Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոդայիկ է ամեն ինչ բարդել Քոչարյանի վրա»

Հունվար 24,2009 00:00

\"\"ԱԺ նախկին նախագահ, անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը վստահ է, որ «բարդելով» հարցը չի լուծվում

– Այսօր գնահատականներ են հնչում, որ ստեղծված իրավիճակում հավասարաչափ մեղավոր են ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը, քանի որ իրենց պահվածքով խանգարում են Ղարաբաղի հարցի կարգավորմանը:

– Հեշտ է նկատել, որ Ղարաբաղի հետ կապված այս խնդիրը երկուստեք շահարկվում է: Իհարկե, ինչքան Հայաստանում կայուն իրավիճակ լինի, ժողովրդավարությունը բարձր մակարդակի վրա լինի, այնքան մեր դիրքերն ամուր կլինեն ԼՂՀ եւ ցանկացած խնդրի հետ կապված:

– Դուք համաձա՞յն եք, որ մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչ փչացրեց եւ այսպես թողեց իշխանությունը:

– Իհարկե՝ ոչ, ես վստահ եմ, որ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլեւ՝ որեւէ բանական էակ չէր ցանկանա, որ նման բան տեղի ունենար: Բայց հիմա մոդայիկ է ամեն ինչ բարդել Ռոբերտ Քոչարյանի վրա, որովհետեւ ինքն այլեւս երկրի նախագահը չէ:

– Իսկ ո՞ւմ վրա «բարդել»:

– «Բարդելով» հարցերը չեն լուծվում: Պետք է իրական պատճառները բացահայտել եւ դրանք շտկել: Քանի դեռ դա չի արվել, անկախ անձերից, նման իրավիճակներ կարող են ստեղծվել: Կյանքն ապացուցել է, որ դժգոհություններ, ընդվզումներ ու բողոքի ցույցեր կարող են տեղի ունենալ ավելի բարեկեցիկ երկրներում եւս՝ Հունգարիա, Հունաստան, Լատվիա, Ֆրանսիա, Լիտվա եւ այլն: Այլ բան է, թե ինչ է լինում հետո:

– Իսկ մեզանում ի՞նչ է լինում հետո, որո՞նք են այս վիճակի իրական պատճառներն ըստ Ձեզ:

– Տգիտությունը եւ գավառամտությունը, երբ մարդիկ իրենց քթից այն կողմ չեն տեսնում, երբ ատելությունը, սադրանքները, կեղծիքը, հերյուրանքն ու բանսարկությունը դառնում են քաղաքական ասպարեզի հիմնական գործիքները, երբ զենք են դարձնում երեսպաշտությունը՝ փորձելով բացատրել ամեն ինչ: Եթե այս ամենը չշտկվի, Հայաստանը դարձյալ նման վտանգի առաջ կկանգնի: Իհարկե, մարտի 1-2-ի ցնցումը շատ մեծ էր, բայց արդեն տեղի է ունեցել այդ ողբերգական իրադարձությունը, ուրեմն մեկ բան է պահանջվում՝ սթափ գնահատել իրավիճակը եւ շտկել այն:

Հ. Գ. Հարցազրույցի սկիզբը՝ «Առավոտ»-ի հունվարի 22-ի համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել