանության են եւ ուզում են այդ վարկային միջոցներն ուղղել երկրում սոցիալական դժգոհությունները մեղմելու համար, բայց չեն ուզում բյուջեն կրճատել ու հարձակվել են բիզնեսի վրա: Խոսքը ե՛ւ մեծ ու միջին, ե՛ւ խոշոր բիզնեսի մասին է»:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հունվարի 22-ին, անդրադառնալով Ռուսաստանից վարկ ստանալու հնարավորությանն ու դրա հեռանկարին, շտապել էր հավաստիացնել, թե դա զուտ տնտեսական հարց է եւ քաղաքական ենթատեքստ չունի:
«Ռուսաստանն ինքն է այդ ճգնաժամից ահռելի վնասներ կրում, ինքը տնտեսության մեջ մեծ խնդիրներ ունի, այդ թվում՝ սոցիալական: Պարզ է, որ նման գումարներ ստանալը ՌԴ-ից ռեալ չէ: Բացի այդ, պետք է տեսնել, թե դա քաղաքական ի՞նչ գին է ունենալու: ՌԴ-ի հետ մեր յուրաքանչյուր գործարք, որպես կանոն, շատ ծանր գին է ունենում: Կարծում եմ, որ հերթական անգամ, որպես երաշխիք կամ գրավ, սեղանին դրվելու է Հայաստանը, որովհետեւ մենք այլեւս այլ՝ նյութական արժեք չունենք, թերեւս միայն Որոտանի կասկադը մնացած լինի»,- նկատեց Վ. Խաչատրյանը:
Ա. Թեւանյանի համոզմամբ՝ ՌԴ-ից վարկ ստանալը ունի ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական ենթատեքստ. «Բանն այն է, որ դեպի երկիր ներհոսող տարադրամային ծավալները պակասում են, եւ 2009-ին, ենթադրվում է, դրանք ավելի են նվազելու: Խոսքը ե՛ւ մասնավոր տրանսֆերտներին է վերաբերում, ե՛ւ այն գումարներին, որոնք գալիս էին մասնավոր սեկտորի միջոցով եւ այստեղ ներդրվում էին շինարարության եւ այլ բիզնեսներում: Հիմա, քանի որ համընդհանուր ճգնաժամ է, դրանք նաեւ ՌԴ-ում են պակասելու, ՀՀ կառավարությունը որպեսզի կարողանա ծախսային քաղաքականություն վարել, փորձում է վարկերի միջոցով փակել այն բացը, որն առաջանալու է դոլարային ներհոսքի պակասի արդյունքում»:
Փորձագետը չբացառեց, որ այդ վարկային միջոցներն ուղղվեն արտաքին պահոցների համալրմանը: Ըստ նրա՝ «դրամի փոխարժեքը, որ մեր երկրում ավելի քան 1 տարի պահվում է 300-310-ի սահմաններում, արվում է մեր պետական պահոցների հաշվին, եւ այս տարվա կտրվածքով մենք արդեն ունենք ավելի քան $100 մլն-ի ռեսուրսի ներդրում շուկայում՝ այդ փոխարժեքը կայուն պահելու, կայունության պատրանք ստեղծելու համար: Երեւի ակնկալվում է, որ այդ վարկային ռեսուրսների մի մասը հետագայում կուղղեն այդ պահոցների համալրմանը, որոնք այսօր արդեն իսկ վատնվել են: Կարելի է ասել, որ տնտեսական քաղաքականության առումով ՀՀ իշխանությունները վա-բանկ են գնացել: Եթե այդ վարկը չլինի, վաղը կարող է պարզվել, որ մեր պահոցների առումով եւ ներմուծում-արտահանում համակարգում մենք բավականին վտանգավոր սահմանագծի ենք հասել: Եթե վարկ չլինի, հնարավոր է, որ մեզ մոտ լինի հայկական դրամի թռիչքային արժեզրկում»: