«Առավոտի» հունվարի 15-ի համարում անդրադարձել էինք Կոտայքի մարզի Հատիս գյուղի բնակիչ, ՀՀՇ անդամ Խաչիկ Մարտիրոսյանի՝ «Մարտի 1»-ի գործով մարտի 8-ին տված ցուցմունքին, որտեղ ասել էր, թե Աբովյանից ավտոբուսով իրենց կուսակցության անդամներին եւ համակիրներին Ազատության հրապարակ՝ հանրահավաքի են տարել. «Երբեմն ավտոբուսի փոխադրավարձը տվել եմ ես՝ իմ միջոցների հաշվին, սակայն գլխավորապես այն տվել է Գրիգոր Ոսկերչյանը՝ ինչպես անձամբ, այնպես էլ իմ միջոցով: Աբովյան քաղաքից հանրահավաքի մեկնող յուրաքանչյուր անձի որպես փոխադրավարձ տվել ենք 200 դրամ Երեւան գնալու եւ 200 դրամ էլ՝ Աբովյան վերադառնալու համար»: Ըստ գործի նյութերի՝ հունիսի 27-ին Ոսկերչյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին էր ուղարկել Խաչիկ Մարտիրոսյանի փոստով ստացված հայտարարությունը: «Հայտնում եմ ձեզ, որ 2008-ի մարտի 8-ին, ժամը 14-ի սահմաններում, ինձ զանգահարել եւ կանչել են ՀՀ ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղ նախնական հարցաքննվել եւ պահվել եմ մինչեւ ժամը 20-ի սահմանները, որտեղից ինձ եւ Գրիգոր Ոսկերչյանին նույն մեքենայով տեղափոխել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ Հատուկ քննչական ծառայություն: Ինձ տարել են ՀՔԾ-ի պետի առանձնասենյակ, որտեղ եղել են 5 կամ 6 մարդ: Նրանք սկսել են հայհոյանքներ տեղալ իմ, շարժման ղեկավարների հասցեին: Սկսել են ինձ հրմշտել: Այդ պրոցեսը տեւել է, ըստ իս, մոտ 10 րոպե: Հետո ինձ տարել են այդ սենյակի դիմացի սենյակը, որտեղ ներս է խուժել այդ կաբինետի մարդկանցից մեկը եւ հրմշտելով, թեթեւակի հարվածելով, սկսել է հայհոյել ինձ, Լեւոն Տեր-Պետրոսյանին, սպառնալիքներով եւ այլ հոգեբանական ճնշումներով: Դրանից հետո ինձ տարել են 6-րդ հարկ՝ քննիչ Թադեւոսյանի առանձնասենյակ, որտեղ սկսել են ինձ հարցաքննել: Հարցաքննության ժամանակ անընդհատ առանձնասենյակ են մտել այդ մարդիկ, որոնք սկսել են սպառնալ: Այդ պայմաններում ես չգիտեմ, թե ինչ եմ այնտեղ ասել: Ես ոնց որ օդում լինեի եւ ոչինչ չէի գիտակցում: Գիշերվա ժամը 3-ի սահմաններում ինձ դատախազությունից բաց են թողել, եւ ես այդ պահին նոր իմացել եմ, որ ինձ հարցաքննել են որպես վկա»: Դրանից հետո Խաչիկ Մարտիրոսյանն ապրիլի 25-ին մեկնել էր հանրապետությունից: